Dec 20, 2017 15:35
Երբ Ֆեյվըրի ձեռքից վերցրեցի բժշկական արձանագրությունները, նախապես գիտեի, որ BAMF ուղարկելու համար է, ուրեմն պիտի կանացի սեռական օրգանների թլպատման մասին լիներ։ Երբեք չէի խոսել իր հետ էդ թեմայով, ու էս անգամ էլ հույս ունեի, որ, ինչպես Ջեմիլաթի դեպքում, Ֆեյվըրի մոտ էլ գրված կլիներ, որ թլպատման նշաններ չկան։ Բայց Ֆեյվըրը կտրտված էր, և ոչ միայն նա, այլև իր վեցամյա աղջիկը։ Ու արձանագրությունը կարդալիս սիրտս կծկվեց, հատկապես երեխայի համար։ Փոքր սեռական շուրթերն ու ծլիկի արտաքին մասը հեռացված էր։
Ընտանիքի պատվի հարցն է․ ամուսնական կյանքում կանանց հավատարմությունն ապահովելու համար պիտի զրկել նրանց սեռական կյանքից հաճույք ստանալու իրավունքից, որ հանկարծ էդ պատճառով աջ ու ձախ չգնան՝ իրենց ընտանիքի պատիվը գետնին տալով։ Ընտանիքը պիտի հոգա նրա մասին, որ իրենց մոտ ծնված յուրաքանչյուր աղջիկ երեխա մինչև սեռական հասունացումը թլպատվի։ Դրանից հետո կենդանի կմնա, թե ոչ, արդեն ուրիշ հարց է․ սա ստերիլ բժշկական միջամտություն չի, այլ հեքիմական հիմունքներով արվող գործողություն, որն անում է ասենք մի հարգված պառավ՝ ձեռքին սովորական ածելի։ Համապատասխան խոշտանգումից հետո շատ աղջիկներ մահանում են արյունահոսությունից կամ տարբեր ինֆեկցիաներից։ Իմ պատկերացմամբ, սա կանանց հանդեպ արվող ամենասարսափելի բաներից մեկն է, ինչ մինչ օրս սովորական երևույթ է Աֆրիկայի ու Ասիայի մի շարք երկրներում։
Ֆեյվըրը պատմեց էդ օրը, որ թլպատվել է շատ փոքր տարիքում ու ոչինչ չի հիշում դրանից, միայն էն գիտի, որ սեռական հարաբերություններում համարյա ոչ մի բան չի զգում։
Նույնն էլ հավանաբար իր աղջկան է սպասվում։
Աֆրիկա,
կանայք,
աշխատանք,
թլպատում