Nov 07, 2017 22:34
Թիերնոն սիրահարված է։
Աղջիկը դեռ հոգեբուժական կլինիկայում է, ինքն`արդեն չէ։ Էնտեղ էլ ծանոթացել են։
Գնում է այցելության, հենց ստացվում է։ Օրուգիշեր գրում են իրար։ Թիերնոյի աչքերը փայլում են. կյանքը լցված է Յուլյայով։
- Հիմա գնում եմ մոտը, վաղը կպատմեմ։ Չեմ ուզում Ուտեն իմանա... Չի հասկանում, որ սիրում ենք իրար. ասում է, որ հեռու մնամ իրենից, որովհետև խնդիրներ ունի...
Մի քիչ պաուզայից հետո.
- Կարո՞ղ ենք ամուսնանալ։ Ի՞նչ է պետք դրա համար։
- Ցանկություն,- ժպտում եմ։
- Լուրջ եմ հարցնում։
- Յուլյան դեռ կլինիկայում է, չե՞ս ուզում սպասել, մինչև դուրս գա։
- Ինքն ուզում է, որ ամուսնանանք։
- Իսկ դո՞ւ։
- Ես երեխա եմ ուզում։ Բայց վախենում եմ պրոբլեմներից... Չգիտեմ։ Ես դեռ ոչինչ չունեմ։
- Դու 19 տարեկան ես ու դեռ դպրոց ես գնում։
Ինքն արդեն մատանու գինն էլ գիտի, իսկ թե երբ է Յուլյան դուրս գրվելու կլինիկայից, ցավոք չգիտի։
Բայց դա ի՞նչ կարևոր է։ Թիերնոն սիրահարված է, աչքերը փայլում են, ու կյանքը լցված է Յուլյայով։
մարդիկ