Նոր մեկի վախեցած գրառումը կարդացի, որ «թուղթ ու գիր» է գտել, և նմանատիպ մի դեպք հիշեցի: :)) Պատմությունը մոտ քսան տարվա հնություն ունի: Իննսունականների սկիզբ: Ես մի տասը տարեկան էրեխա: Էն ժամանակ
մեր բակի Գևորիկի հետ թիմային հակամարտության մեջ էինք: Ես մեր թիմի առաջնորդն էի, ինքը՝ իր թիմի: Իսկ թե թիմերը ինչով էին զբաղված, դա հեչ կարևոր չի, ոչ էլ էն է կարոևր, որ էդ թիմերում բացի ինձնից ու իրենից ուրիշ մարդ չկար: Կարևորը էն էր, որ մենք՝ բակի տիտաններս, ժամանակին լավ ընկերներ, հիմա դարձել էինք ախոյաններ: Ու ով ոնց կարող էր մյուսի քթից բերում էր:
Էդ ժամանակ մեր հարևանի տանը մի հին տիկնիկ կար, էն որ լինում են մեբելների վրա նստող, գլխներին՝ շլյապա, ձեռքերին՝ թիթիզ ձեռնոցներ: Շատ հին բան եմ ասում, հիմա էդպիսի ֆինտիֆլյուշկաներ չկան, բայց դե ես անտիկ եմ, իմ օրոք դեռ էդ կուկլաները դեռ ապրում էի: Մի խոսքով, էդ տիկնիկը արդեն իր դարը ապրել էր, ու ոչ ոքի պետքը չէր: Ես էլ, մտքիս մի բան պահելով, խնդրեցի մեր հարևան Ժենիկ տոտային, որը ի դեպ Գևորիկի մաման էր, էդ տիկնիկը ինձ տալ: Սա էլ վերցրեց ու տվեց:Հիմա կկարծեք, թե տուն տունիկ եմ խաղացել: Բա չէ՜ մի: Ես գազօջախը միացրեցի ու էդ մաշված տիկնոջը մի լավ խոշտանգեցի: Հետո էլ նախապես վրայից հանած շորերը բառիս բուն իմաստով կապեցի վրան, խանձած մազերն էլ ավելի բզբզեցի ու էդ ամբողջ հրաշքը դրեցի մի սպիտակ կտորի մեջ: Մեջն էլ մի գրություն արեցի, որը բառացիորեն չեմ հիշում, բայց իմաստը էն էր, որ «սևն էկել ա, քեզ տարել. վերջդ մոտ ա»: Ու քցեցի Գևորիկի սենյակի պատուհանի տակ: Նա իմ գրությունը պիտի ստանար հաջորդ օրը ու հասկանար, որ իրեն մարտահրավեր է ուղղված: Դե մաֆիոզները նման դեպքում հոտած ձուկ են իրար ուղարկում, ես էլ խոշտանգված տիկնիկ էի ուղարկել, ինչ վա՞տ էր որ:
Ամեն ինչ ուզածիս պես պիտի լիներ, եթե մոռացած չլինեի, որ էդ շենքում բացի ինձնից ու Գևորիկից ուրիշ մարդիկ էլ են ապրում: Ու մեր հարևան Ստյոպայի պատուհանն էլ հենց Գևորիկի պատուհանի վերևում էր: Մեկ էլ էն եմ իմանում, որ Ստյոպան, որի գործերը վերջերս հեչ լավ չէին, լեղապատառ ներս է ընկնում մեր հարևանի տուն ու ցույց տալիս իր վրա արած «թուղթ ու գիրը»: Դու թուղթ ու գիր մի ասա, մի սարսափ ասա՝ վառած տիկնիկ, վրան էլ՝ սև գրություն: Ստյոպայից «յոպա» էր մնացել: Սաղ շենքով ուշքի էին բերում...