Jul 15, 2014 05:09
Ալին էլ փասխտական չի, նշանվել ա կլոր էրեսով ղազախստանցի ռուսի հետ, չաղացել ու կաբլուկի տակ ապրում ա Թիֆլիսում: Ալին ասում ա ինձ՝ դու միակ լավ հայն ես, ասում եմ՝ բա, Վահե՞ն, ասում ա՝ հա, մեկ էլ Վահեն, բայց Լևոնը լավը չի:
Հայը, պարսիկը ու ռուսը գնում են վրացական տոն նշելու՝ հուլիսի 4-ը, Ամերիկայի անկախությունը: Բարբիքյու՝ վրացի ու ամերիկացի զույգի բացած Դայվ բառում: Վրաստանը ասոցացման պայմանագրին համընթաց շաշլիկը փոխեց բարբիքյուով: Դայվում ամեն ազգից մի նմուշ կգտնես, ամբողջ բակը լի ա գարեջրով կանգնած մարդկանցով: Մի գարեջուր 3 լարիով բառից վերցնում ես, հետո էդ միօգտագործման բաժակով կողքի խանութից 1,5 լարիով լցնում: Մեծ ծիծիկներով Գերմանացի ընկերուհիս՝ Կառոլինը, բացեց էդ ոճիրի գաղտնիքը: Կառոլինը էկել ա Վրաստան, որ բժշկություն սովորի, բայց ուզում ա ուսումը եվրոպական երկրում շարունակի, թե չէ վրացական դիպլոմը չեն ընդունում: Կառոլինն ինձ ասում ա՝ դու իմ ամենալավ հայ ընկերն ես, ասում եմ՝ Կառոլին, բայց դու ուրիշ հայի դյուգյունի չես ճանաչում, ասում ա՝ հա, դրա համար էլ ամենալավ հայ ընկերն ես:
Կառոլինը շվեցարուհի Ռահելի հետ էրկու օրով էկել էր Հայաստան: Արևելյան Գերմանիայից Հարդին, որին վեջին անգամ զիգ հայլով էի հաջող արել ու ասել, որ հոլոքոստ չի էղել, 6 միլիոն հրեա պատերազում են սպանվել, որովհետև ասել էր, որ Հայոց ցեղասպանություն չի էղել, հայերը քաղաքացիական պատերազմում են մեռել, իմ կոնտակտները տվել էր աղջիկներին, որ դիմավորեմ: Ես էլ դիմավորեցի ու հենց առաջին օրը Կառոլինը հարբեց ու անկեղծացավ, որ հոլոքոստը հրեաների կազմակերպածն էր, որ պետություն ունենան: «Կայֆ ա չէ՞ Կովկասում գերմանացու համար, ինչ կուզես կխոսաս», - ասեցի Կառոլինին: Ռահելին էլ ասեցի. «Կայֆ ա չէ՞ եվրոպուհու համար Կովկասում, ուր գնաս ուշադրության կենտրոնում ես»:
Կառոլինը թևս մտած՝ դայվում խմում ենք, Ալին գալիս ասում ա՝ մենք գնում ենք Կանուդոս ու ինձ երկընտրանքի մեջ դնում՝ շարունակել լինել Կառոլինի համար ամենալավ հայ ընկերը, մնալ իրա ու իր գերմանացի ընկերների հետ, թե՞ շարունակել խնջույքը Վրաստանի մանկության ընկերոջ հետ: Ընտրում եմ, մանկության ընկերոջը ու հետները գնում Կանուդոս: Կանուդոսը այգու մեջ փաբ ա, դրա նախկին տերը էկել ա Հայաստան, Կալյումեն տեսել ա, ուզեցել ա դրա պես մի բան բացի: Բացել ա, բայց ընդամենը 6 դրոշ ա կախել փաբում, Հայաստանինն էլ մեջը չկար: Բայց լավ ա, որ չկար, Կանուդոսը վերջերս վառվել էր, դրոշներն էլ հետը ու Հայաստանի դրոշը փրկվել ա Թիֆլիսի սրտի մոտերքը հրկիզվելուց:
Կանուդոսում Ալին ծանոթացնում ա իրա վրացի ընկերոջ՝ Սանդրոյի հետ:
Սանդրոն լայն ժպիտով հարցնում ա՝ որտեղի՞ց ես, ասում եմ՝ Հայաստանից, ժպիտը վերանում ա, գլխով ա անում ու աչքերը կախում: Վերջին անգամ հայ լինելուս համար նման արձագանք ստացել էի Երևանի That Place տժանոցում, որ իմացան հայ եմ, ներս չթողեցին նույն շարժումներով:
Երբ արդեն սկսել էի մերվել վրացիքի հետ, երբ խոսում էինք Ճավճավաձեից ու չեմ հասկանում ինչու համոզում, որ ամենաթույն դեմքն ա էղել Վրաստանի պատմության մեջ, երբ նրանք ինձ պատմում էին, որ 20-րդ դարի սկզբի Հայաստանի քարտեզ են տեսել, որտեղ Հայաստանը fuckin big (ահռելի) էր պատկերված, երբ ինձ հեգնանքով համոզում էին, որ Շոթա Ռուսթավելին Աշոտ Ռուսթավելյանն ա, երբ տեղյակ էի պահում, որ Նյու-Յորքում Դովլաթովի անունով փողոց են բացում, չնայած չգիտեին էդ տղեն ով ա ու պատմում էի, թե ինչ ա տեղի ունեցել մայիսի 17-ին Թիֆլիսում, երբ հոմոֆոբները դուրս էին էկել գեյի որսի, Ալիի գլխին ռուսական կաբլուկը բարձրացավ ու ասեց՝ մենք գնում ենք տուն ու էլի ինձ դրեց երկընտրանքի առաջ՝ թարգել օրը ու գնալ քնել, թե՞ լեզվիս զենք վերցնել ու մրցակցել նորածանոթ վրացիքի հետ: Ես կատարեցի ազգայնական որոշում ու մնացի չորս վրացիքի ընկերակցությամբ, մեկը՝ աղջիկ, ասեց, որ դիզայներ ա ու որ մարդ կյանքում պետք ա զբաղվի էն գործով, որն իրան հաճելի ա:
«Չաչա, կխմե՞ս», - հարցրեց մյուս տղեն, որի անունը չեմ հիշում, բայց կասկածում եմ, որ Գիորգի էր: «Չաչա չի, Ճաճա ա», - ասում եմ ու գրանցում՝ մեկ զրո հօգուտ ինձ: Դրանից ոգևորվում, սկսում են իրենց այբբենարանի տառերը արտասանել, որ կրկնեմ: Կրկնում եմ ու ասում. «Էդ դժվար չի, չէ՞ որ Մեսրոպ Մաշտոցն ա էրկուսիս այբուբենը ստեղծել», - 2:0:
Ու էդտեղ կոկորդից էկող «կղ» տառն են արտասանում, հաշիվը դառնում ա 2:1: Երկրորդ խաղակեսը որոշում ենք անցկացնել խինկալի ուտելով ու շարժվում ռեստորան: Որոշում եմ տապակած խինկալի պատվիրել, որ տեսնեմ, թե իրանց հավատքը մինչև, որ Աստծուն ա հասնում: Պարզեցի: Իրենց համար էլ էր տապակած Խինկալին աղանդ: Ասեցի՝ լավ ա չլինել վրացի, որովհետև կարող ես հանգիստ ուտել տապակած խինկալի: Բայց հաշիվն էլ չէի պահում:
Ընթացքում Սանդրոն հարբեց ու պարզվեց՝ մեկ քառորդով չեչեն ա: «Յա չեչեն, բուդ աստարոժեն» (ես չեչեն եմ, զգույշ էղի ինձնից, արդեն ռուսերեն, որտև երբ հայն ու վրացին խմում են, անգլերենից անցնում են տարածաշրջանի ընդհանրությանը): էդ քառորդ չեչենը ավելի հպարտ էր 0,75 վրացուց: Թե ասա ինչո՞ւ, դուք պետություն ունեք, նրանք չունեն, բայց երակները փորում են չեչենական արյուն գտնելու համար ու ձեռքի մեջ հոսող էդ արյամբ խաչակնքում են ամեն ժամի մոտ:
Բայց Սանդրոն չէ, ինքը աթեիստ ա, չնայած հավատում ա, որ խինկալին տապակած ուտելը մեղք ա ու որ վրացիք չեն գտել իրական ճշմարիտ ճանապարհը՝ խինակլին ուտել քացախով, որը, ի դեպ, պարզվեց կրոններից ամենահամովներից ա:
Արդեն լույսը բացվել էր ռեստորանի պատուհանից երևացող հայերի Հավլաբարի վրա, որտեղ ձիու վրա ձեռքը տնկած թագավոր Վախթանգ Գորգասալի արձանը վրացիները մեկնաբանում են՝ զգուշացեք հետևում հայեր են:
Հաշիվը բերում են, չորս ժամ առաջ ծանոթացած, չորս վրացուց հաշիվը խլում եմ, տեղները ստանում, ասում են՝ հըլը նայի, է, փորձում ա չհայավարի պահի իրան: Ոչինչ, 31 լարիով իրեք էլ չայվոյ, գնեցի հայ տեսնելու իրանց արձագանքը, մյուս հանդիպած հայի առաջ ժպիտը չեն վերացնի:
Պատմվածք,
Վրաստան