Առանց փորձելու մտքերս իրար կապել ու ամեն ինչ «ճիշտ անել»՝ սիրուն ու կոկիկ գրառում ստանալու ակնկալիքներով: Ազատ, անկապակցված մտքեր...
Երեկոյան Հայաստանից զանգ եկավ շատ անսպասելի: Սովորաբար հիշելուց գրում են, ոչ թե զանգում: Բայց էս անգամ զանգ էր: Ինչքան եմ հետ վարժվել աշխատանքից դուրս հեռախոսազանգերին...
Հավես խոսեցինք: Ասում էր՝ «ինտերնետում ոչ մի ափդեյթ չկա քեզնից, մտածեցի՝ զանգեմ»: Ջերմացնող է, երբ մարդիկ ուղղակի հիշում են քո մասին ու մտածում զանգել, տեսնել՝ ոնց ես: Հենց էնպես:
Զզվում եմ էս էքզիստենցիալ կրիզիսներից, երբ ամեն օր զարթնում ու մտածում ես՝ ինչու է էս ամենը կատարվում՝ առանց պատասխան գտնելու:
Նաև «հասցնել» բառից եմ զզվում… Երբ ամեն ինչ հասցնում ես, բայց ապրելը դառնում է հենց մենակ հասցնել:
Մի լավ ընկեր ունեմ, ով հաճախ ասում է, թե ես իմ ամեն ինչով ավելի գերմանացի եմ, քան ինքը:
Սա՞ պիտի դառնայի: Երբ մեկ էլ կողքից նայում ես քեզ ու մտածում՝ ինչի՞ եմ սա անում, ու ի՞նչ է ընդհանրապես էս ամենը: Իսկ ո՞վ եմ ես:
Գլխումս էնքան մտքեր կան, անպատասխան հարցեր, անավարտ պատմություններ ու լիքը ուրիշ զիբիլ, որոնք մնում են անկյուններում թափրտված՝ որպես անկարևոր տարրեր՝ գլխավոր «հասցնելու» ուղու մեջ չմտնող: Բայց երբ երազներս վառ ու գունավոր են դառնում՝ հստակ ու մանրակրկիտ դետալներով գծագրված, գիտեմ, որ պատճառը «չդասավորված դարակներն» են, որոնց երկար ժամանակ անուշադրության եմ մատնել, ու որոնք հիմա հիշեցնում են իրենց մասին՝ չթողնելով անջատվել անգամ քնած ժամանակ…
Մամաս գովում է, թե տունս շատ հարմարավետ է դարձել: «Էս էլ ես արել, էն էլ ես արել»: «Այգին էլ դու ես լրիվ էտե՞լ, էդքանը ո՞նց ես արել, մի տղամարդ չկա՞ր օգներ»: Դե արի ու բացատրի, որ ինձ տղամարդ (ոչ էլ կին) պետք չի օգնության համար: Ես ոչ մի հարցում ուրիշի հույսին մնալու ցանկություն չունեմ: Մարդկանց ներկայությունն իմ կյանքում միայն փոխադարձ հետաքրքրությամբ ու զգացմունքներով է պայմանավորված և ոչ թե իրարից մի բան ստանալու ակնկալիքներով:
Ինձ սատարողը մարդկանց ջերմությունն ու ուշադրությունն է: Դա միակ «օգնությունն» է, որի կարիքն ունեմ: Ինչպես փոքրիկ հայաստանյան զանգն էր՝ անսպասելի ու իր հոգատարությամբ ուրախացնող:
Հետաքրքիր է, որ ամառներն ուրիշ են անցնում՝ սովորաբար առանց կեցության ու գոյի ճգնաժամերի: Շատ եմ ճամփորդո՞ւմ, ավելի շատ ժամանակ եմ ունենում գրելու-կարդալու համա՞ր, թե ի՞նչ, ինչի՞ց է, որ ամառները հոսում են՝ կյանքով լի ու առանց մեծ հարցականների: Հիմա ինչին ձեռքս գցում եմ, նույն հարցն է գալիս՝ ի՞նչն է սրա իմաստը, ի՞նչ է էս ամենը:
Պատասխանը 42-ն է, հանգստացիր, անցիր առաջ: Ամառներն էլ նորից կգան: Հիմա գնա դարակներդ դասավորիր...
Ու մի հարց էլ, որ ավելի շոշափելի է, կոնկրետ:
Արդյո՞ք մենք ենք մեր տերը: Ու եթե պատասխանն ակնհայտորեն այո է, ինչո՞ւ չպիտի ապրել-չապրելու հարցը լինի մեր ազատ ընտրության իրավունքը: Ինչո՞ւ է պետք ներխուժել մարդու՝ այլևս չապրելու գիտակից որոշման մեջ ու փորձել դա կանխել: Ո՞վ ունի դրա իրավունքը:
Աշխատանքի բերումով հանդիպում են սուիցիդալ դեպքեր, որոնք հնարավոր են լինում կանխել: Ուրախանում ես՝ լավ բան ես արել, փրկել ես մարդու կյանքը: Բայց հետո ինչ-որ պահ գալիս են ուրիշ մտքեր ու կասկածներ: Արդյո՞ք դա մեր գործն է՝ միջամտել էդքան անձնական հարցին, որի համար մարդ ինքն իր առջև է պատասխանատու՝ լինի դա ուղիղ, թե միջնորդավորված ինքնասպանություն (էֆթանազիա):
Էս նկարը վերջերս տպավորվել էր մեջս, գնացի հեղինակի հետքերով և տեսա, որ նկարի՝ մրցանակ ստանալուց առաջ (Pulitzer Prize for Feature Photography)
հեղինակն ինքնասպան էր եղել՝ թողնելով հետևյալ գրությունը.
"I’m really, really sorry. The pain of life overrides the joy to the point that joy does not exist...I am depressed...without phone...money for rent...money for child support...money for debts...money!!!...I am haunted by the vivid memories of killings and corpses and anger and pain...of starving or wounded children, of trigger-happy madmen, often police, of killer executioners...I have gone to join Ken if I am that lucky”.
Ամեն մարդ ինքը գիտի իր ցավը, ու եթե էդ ցավը չզգալու միակ ճանապարհն իր համար չլինելն է, թող գնա իր ընտրած ճանապարհով: