Angry Birds

Dec 12, 2017 11:41

Զայրացած ծիտիկներին երևի շատերը խաղից գիտեն, բայց իրենց մասին մուլտ էլ կա։ Անցյալ տարի եմ նայել. ահագին հետաքրքիր գաղափարախոսություն ուներ։
Զայրանալն ու զայրույթն ամենատարբեր ձևերով արտահայտելը հեչ էլ վատ չի ու նույնիսկ շատ էլ արդյունավետ կարող է լինել։ Էս էր ցույց տալիս մուլտը՝ ուղիղ, թե անուղղակի ձևով։ Ձեռի հետ էլ ծաղրում էր ամեն տեսակի anger management-ներն ու մարդկանց մենակ դրական զգացմունքների/վարքի մեջ պահելու հասարակական կեղծ կապանքները։
Հաճախ եմ մտածում սրա մասին, որովհետև ես ինքս հազվադեպ եմ կարողանում զայրույթ արտահայտել, առավել ևս՝ մի կարգին պայթել․ սովորաբար զայրույթս զսպվում է ու պարպվելու ուրիշ ճանապարհներ գտնում։
Աչքիս առաջ մի վառ տեսարան է՝ ահագին վաղ անցյալից։ Ինձ վրա գոռում են՝ մտքի եկածն ասելով, ու ես էլ եռում եմ մեջս և կարող եմ նույն կերպ էլ հետ գոռալ՝ դեռ մի կարգին շան լափ էլ ինձ վրա ապուշություններ թափողի գլխին լցնելով։ Բայց դրա փոխարեն միայն շրջվում եմ, գնում լոգարան ու փակվում ներսում՝ առանց մի բառ ասելու։
Սա ես եմ՝ իմ ամենօրյա կյանքում, ինչ իրավիճակ էլ լինի։
Երևի սրանով առաջին հերթին ինքս ինձ եմ պաշտպանում՝ լիքը էներգիա ու նյարդեր խնայելով։
Կողքից կարող են անունը դնել հավասարակշռվածություն կամ անտարբերություն կամ ուրիշ մի բան։ Բայց ես գիտեմ, որ հիմքում միայն ինքնապաշտպանությունն է։ Ու կենսական էներգիան խնայելու բնազդը։
Խնայել որտեղ հնարավոր է, որպեսզի լիքը ուժ ունենալ՝ առաջ գնալու։
Չնայած ամեն մարդ իր ձևն ունի առաջ գնալու, և գուցե մեկի համար զայրույթն արտահայտելը նույնքան կենսարար է, որքան մյուսի համար՝ սպառող։

Դե ծիտիկներն էլ, որ իրենց կատաղությունը չէին թաքցնում, լավ էլ հեռու էին թռչում։
Հիշում եմ, որ Սոնյան առանձնապես տպավորված չէր մուլտով, բայց ինձ, որպես մեծահասակ, ահագին դուր էր եկել։ Մեջը մի ձև նուրբ ցինզիմ կար։ Կամ էլ նույնիսկ ոչ էնքան նուրբ :)
Հետն էլ մարդկանց կույր հավատն էր ծաղրի ենթարկվում․ սցենար գրողները պիտի որ ահագին կայֆ տիպեր լինեն։ Հետն էլ մի քիչ զայրացած ;)

զայրույթ

Previous post Next post
Up