Ջավախքի Մերենիա գյուղի եկեղեցին վերաօծվեց

Apr 12, 2013 17:19


Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ՝ Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի և տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթև և տեր Տիգրան քահանաների վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:





Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հեռավորությամբ: Հայ բնակչությունն այստեղ տեղափոխվել և վերաբնակվել է 18-րդ դարից սկսած Կարինի Սալնաձոր, Օզնի, Մառզա, Բայբուրդ և այլ գյուղերից: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: Փայտյա տանիքով քարե կառույցը 1899-ի երկրաշարժի ժամանակ փլվում է: Բայց մի քանի տարվա ընթացքում նորից վերակառուցվում է:

Հայ Եկեղեցու օծման կարգով ապրիլի 6-ի երեկոյան կատարվեց նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է՝ Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Պոչիկյանի բարերարությամբ,ովքեր դեռեւս պատանեկության տարիներին երազել են վերանորոգված և գործող տեսնել իրենց պապերի եկեղեցին:

Սրբազան Հայրը բարձր գնահատեց բարերարների աստվածահաճո գործը, փոխանցելով օրհնության գրեր և Աստվածաշունչ մատյաններ:
Տոնի կապակցությամբ եկեղեցու դիմաց կայացավ համերգ, որին իրենց մասնակցությունն էին բերել Մավր Մկրտչյանն ու ընկերները:
Սբ.Աստվածածին եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:

Information source >

javakhk, church

Previous post Next post
Up