Ի՞նչ անել, եթե Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի և բալետից հեռացնելու իշխանության բոլոր հիմնավորումները տապալվում են։ Կա մեծ աջակցություն թե՛ ներսից, թե՛ դրսից, ու կառավարությունը չի կարողանում իրագործել իրա «ճիշտ» որոշումը։ Պետք է անցնել կրոնական լեզվին ու պատվիրաններ մշակել՝ թե ինչպիսին պետք է լինի արվեստագետը, ու այդպիսով վերադառնալ այնտեղ, որտեղ արվեստագետների մշտական պայքարն է ռեժիմների դեմ, ու նաև մատնել, որ հարցը ոչ միայն Օպերային է վերաբերում, այլ արվեստը կառավարելուն։
Այդ արշավին է միացել նաև լրագրող, գրող Մհեր Արշակյանը՝ Medialab.am-ում հրապարակելով
Կոնստանտին Օրբելյան. «ՀՀԿ-ի ամենաճիշտ որոշումը» հոդվածը: Արշակյանը, հոդվածում պաշտպանելով իշխանություններին, բնութագրում ու սահմանումներ է տալիս, թե որն է «ճիշտ» և «տաղանդավոր» արվեստագետը, որպեսզի Օրբելյանին համոզի ձայնը կտրել և լուռ հեռանալ։ Նա արվեստագետի սահմանումները ծառայեցնում է իշխանությունների ցանկությանը, ինչպես անում էին օրինակ «Խորհրդային Հայաստան» կամ «Իրավունք» թերթերում։
Սակայն այս անգամ այդ պատվիրանները հրապարակվել են լրատվականում, որի վրա նախորդ իշխանությունների ժամանակ հարձակվել էին, քանի որ ծաղրանկարիչ արտիստները խախտել էին ՀՀԿ-ական պատվիրանները։
Որո՞նք են այդ պատվիրանները, որ Արշակյանը Օրբելյանին դիմելով՝ արվեստագետներին պարտավորեցնում է հետևել։ Այսպես, Արշակյանը գրում է․ «Չեմ հասկանում՝ ինչպե՞ս է տաղանդավոր մարդը սեփական ականջներով կարողանում լսել մեծարանքը: Ինչպե՞ս է նա կարողանում գալ, նստել, ժպտալ, ծափահարել, համաձայնել այն ամենայն լավի հետ, որ ասում են իր մասին։ Տաղանդավոր մարդը գետինը կմտներ»։
Ուրեմն առաջին պատվիրանն է․ արտիստը չպիտի լսի իրեն ուղղված մեծարանքները։ Օրինակ, եթե արտիստի ծննդյան առիթով միջոցառում է կազմակպերպվել, ասենք Շառլ Ազնավուրի 90-ամյակն է կամ Արտավազդ Փելեշյանի 80-ամյակը ևայլն, արտիստը պիտի ունենա այնքան արժանապատվություն, որ գետինը մտնի ու չգնա այդ միջոցառմանը։ Այն, որ Արշակյանն այս պատվիրանով խոսում է միայն Օրբելյանի հետ՝ անտեսելով, թե ինչպես էին իրենք
մեծարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա գրքի շնորհանդեսի ժամանակ, ապացուցույցն է, որ գրող Արշակյանը լծված է իշխանության սրբացման գործին, ու նրան տհաճ է, երբ մեծարում են արվեստագետի, որը բախման մեջ է իշխանության հետ։
Արշակյանը շարունակում է․ «Իշխանությունը չի՞ ընդունում քեզ, եղբայր, թքի՛ր ու հեռացի՛ր: Քո իրավացիությունը անապատում անգամ ծաղիկներ կաճեցնի»:
Ստացվում է երկրորդ պատվիրանը․ եթե արտիստը կարծում է, որ իշխանությունն իրա իրավունքները ոտնահարել է, պիտի արժանապատվություն ունենա, թքի ու գնա անապատում ծաղիկներ աճեցնելու, ոչ թե դատարան՝ իրավունքները վերականգնելու։
Երկրներում, որտեղ արդարադատություն չկա, արվեստագետները այդպես էլ անում են։
Հետո Արշակյանը Օրբելյանին է մեղադրում, որ թույլ է տվել, որ աջակցեն իրեն․ «Բայց Կոնստանտին Օրբելյանը պետք է կանխեր ամենը, ինչ տեղի էր ունենում օպերայի թատրոնի դահլիճում»:
Պատվիրան երրորդ․ եթե արտիստները կարծում են, որ մեկ այլ արտիստի նկատմամբ անարդար վերաբերմունք է եղել, այդ արտիստը պետք է արժանապատվություն ունենա ու կանխի մյուս արտիստների կողմից իրեն աջակցելը։
Օրինակ, երբ ստվարաթղթե տանկով ԱԱԾ-ի դարպասին հարվածելու համար արվեստագետ Արտակ Գևորգյանին դատում էին, նա պետք է կանխեր իր շուրջ ստեղծված աջակցությունը։
Ապա լրագրող, գրող Արշակյանը բաց տեքստով արվեստագետին համոզում է հնազանդվել իշխանությանը․ «Իշխանության հետ կռիվ մի տուր ոչ թե այն պատճառով, որ ինքը ճիշտ է, այլ որ քո տաղանդը միշտ իշխանության ճշտից անդին է»։
Պատվիրան չորրորդ․ արտիստը չպիտի իշխանության հետ կռիվ տա։
Ես վստահ եմ, որ Արտակ Գևորգյանի թե՛ տաղանդը, թե՛ ճիշտը ՀՀԿ-ական իշխանությունից անդին էր, բայց, ըստ Արշակյանի, Գևորգյանը պետք է սա հաշվի առներ ու կռիվ չտար իշխանության հետ։ Այսպիսով, որքան արվեստագետներ են եղել, որ զուր իշխանության հետ կռիվ են տվել՝ սպանվել, աքսորվել, բանտարկվել, աշխատանքից հեռացվել, փոխանակ ձենները կտրեին, ոչ մի գործ չանեին՝ ֆիքսվելով իրանց տաղանդի վրա, որն իշխանության ճշտից անդին է։
Իզուր չէ, որ Արշակյանը հաճախ է գործածում տաղանդ բառը, որովհետև արվեստի համար պատվիրաններ գրողները արվեստագետներից նաև պահանջում են լինել տաղանդավոր, պատվիրանից շեղվելու դեպքում տաղանդը հարցականի տակ են դնում, իսկ ո՞րն է տաղանդավորը։ Իշխանության համար տաղանդավորը նույնն է, ինչ եկեղեցու համար բարոյականը, այսինքն, նա ով հետևում է պատվիրաններին։ Կհետևես իշխանության պատվիրաններին, կլինես տաղանդավոր, չհետևես՝ կլինես անտաղանդ, անբարոյական, անգործ։ Ու հաջորդ պատվիրանը ձևակերպելու համար նա կրկին թակարդ է լարում տաղանդ բառով՝ գրելով․ «Տաղանդավոր արվեստագետն ի՞նչ գործ ունի վարչարարության հետ»։
Պատվիրան հինգերորդ․ արտիստը չպիտի վարչարարությամբ զբաղվի։
Ուրեմն այս տրամաբանությամբ Հայաստանի, գրեթե բոլոր թատրոնների տնօրենները պիտի հեռացվեն աշխատանքից կամ էլ տաղանդավոր չեն, բայց գուցե հետագայում իշխանությունները բացահայտեն տաղանդավոր են նրանք, թե ոչ։
Ապա Մհեր Արշակյանը մատնում է, որ Օրբելյանին հեռացնելու հարցը քաղաքական է, ու «ՀՀԿ-ի ամենաճիշտ որոշման» դեմը Իմ քայլն ուզում է իր ամենաճիշտ որոշումը կայացնի․
«Պետությունը օպերայի կառավարման այլ պատկերացում ունի, ինքը չի ուզում առաջնորդվել «ՀՀԿ-ի ամենաճիշտ որոշումով», վարչարարությունը իշխանություն է փողի վրա, այս իշխանությունը գիտեր, թե ինչպե՛ս է իրականացվել էդ վարչարարությունը ՀՀԿ-ի օրոք»։
Պատվիրան վեցերորդ․ Արվեստագետը չպիտի խառնվի իշխանության պատկերացումներին։ Արվեստագետը պետք է ընդունի, որ իր աշխատավայրում չի կարող մասնակցել որոշումների կայացմանը, քանի որ Իմ քայլն այլ պատկերացում ունի, և արտիստինը՝ արտիստին, Օպերան՝ Իմ քայլին։
Ու վերջում Արշակյանը արվեստագետներին մեղադրում է ծափահարելու համար․ «Ի վերջո, գրողը տանի՝ էդ ինչքա՞ն ծափահարեցին արվեստասերները մի միջավայրում, որտեղ ոչ տեքստ կար, ոչ էլ նոտա»:
Պատվիրան յոթերորդ․ արտիստները պիտի ծափահարեն միայն այնտեղ, որտեղ նոտա ու տեքստ կա։
Իսկ քանի՞ արվեստասեր է մասնակցել, ձեռքերը վեր պարզել ու ծափահարել Թավշյա շարժմանը, որտեղ տեքստը ուղիղ ժողովրդավարությունն էր, նոտան էլ դու մենակ չեսը, ուրեմն արվեստագետներն էլ իրենց ծափերով իրականացնում են ուղիղ ժողովրդավարությունը՝ Օրբելյանին մենակ չթողնելով։ Չարժի Իմ քայլին պաշտպանել իրա տված խոստումներից՝ արվեստագետներին կրոնական ռամկաների մեջ դնելով։