Տրանսվեստիտ Կարաբինան երեկ «Մէկ քառակուսի մետր» թատերական փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ։ Մասնակիցների քվեարկության հիման վրա հաղթեց նրա «Ինքնությունների բախում» ներկայացումը։
Կարաբինան չունի կրթություն, դպրոցից հեռացրել են գեյ լինելու համար․ դրա մասին խոսում է նաև հաղթած ներկայացման մեջ։
Այսուհանդերձ, Հայաստանում թատրոն ու դերասաններ կան, որոնք դեմ են, որ Կարաբինան բեմ դուրս գա կամ կրթություն ստանա, նրանք անվանում են այդ նույնասեռականության գովազդ ու խթանում, որ հետագայում էլ կրթությունից զրկվեն թատրոնի պոտենցիալ ռեժիսորները ու դերասանները։
Նոյեմբերի 1-ին Գերագույն հոգևոր խորհուրդը Կաթողիկոսի գլխավորությամբ դատապարտեց Հայաստանում անցկացվելիք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումն, ասացին, որ խստորեն մերժելի են «համասեռամոլության» երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում։
Եկեղեցու հայտարարությունից մի քանի ժամ անց դրա նման մի բան հայտնվեց «Գոյ» թատրոնի Ֆեյսբուքի էջում՝ ծիածանագույն դրոշի վրա STOP նշանի նկարով ու «այլասերության» քարոզը դատապարտելող գրառմամբ։
Թատրոնը գուցե կարենար ավելի շատ հանդիսատես գրավեր, եթե խոսեր տարբեր շերտերի մարդկանց լեզվով, ոչ թե եկեղեցու պլանը առաջ տաներ ու վեղավորի բառապաշարով իր հանդիսատեսին զգուշացներ գեյերի վտանգից:
Բայց թատրոնը որոշել է լծվել այլերին մեկուսացնելու գործին, աջակցել ահասփյուռ կազմակերպություններին ու Ֆեյսբուքի չխկչխկան օգտատերերին, որոնք Եհովայի վկայի պես դռնեդուռ են ընկնում, որ զգուշացնեն աշխարհի վերջի մասին, որն իրականացնելու են այլասերվածները:
Այլասերվածը ենթադրում ա, որ կան ուրիշներ, մարդկանց բաժանում է մաքուրների ու կեղտոտների, որ որոշ գոյեր՝ չայլասերվածները, ավելի արժան են, քան մյուսները, որոնք, հանդգնելով կամ վրիպելով, շեղվել են չայլասերվածների խաղի կանոններից։
Այլասերվածները հասարակության «լավերից» լիկվիդացվելով` ստիպված են միայնակ յոլլա գնալ իրենց ապրումների հետ՝ կոչվելով գյոթ, բոզ, գիժ կամ նարկոման։ Արվեստը, ընդհակառակը, փորձում ա վերացնել այլը, թատրոնը բեմ է բերում այլերին՝ հրաժարվելով այլսերվածության կլիշեներից, հասարակությանն է անդրադարձնում իր բարքերի հետևանքները։ Արվեստը փորձում է խոսել երևույթների մասին ոչ թե այն լեզվով, որ պարտադրում է եկեղեցին կամ Ֆեյբուքում ահ սփռող թվային ամբոխը, այլ որով այլասերվածն է խոսում։ Ու այս պատճառով հենց թատրոնը պետք է «այլասերվածության քարոզ անողը լինի»․ արվեստի քարոզն այն չէ, թե ինչպես է այդ բառը հասկանում եկեղեցին, այլ այն, թե ինչ է արվեստը մարդկանց պատմում ցանկացած մարդու մասին։ Ինչպես Կարաբինան է պատմում իր չընդունված ինքնությունների մասին ու հանդիսատեսին վերադարձնում իր անգթությունը։
Գոյ թատրոնի դերասանուհի, Թատերականն ավարտած Ռիտա Խալաթյանն իրենց դիրքորոշումը բացատրելու համար ասում է, որ Գոյը քրիստոնեություն է դավանում, իսկ քրիստոնեությունը մերժում է այդ (այլասերված) մարդկանց (սա, իհարկե, Հայ առաքելական եկեղեցու տեսակետն ա, քրիստոնեությունը ոչ ոքի չի մերժում)։ Մի կողմ թողնենք, որ թատրոնը որևէ կրոն է դավանում՝ կալանավորելով իրեն քրիստոնեական օրենքներով ու թատրոնի բեմը խորանի տեղ դնելով։ Իսկ ո՞վ էր Քրիստոսը։ Նա իր ժամանակաշրջանի այլասերվածն էր, որին 2000 տարի առաջ «թատրոններն» ու «եկեղեցիները» խաչեցին այլասերվածության քարոզի համար, որի քարոզի հիմքում էր նաև այլասարվածներին հասարակության քարկոծումներից փրկելը, իր սեղանին ներառելը։ Ուրեմն Գոյ թատրոնը սիրում ա 2000 տարի առաջ սպանված այլասերվածին, բայց պայքարում՝ ներկայիս այլասերվածների դեմ․ պարադոքսի թատրոն։
Միջնադարում թատրոնի վրա իր վերահսկողությունն ուներ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ուշադիր հետևում էին, որ որևէ «անբարոյական», «այլասերված» բան բեմում չլինի։ Այդ ժամանակ եկեղեցին հզոր իշխանություն ուներ ու իր կանոններով սահմանափակում էր արվեստագետի միտքը, իսկ 21-րդ դարում հայկական թատրոնն ինքնակամ է ինքն իրեն մտցնում եկեղեցու գրաքննության տակ։
Գոյ թատրոնի մեկ ուրիշ դերասան, նույնպես թատերականավարտ Արսեն Ազիզյանը վստահ ա, որ «քանի սեռական շեղումներ ունեցող հիվանդները փորձում են բազմանալ Հայաստանում, ոչինչ էլ չի զարգանա»։ Ազիզյանը ոչ միայն վիրավորում է իր գործընկերներից շատերին, այլև ցույց է տալիս, որ թատերականի տված կրթությունը անհամատեղելի է նրա մասնագիտության հետ։
Էստեղ Ազիզյանի մոտ 900 գործընկերների անուններն են (միայն արական սեռի), որոնք առանց իրենց սեռականությունը թաքցնելու նպաստում են կամ նպաստել են թատրոնի, կինոյի զարգացմանը։
Այդպես, մի «սեռական շեղում» ունեցող՝ Թենեսի Վիլյամսը սեռականության հարցն իր պիեսներում դնելով՝ Բրոդվեյում «հոմոսեքսուալություն քարոզելով» էր զարգացնում թատրոնը։ Մեկ այլ «սեռական շեղում» ունեցողի՝ Թրումեն Կապոտեի վեպերն էին դառնում բեմադրություն, իսկ «Սառնասիրտ սպանություն» վեպն այնպիսի «այլասերվածների» տեսանյկունից էր ներկայացված, որոնք վերացրել էին մի ամբողջ ընտանիք։ Տենց «այլասերված» էր նաև, Վիրջինիա Վուլֆը, ում լեսբի սերը տեղ գտավ «Օրլանդո» վեպում ու լիքը թատրոններ դրա հիման վրա «այլասերվածություն քարոզեցին»։ Իսկ «սեռական շեղում» ունեցող Օսկար Ուայլդի գործերը հայկական դպրոցներում էլ են անցնում, Թատերականում չե՞ն անցնում։
«Սեռական շեղում» ունեցող, թատրոնի բրիտանացի դերասան Յան Մըքկելենը (Հայաստանում հայտնի է Մատանիների տիրակալը ֆիլմում Գենդալֆի դերով) իր տանը հյուրընկալության ժամանակ պատմում էր, որ 80-ականներին, երբ հոմոֆոբիան Անգլիայում օրենքներում էր ամրագրված, ինքն առավելություն ուներ այլ գեյերի նկատմամբ, քանի որ հայտնի մարդ էր ու ապահով, դրա համար իրա վրա ճնշումներ չկային, բայց որոշեց հրապարակավ խոսել, որ գեյ է ու պաշտպանել գեյերի իրավունքները, որովհետև հոմոֆոբիայի պատճառով թատրոնը կարող էր բազմաթիվ տաղանդներ կորցնել։
«Գոյ» թատրոնի ու նրա դերասանների պահվածքն այդ ճնշումն է, որի պատճառով Մըքկելենն անհանգստանում էր թատրոնի զարգացման համար։
Եվ եթե «Գոյը» հետևում է քրիսոտենության բոլոր սկզբունքներին STOP նշանը պետք է դնի նաև կազինոների ու բուքմեյքերական ընկերությունների վրա՝ դատապարտելով խաղամոլությունը կամ քննադատի ծածուկ որկրամոլություն քարոզող արագ սննդի կետերը։
Այլ պարագայում կարող են հետևել Կարաբինայի քարոզին, որը ներկայացման վերջում ասում է․ «Մենք այս բնության մի մասն ենք, որ սենց Գոյություն ունենք ու հետո Գոյություն չենք ունենում։ Ապրեք ձեր համար էլի։ Էկաք, կգնաք, էկաք կգնաք, բայց հասկացեք, թե ինչ եք անում էդ կարճ ինտերվալի մեջ»։
Հատվածներ «Ինքնությունների բախում» ներկայացումից