Կրտսեր դպրոցական սարսափներ :)

Jun 09, 2011 14:01

Դպրոցն ինձ համար տեղով մեկ սարսափ էր: Եթե երջանիկ պահեր էլ ունեցել եմ, ապա դրանք եղել են միջին դպրոցական շրջանում: Թե կրտսեր, թե ավագ դպրոցն անտանելի էին: 
Երևի որ մանկապարտեզ գնացած լինեի, դպրոցն ավելի հեշտ տանեի: Իսկ էսպես ձեռքերի վրա պահած, կյանքից բեխաբար էրեխեն մեկ էլ ընկնում է սովետական դպրոց: Սթրես: Էն էլ թե ինչ սթրես:
Մինչև հիմա հուշերիս մեջ մնացել են ցածր դասարաններում ապրածս սարսափները: Գրեմ, բալքիմ պատմելուց հալվեն, մաշվեն, կորչեն գնան...

Առաջին օրը
Էն ժամանակ ով էր մտածում էրեխեքի "separation anxiety"-ների (բաժանման տագնապ) ու նման նուրբ հոգեբանական բաների մասին: Առաջին զանգը հնչեց ու քըրթ, թափով կտրեցին ինձ մամայիցս: Հա, վեց տարեկանում ես արդեն լիքը բաներ գիտեի ու չափերով էլ մի տռուզ մուկ էի, բայց դա դեռ հերիք չէր, որ դպրոցին պատրաստ լինեի... Ես մամայիս մոտ էի ուզում, բայց անծանոթ ծյոծյաները տարան ինձ, ու ես լուռ լաց եղա իմ դառը բախտի վրա: 

Մեր դասվարը
Ընկեր Դ-ն շատ նիհար, պեպենոտ մի կին էր՝ իրարից հեռու ատամներով, «բոքս» արած մազերով ու օծանելիքի ուժեղ հոտով: Լավն այն էր, որ ի տարբերություն ուրիշ ուսուցիչների, ինքը գիտեր ժպտալ, վատն այն էր, որ չափից դուրս էքսցենտրիկ էր: Դասի ժամանակ կարող էր ինչ-որ պատմվածքից (կրտսեր դպրոցական դասագրքի) հուզվել ու սկսել աղեկտուր լաց լինել, հետո էլ մեծ թաշկինակը առած՝ դուրս վազել դասարանից: Ես՝ մի մատ էրէխա, էդպիսի բաներից սարսափահար էի լինում:
Նա համ մաթեմ էր դասավանդում, համ մայրենի լեզու: Բայց մաթեմից հեչ ուժեղ չէր, անգամ ցածր դասարանների մաթեմից: Մեկ-մեկ ասում էր՝ «էս խնդիրը չի լուծվում» և անցնում մյուսին: Ու ես մաթեմ էդպես էլ չսովորեցի, դե թող մեղավորն էլ ընկեր Դ-ն լինի: :)

Կաթը
Մեզ տանում էին բուֆետ ու ստիպում կաթ խմել: Մինչև հիմա հիշում եմ թե բուֆետի հոտը, թե կաթի: Գոլ, զզվելի կաթ էր՝ անդուր բաժակների մեջ: Ես էն ժամանակ դեռ չգիտեի, որ աշխարհում ամեն ինչ էնքան համով չի, ինչքան մեր տանը: Ու առաջին անգամ թափով մի մեծ կում արեցի էդ կաթից: Մի քանի վայրկյան շանթահարվելուց հետո հասկացա, որ ես դա կուլ տվողը չեմ, ու բերանիս ամբողջ պարունակությունը ուղիղ նշանակետով դուրս ցայտեցի դիմացս նստած տղայի դեմքին: Ձայն չհանեց խեղճը... Բայց թրջված հայացքը մինչև հիմա հիշում եմ: :)

Նկարչության ուսուցչուհին
Մեր նկարչության ուսուցչուհին տեղով մեկ սարսափ էր: Գաջած երեսով ու քառակուսի մարմնով, անհայտ տարիքի այդ կնոջ դեմքին ոչ մի միմիկա չէր շարժվում: Մուգ ներկած շուրթերը միշտ սեղմված էին: Ինքը մեզ ինչ-որ բարդ հանձնարարություններ էր տալիս, որոնք հիմա ոնց մտածում եմ էդ տարիքի էրեխեքի խելքի բանը չէր: Ու հետն էլ մեծական դասախոսություններ էր կարդում, որոնցից բան չէինք հասկանում: Մի խոսքով, էդ կինը ոչ մի կերպ չէր ընկալում, որ ինքը կրտսեր դպրոցում է: Գուցե ինքը չէր էլ ուզում էտեղ լինել, դրա համար էլ էդքան չարն էր: Մի անգամ հետևիս նստած տղան ինչ-որ բան էր ուզում հարցնել ինձնից, հետ շրջվեցի, ու էդ պահին դասատուն մատը տնկեց վրաս.
- Համարդ:
- Քսանմեկ...
- Նստիր, 1 ես ստանում:
Խփնված շան որդի... Ես՝ օրիորդ գերազանցիկս, որ տեղում կաթվածահար լինեի, դո՞ւ էիր պատասխան տալու:

Ֆիզկուլտուրայի դասերը
Էն գլխից դանդալոշ եմ եղել: Ի՜նչ վազել, ցատկել ու գնդակ վարել... Ի՜նչ եք խոսում: Ես տատիս ձեռների վրա մեծացած երեխա էի՝ «Չարենցի գյոզալը» (էդ մեր փողոցն էր), բա ինձ սազակա՞ն էր ամբախ-զամբախ շարժվելը: Բայց մեր ֆիզկուլտի դասատուն դրա մասին բան չգիտեր ու հոգիս հանում էր: Էնքան էր վազացնում, մեր քութիկի օրն էի ընկնում՝ լեզուս դուրս գցած, ինձ կորցրած: Վերջում էլ «4» էր նշանակում, որի համար դասվարս հետը կռվում էր, որովհետև ես իմ կոչումով «գերազանցիկ» էի՝ անկախ նրանից, որ ոչ մաթեմ գիտեի, ոչ նկարել, ոչ էլ գնդակ վարել: Չարենցի գյոզալը տենց գիտի:

Ոջիլ ստուգելը
Մենակ կասկածելը, մտքներով անցկացնելը, որ ես կարող է ոջիլ ունենամ, արդեն իսկ սթրես էր: Ես՝ բամբակի ու շոլկի մեջ ապրած էրեխա, դա ոչ մի կերպ չէի կարող հասկանալ: Բայց էդ գեր տիկինը ամիսը մեկ գալիս էր ու բոլորիս մազերը քուջուջ անում՝ առանց ինձ բացառություն անելով: Ու շատ կոպիտ էր: Քաշքշում էր սիրուն կապած պոչիկներս՝ գլուխս էսկողմ-էնկողմ տարուբերելով: Էն ժամանակ էրեխեքի հանդեպ հարգանք չկար, կոպիտ դար էր, կոպիտ բարքեր... Ու հլը մեկը գլխին ոջիլ կամ անիծ ունենար: «Տռաս» էին հանում խեղճին, կարծես ինքն էր իր գլխին ոջլաբուծական ֆերմա բացել ու փակել չէր ուզում: Հո մի չէ՜ին գոռում.
- Աղջի՜կ ջան...
Ու գնաց...
Մենակ էդ «աղջիկ ջան»-ը արդեն իսկ հայհոյանք էր:

Սրսկումներ ու հաբեր
Չգիտեմ ում ոնց, բայց մեզ դպրոցում տանում էին սրսկելու: Չեմ կարողանում հիշել, թե որտեղ էին սրսկում, բայց համոզված եմ, որ տուտուզին չէր: Ես էդպիսի բանը չէի մոռանա: Հետն էլ մեծ ու զզվելի համով ինչ-որ հաբեր էին տալիս, որ հալվի բերանում: Ես մինչև կեսը դիմանում էի, հետո բարեհաջող հետ տալիս: 
Ինչեր ասես չենք քաշել դպրոցական տարիներին...

Դա դեռ առաջին դասարաններն էին: Բա հետո՝ միջին դպրոցում, հայտնվեցին փայտով ծեծող ուսուցիչները, բայց դա արդեն էդքան սարսափելի չէր. ադապտացվել էի դպրոցական կյանքին, համ էլ, ինչպես ասում են՝ «ծեծում է, ուրեմն սիրում է»: :)

հուշեր, ախ սև իմ բախտ, դպրոցական

Previous post Next post
Up