Գիմնազիա

Sep 27, 2021 14:28

Գերմանիայում տարրական դպրոցից հետո՝ 5-րդ դասարանից սկսած, դպրոցական կրթությունը դառնում է եռաստիճան․ կախված նրանից, թե տարրական դպրոցից ինչ գնահատականներ է երեխան հետը բերում, որոշվում է, թե ինչ տեսակի դպրոց է փոխադրվելու՝ Hauptschule (հիմնական դպրոց), Realschule (պրակտիկ հմտությունների վրա շեշտադրված դպրոց), թե Gymnasium (երկարատև, խորացված կրթություն, որն ավարտվում է Abitur-ով և համալսարան տանող ուղիղ ճանապարհով)։

Abitur-ի համար ուրիշ ճանապարհներ էլ իհարկե կան, որոնք կարելի է Hauptschule և Realschule-ից հետո էլ հաջողացնել, բայց ավելի բարդ է, և բացի դրանից, ամբողջ իմաստը միայն Abitur-ը չի, այլ ընդհանուր կրթության խորությունը, որը գիմնազիան հնարավորինս ապահովում է (եթե էս բառն ընդհանրապես կարելի է օգտագործել հանրային կրթության հարցում)։

Սրա պատճառով շատերն են ուզում, որ իրենց երեխան անպայման գիմնազիա հաճախի, թեև ոչ բոլոր երեխաներն են դիմանում էդպիսի ծանրաբեռնվածությանը․ գիմնազիա տեղափոխված երեխաների մի մասը սովորաբար փոխադրվում է այլ դպրոցներ մինչև 7-րդ դասարանի ավարտը։ Գիմնազիան տևում է մինչև 13-րդ դասարան, այսինքն՝ ավարտականներն արդեն ոչ թե երեխաներ են, այլ 19-20 տարեկան երիտասարդներ։

Ու դե գիմնազիա ընդունվելու համար էլ դեռ պիտի տարրական դպրոցի գնահատականները բավարարեն, բացառության կարգով հնարավոր է նաև քննությամբ ընդունվել։
Գնահատականների համակարգը Գերմանիայում 1-6 բալանի է, որտեղ 1-ը գերազանցն է (համարժեքը՝ A), իսկ 6-ը՝ անբավարարը (F)։ Գիմնազիայի համար անհրաժեշտ է, որը գնահատականների միջին մեծությունը 1,0 - 2,3-ի միջակայքում լինի։
Տարրական դպրոցի վերջին դասարանում ծնողները հաճախ ահագին ճնշում են գործադրում երեխաների վրա (իր բոլոր բացասական ազդեցություններով), որ գնահատականների միջին արժեքը 2,3-ի հասցնեն՝ գիմնազիա ընդունվելու համար։ Մեծ թեմա է էստեղ․․․

Ինչևէ, Սոնյայի մոտ վերջնական պատկերը 1,6 էր, ու դրանով հանգիստ հերիքում էր գիմնազիային։ Մնում էր որոշել, թե ինչ ուղղվածության դպրոց ընտրել։
Երևի ամենատրամաբանականն իր դեպքում լեզվական թեքումով դպրոցի ընտրությունը կլիներ՝ հաշվի առնելով իր լեզվական հակումները։ Զարմանալի է, թե ինչ հեշտությամբ է լեզուներ սովորում (պապայից ժառանգած գանձերից մեկը), արդեն անգլերենն էլ, որն իր չորրորդ լեզուն է, հանգիստ խոսում է, ես կասեի՝ առանց ակցենտի ու սխալների։

Բայց դե հետն էլ մտածում ես՝ ինչի ընտրել մի ուղղություն, ինչն առանց հատուկ ջանքերի էլ մոտը լավ է ստացվում։
Մաթեմն էլ էր իր մոտ միշտ 1,0, ու թեև շատերին հենց մաթեմից էին բալեր պակասում գիմնազիայի համար, ինքը երբևէ խնդիր չէր ունեցել էդ հարցում։ Իսկ այ բնագիտական առարկաները, չնայած որ հետաքրրքում էին իրեն (հատկապես՝ բնագիտական էքսպերիմենտները), երբևէ գերազանց սովորել չէր կարողանում ու շատ նեղվում էր դրանից, որ էդքան փորձում է, էդքան ջանք գործադրում (ինչը լեզուների ու մաթեմի դեպքում էդպես չէր), ու միևնույն է էն արդյունքը չի ստացվում, ինչ ինքն է ուզում։
Ընդհանրապես, «սովորել սովորելը» կարևոր թեմա է, որը հաճախ անտեսվում է կամ որոշակի հստակ ուղղություն պարտադրվում, թե էսպես ենք սովորում ու վերջ (հանրակրթության բացերից մեկը)։ Բայց դե ամեն մարդ էֆեկտիվ սովորելու իր ձևն ունի, որը պիտի քիչ-քիչ բացահայտի ինքնաճանաչման ընթացքում։
Օրինակ՝ ես մինչև հիմա էլ չեմ բացահատել պատմություն սովորում իմ ձևը, ինչքան էլ փորձել եմ ինքնակրթության միջոցով գիտելիքներս լավացնել էդ բնագավառում, էդպես էլ չեմ հասել իմ ուզած արդյունքներին․ չի մնում ինֆորմացիան հիշողությանս մեջ։ Բայց դեռ հույս ունեմ, որ մի օր կբացահատեմ կամ կզարգացնեմ պատմություն սովորելու իմ մեթոդը։

Մի խոսքով, ահագին մտածելուց հետո որոշեցինք Սոնյայի համար բնագիտական ուղղվածությամբ գիմնազիա ընտրել, հատկապես որ ինքն էլ էր հենց էդ գիմնազիան ուզում։ Գիտեինք, որ էնտեղ հիմնականում տղաներ են սովորում, բայց դե ի՞նչ կա որ։ Ի դեպ, գիմնազիայի թեքվածությունը որոշիչ չի հետագա մասնագիտության համար (թեև կարող է ազդեցություն ունենալ ընտրության վրա), Abitur-ը բոլորի համար ընդհանուր է, ու դրանից հետո կարելի է գնալ ցանկացած ուղղությամբ։

Մեր ընտրած գիմնազիան campus հիշեցնող ահագին մեծ տարածք էր՝ տարբեր կառույցներով, լիքը ակտիվություններով ու եռացող ներքին կյանքով։ Տնից էլ շատ հեռու չէր՝ հեծանվով մոտ 10 րոպե։
Հեծանիվը :) Գերմանիայում մինչև 10 տարեկանն է թույլատրվում հետիոտնի ճանապարհով հեծանիվ քշել․ դրանից հետո՝ կամ հեծանվային ճանապարհով, կամ փողոցով։ Ու դրանից առաջ բոլոր երեխաները 4-րդ դասարանում, այսինքն՝ մոտավորապես 10 տարեկանում, դպրոցում հեծանվային ուսուցում են անցնում և քննություն հանձնում՝ ստանալու համար հեծանվի «վարորդական իրավունք», և արդեն կարող են փողոցով քշել :)
Սոնյան էլ ահագին անհանգիստ էր փողոցում քշելու հարցում․ հեծանվային քննությունից թեև չէր կտրվել, բայց շատ բարձր բալեր էլ չէր հավաքել։ Ու էդպես ամառվա ընթացքում ընկերոջս ուղեկցությամբ հեծանվով անցնում էր իր ապագա գիմնազիա տանող ճանապարհը՝ բոլոր փողոցային տարածքներով, մինչև որ արդեն լավ վարժվեց, ու տագնապներն էլ քիչ-քիչ անցան։

Նոր դպրոց տեղափոխվելու հետ կապված ընդհանրապես ահագին հուզումների մեջ էր, ու մինչև տարեսկիզբը ամեն օր քնելուց առաջ ռիտուալի նման խոսել էր ուզում, թե ոնց ու ինչ կլինի։ Ու էդպես խոսելով հանգստանում, քնում էր։

Առաջին օրը ծնողներին էլ էին հրավիրել «ընդունելության արարողությանը», ես էլ պատրաստվում էի իր հետ գնալ, բայց ինքն էնքան շուտ էր արթնացել ու ամեն ինչ պատրաստել, որ ինձ սպասել այլևս չէր կարող։ Ու էդպես առավոտ կանուխ վերցրեց հեծանիվն ու ճամփա ընկավ, թեև դեռ շատ-շատ շուտ էր։ Ես էլ հետո միացա իրեն դպրոցում։
Դեռ մինչև օրս էլ վաղ առավոտյան է ճամփա ընկնում։ Հավես է, որ դեռ էդպես ոգևորված է։ Ու նաև շատ հավես է էս ամբողջ հուզիչ «ճամփորդությունն» իր հետ միասին անցնելը։

/05.10.21 - թարմացում
Դպրոցում «սովորել սովորելու» թեմայով սեմինարների շարք է սկսվել ծնողների ու երեխաների համար. ի վերջո ոչ միշտ է էս թեման անտեսվում:/





դպրոց, Սոնյա, գերմանական

Previous post Next post
Up