Jan 14, 2018 23:34
Բաներ կան, որ ոչ ոքի երբևէ չեմ ասում․ ոչ էլ գրում եմ դրանց մասին՝ ոչ բաց, ոչ փակ։ Երևի բոլորն էլ ունեն էդպիսի բաներ, կամ չգիտեմ, գուցե կան մարդիկ, որոնք կարող են իրենց հետ եղած կամ իրենց զգացած ամեն ինչի մասին խոսել։ Ես չեմ կարող․ ոչ էլ ուզում եմ կարողանալ։
Կյանքը տարօրինակ է և գնալով ավելի տարօրինակ է դառնում․ մանկությունն էնքան պարզ ու մաքուր էր, պատանեկությունը՝ լի հստակ երազանքներով։ Իսկ հետո սկսվում է իրականությունը։ Շատ անսպասելի կերպով։ Որը միայն մի անուն ունի՝ տարօրինակ։ Ու մենք էլ, որ պատանեկության ժամանակ սովորական ջահելներ էինք, քիչ-քիչ ծանրանում ենք, ամեն մեկս՝ մեր բզիկների գունավոր փնջով։ Հեշտ չի կամ անգամ անհնար՝ էս տարօրինակ կյանքի միջով անցնել ու չտարօրինականալ, չբարդանալ, չբզիկավորվել ու չցնդել, գոնե մի փոքր։ Էլ չասած էն մարդկանց մասին, որ կյանքի ընթացքում լրիվ կոտրվում են՝ վերջնականապես, անվերադարձ։
Գուցե ես էլ կուզեի երբեմն ծնկի իջնել, լինել թույլ, ցույց տալ վնասներս, ընկնել վհատության գիրկը ու ասել՝ հա, էլ ուժ չունեմ, ու հա, ցավում է ինձ։
Բայց ես ինձ արգելել եմ վատ լինել։ Չգիտեմ էլ երբվանից։ Ինչպես որ արգելել եմ խոսել ինձ ցավեցնող հարցերի մասին։ Էդ ամենը միայն իմ մեջ է՝ հավաքած ու մի տեղ կուտակած, ինչը երբեմն քչփորում եմ, փորձում դասավորել մի ձև, հետո նորից հետ ճխտում՝ հաստատ իմանալով, որ ոչ ոքի ցույց չեմ տալու։
Հետո գնում եմ էն աշխարհը, որի մասին գուցե շատերն են լսել, բայց որի իրական դեմքը քչերն են ճանաչում։ Էստեղ աշխատելու համար պիտի ուժեղ լինել։ Մեզ մոտ թիմում մեծամասամբ տղամարդիկ են (տղամարդիկ ավելի ուժե՞ղ են, թե՞ ավելի պնդաճակատ, թե՞ ուղղակի պատահականություն է)․ աշխատելուս երեք ամիսների ընթացքում կանանցից երկուսը դուրս եկան աշխատանքից․ մեկը՝ լրիվ հոգեկան վնասներով, ստացիոնար թերապիայի է հիմա։
Իսկ կոնկրետ իմ տարածքում դեռ ոչ ոք երեք ամսից երկար չի դիմացել․ ես հունվարին անցա երեք ամսվա սահմանը։ Դրա համար ամբողջ համայնքը պայքարում է, որ մնամ իրենց մոտ և չտեղափոխվեմ փետրվարին, ինչպես պլանավորված է։
Ես կարողանում եմ անել էս աշխատանքը։ Ինչո՞ւ։
Իմ ամենօրյա տեսածից հետո ներսիս մի բուռ կծիկն էնքան ճղճիմ է թվում։ Մի՞թե դա ընդհանրապես իրավունք ունի դարդ կոչվելու։ Մարդիկ, որոնք նվվում են իրենց բարձրաշխարհիկ դարդերից, պիտի մի շաբաթով տեսնեն էս ամենը։ Կամ ինչու միայն սա․ աշխարհում, համոզված եմ, դեռ շատ ավելի թունդ տեսարաններ կան։ Իսկ մենք միևնույն է նվվում ենք մեր մատը մտած մի փշից։
Ես անցքեր որոնող եմ։ Անցքեր, որոնցով մարդիկ ներս են սողալու։
Ու անցքեր կարկատող են։ Որոնք իմ ներսում են։