Հաճախ են այնպիսի մտքեր հնչում, որ եթե մենք չկռվեինք Իրանի դեմ, այլ կրակապաշտություն ընդունեինք, հետո էլ չկռվեինք արաբների դեմ, այլ իսլամ ընդունեինք, ապա այսօր գոյություն կունենար Մեծ Հայքը… միայն թէ մահմեդական կրոնով: Այս հունով մտածելով գալիս ենք այն երկընտրանքին, թէ ո՞րն է նախընտրելի` փոքրիկ, շրջափակված Քրիստոնյա Հայաստանը, թէ մեծ, հզոր մահմեդական Մեծ Հայքը…
Այս երկընտրանքի շուրջ տարբր սայթերում մի քանի հարյուր էջ քննարկում կա: Սակայն նման երկընտրանք չարժե քննարկել, ոչ միայն այն պատճառով, որ անհնար է “վերականգնել” մամհեդական Մեծ Հայքը, այլ այն պատճառով, որ այդ երկընտրանքը պատմական իրականությունից շատ է հեռու:
Եթե ծովափի ավազի վրա նկարներ գծենք, հետո ծովի մակընթացության ալիքը անցնի դրանց վրայով, ապա նկարները որ թէ պարզապես կդառնան նույն նկարների թրջված տարբերակները, այլ կփոխարինվեն ծովի ջրերի գծած լրիվ այլ նախշերի:
Նմանապես` կրոնը ավելի խոր հասկացություն է, քան ազգը: Երբ որեւե տարածաշրջան նոր կրոնի է անցնում, նրա բնակչությունը “չի ազատվում” միայն կրոնական ատրիբուտիկայի, իրենց սուրբ գրքերի տեքստերի ու վերնագրերի փոփոխությամբ: Նոր կրոնը կարող է փոխել համարյա ամեն ինչ, ներառյալ լեզուն, նիստուկացը, գրականությունը, արվեստը եւ այլն: Ազգերը այդ ընթացքում կարող են տրոհվել նոր ազգերի, տարբեր ազգերի հատվածներից կարող են նոր ազգեր ծնվել, եւ այլն…
Բալկաններում Իսլամի մուտքը ծնունդ տվեց ոչ թէ մահմեդական հույների համայնքին, այլ հելենական որոշ ցեղերի, թուրքերի ու սլվոնների խառնուրդից ստեղծեց ալբանացիներին: Մահմեդականացած սերբերը դարձան բոսնիացիներ: Կամաց-կամաց կրակապաշտության անցած Աղվանքը վերջնականապես ջնջվեց իսլամի անցնելուց հետո: Ասորական Միջագետքը Իսլամ ընդունելուց հետո վերածվեց Իրաքի, որի բնակչությունը հիմա իրարից զատվում է Սուննի կամ Շիա դավանանքի խազով միայն:
Ինչպիսի՞ն կլիներ կրակապաշտության, եւ ապա Իսլամի անցած Մեծ Հայքի պատկերն այսօր: Գոյություն կունենա՞ր այն այսօր որպես մի պետություն կամ գոնե որպես մի ժողովուրդ: Միգուցե հայության տարբեր հատվածները ձուլվա՞ծ կլինեին եւ ծնունդ տված նոր մահմեդական ազգերի:
Օրինակ` Արցախ-Զանգեզուր հատվածում երբեւե մահմեդականության անցած բոլոր հայերը այսօր ուղղակի ազերի են կոչվում, իսկ հայ մնացած բնակչությունը պահպանվել է հիմնականում հավատքի միջոցով: Այսինքն` եթե չլիներ Հայ Եկեղեցին, ապա միգուցե Արեւելկան Հայաստանը ուղղակի “Ադրբեջա՞ն” դառնար, ինչպես Աղվանքը, Շիրվանը, Ատրպատականը եւ այլն:
Այլ օրինակ` Հարավ-արեւմտյան Հայաստանը դեռ 1915 թվից առաջ էլ զգալիօրեն քրդացման պրոցեսին էր ենթակա: Եթե չլիներ հավատքը, միգուցե այսօր գրեթե ողջ Արեւմտյան Հայաստանը “Քրդստա՞ն” լիներ:
Դժվար է գուշակել… Բոլոր դեպքերում, մեր հարեւան ազգերից որ մեկը Իսլամի անցնելով չի պահպանվել որպես ազգ: Այսօր չկան մահմեդական ասորիներ, այլ կան Իրաքի արաբներ: Չկան մահմեդական աղուանացիներ, այլ կան ազերիներ:
Մահեդականացած Մեծ Հայքը երբեք չէր կարող լինել ավելի ուժեղ, քան Օսմանյան կայսրությունը կամ, Իրանը: Ուրեմն` այն անխուսափելիօրեն դատապարտված էր լինելու տարբեր կայսրությունների մաս կազմելու դարեր շարունակ (ինչպես որ կազմել էր դարեր շարունակ նախքան Քրիստոնեություն ընդւնելը):
Իսկ տարբեր կայսրությունների միջեւ բաժանված ազգը միայն մշակութային-կրոնական լծակներով կարող է ինքնապահպանվել: