Jul 07, 2015 10:33
Առավոտյան հովին, վարսավիրանոցում չնայած մազերս տարօրինակ շատ բաց գույն էին ներկել, որոշեցի չնեղվել, որովհետև... ահավոր երկար էին: Երազները, որտեղ մազերս երկարած են՝ ամնիստիայով են: Բայց սա կարիք էլ չուներ ներման: Պարզվեց փառատոնի վերջին օրն է ու ես մրցանակներ եմ հանձնում:
Հայ լրագրողներից ինչ-որ տեխնիկական խնդիր ունեին նկարահանման, դադար եղավ, ու ինձ խնդրեցին պատմել, թե ինչպես եմ դարձել հիմնադրամի նախագահ: Զարմացա իհարկե՝ ես գիտեի մազերիս պատվին եմ մրցանակներ հանձնում, պարզվեց հիմնադրամ էլ ունեմ.. Անունն էլ՝ մի երկար ախմախություն: Խլուրդ չէ, բայց նման ու միջազգային անհասկանալի հնչողության ախմախություն:
Հիմա ասում են՝ դե, քանի որ դադար է,, պատմի հիմնադրամի հիմնադրման մասին: Դե, ես էլ պատմում եմ... հո չեմ ասելու՝ լիքը փող ունեի, որոշեցի մի մասը հիմնադրամ անել... Ասում եմ՝ վատ կամերայով, հինգ րոպեանոց կարճ ֆիլմ նկարեցի, վավերագրական /դե ես սիրում եմ վավերագրական ֆիլմեր/, ուղարկեցի մրցույթի, սա ֆուռոր արեց, հաղթեց... Ես էլ անակնկալից մրցանակով որոշեցի հիմնադրամ... /դե՝ մնացածը կինոյական է՝ որպեսզի սկսնակ, տաղանդավոր ռեժիսորներին... /:
Էլ չպատմեմ, որ երբ տեխնիկան սարքեցին, լույսերը էլի միացրեցին, կողքիս մարդը մրցանակը ուսին գցելու ժապավենի հետ /ասեմ՝ դիզայնը անկապ էր/ տվեց ինձ, սկսեցի փնտրել՝ չեմ գտնում անունը, որ հայտարարեմ: Բոլորս փնտրում ենք՝ ֆիլմի անունը կա, ումը՝ չկա...
Ամոթ էր միտեսակ: Բեմի վրա, անպատրաստ...
Արթնացա, դեռ որոշ ժամանակ ամաչում էի: Բայց դրանից չէ, ելքը գտել էի՝ ֆիլմի անունը հայտարարեցի, ամբողջ թիմին հրավիրեցի: Հետո ինքնաթիռից ուշացա... Հետո Հայաստանից գնացած սփյուռք դարձած հայի հետ էի խոսում օդանավակայանի ներքին այգում... Նորմալ էր ամբողջական սցենարը, դժգոհ չեմ:
Բայց որ ես կարող էի ֆիլմ նկարել ու չեմ արել՝ ամաչեցի...:
Չարած բաները ամաչեցնում են: )
postmodern,
երազ,
եսիմ,
fizi-logus