Ընդտնական. կատվիկներ

Jul 28, 2013 12:11


... մի կատվին գզած էինք գտել, դե` պահեցինք, ձագ էր, կսատկեր:

Ինչ իմանայինք, որ աղջիկ է ու խանդոտ: Այսինքն` խանդոտ ողջ աղջկականությամբ, թե չէ` մեկ է, պիտի պահեինք: Հիմա մտածում եմ` շատ հետաքրքիր կատու էր, ուղղակի այն ժամանակ ոչ դեռ փոքր էի, ոչ էլ արդեն մեծ, որ ավելի շատ ուշադիր լինեի... դե` աղջիկներով, ձեռքի հետ, իրար կողքով անցնելիս...


Սա շատ սիրում էր նայել, թե ինչպես եմ սանրվում: Այն ժամանակ մազերս շատ երկար էին` կարճ փեշիս չէին հասնում, բայց շալավարով` դիմացից կերևային... Սա նայում, նայում էր ու անպայման պիտի թռներ, կախվեր մազերիցս, ճոճվեր ու դուրս վազեր, որ չբռնեի: Կամ երկար մազ ունենալ էր երազում, կամ էլ ճոճանակ...  Չիմացա:

Մի անգամ էլ մի սպիտակ ձագ նվիրեցին, սրան էլ տուն բերեցին: Դե` նվեր կատուն ձի չէ, որ ատամներին չնայեինք, ուշադիր նայեցինք... չորսից շատ չգտանք: Երևի աչքերը նոր էին բացվել, խոշոր ձագ էր, էն երկու ամսականի չափ համարյա, բայց ձնագնդիկի պես, չձևավորված, էլի:

Աղջիկը սկսեց սրան թունդ խանդել: Գողանում էր, տանում ավելին անհասանելի տեղ` բազմոցի անկյունը ու սկսում... չգիտեմ ինչ անել, սա սկսում էր լացել: Բարկանում էինք մեծի վրա, նեղանում, դուրս էր վազում, սրան հանում էինք արանքներից: Դուրս էր գալիս շորորուն, ոչ լացած, ոչ նեղացած տեսքով` գնդիկ, էլի:

Անմեղ տեսքին պետք չէր խաբվել, մտածող գնդիկ էր: Տանը շատ ցածր աթոռակներ ունեինք, որ պապաս էր սարքել... կամ` մամաս... տան պուճուրների համար, որ նստեինք բակում ու թեթև լիներ, մենք էլ կարողանայինք ներսուդուրս տանել: Սա բարձրանում էր այս աթոռի վրա ու սպասում:

Սկզբում չէինք հասկանում, թե ինչ է ցցվել աթոռի վրա անշարժ: Հետո պարզվեց ամբողջ խորամանկ պլանը. Քանի որ ծեծել-մեծել-կծել... չէր կարողանում, գնահատել էր իր բոլոր թույլ կողմերը, գտել առավելությունը ու օգտագործում էր: Կանգնում էր այնքան, որ մեծ փիսոն կողքով անցնի: Հենց պիտի անցներ, իր ամբողջ գնդլ, կլոր մարմնով` թըմմփ, ընկնում էր վրան: Ճիշտ է դրանից հետո նա սրան էլի քաշում էր բազմոցի տակ, էլի մենք ավել առած սկսում էինք պուճուր փրկել... բայց կաթ ուտելուց հետո  գնդոն էլի կանգնում էր աթոռին ու սպասում...

Մեծեր ու Փոքրեր, ՏՈՒՆ, play-off

Previous post Next post
Up