Sep 29, 2013 00:57
- Մեր ճանապարհորդության անունը պիտի դնենք երեք իդիոտներն ու ծաղիկը, - Ասեց Օմարը:
Թիֆլիսով մեկ հողով ծաղիկ ենք ման գալիս, որ 170 կմ հետներս քարշ տանք հասցնենք Բորժոմի, ոնց որ ջրերի քաղաքում չէինք կարա ծաղիկ ճարել, որ նվիրենք Նատային:
Նատան կիսով հայ ա, մյուս կեսով ռուս ու ուկրաինացի, ու եթե մի բան ստացվեր, վրացի աղջկա հետ չկապվելու տատիս առաջադրանքը չէի խախտի:
Նատայի հետ ծանոթացել եմ թբիլիսյան փաբում, որտեղ ինքն աշխատում էր որպես ամեն ինչ: Հինգ ամիս նույն փաբը գնալով՝ պլոճիկ չունեցա ինքս ծանոթանամ, մինչև իրանցի ընկերոջս չգտա, որը բոլորի հետ ծանոթ էր քաղաքում: Մի օր էլ, թեև լավ խմած էինք, առավոտ կանուխ Նատան ասեց, որ ինքը չի սիրում հողից կտրած ծաղիկներ, այլ «գառշոչնի» ա սիրում:
Արձակուրդից հետո Թիֆլիս վերադառնալուց ոչ իրանցի ընկերս՝ Ալին էր ստեղ, ոչ Նատան: Ալին գնացել ա Ղազախստան ու հըլը շատ տենց երկրներով կֆռա, քանի դեռ Իրանի անձնագրով ա, մեկ էլ տեսար մի օր Հյուսիսային Կորեա հասավ ու ինտերնետային կապից էլ զրկվեցինք: Ալին գիտեր, որ ես չաչայից զզվում եմ, Ղազախստան գնալուց առաջ հատուկ չաչա էր ինձ համար ուղարկել: Նատան էլ Ստալինի սիրած քաղաքում գնացել հոսթելում ա աշխատում: Հոսթելն էլ, ինչ հոսթել, երրորդ սերունդ դռեդերով հայի ա պատկանում, առաջին անգամ իրա հետ եմ Թիֆլիս տեղ խմել, էն էլ չաչա:
Ուրեմն ի՞նչ անել, որ Թիֆլիսում մենակ չխմես, ծաղիկ առնել ու ճամփա ընկնել Նատայի մոտ, բայց առանց իրան ասելու, որ համ էլ անակնկալ լինի: Անակնկալ գրկախառնոցն ավելի անկեղծ ու բուռն ա, քան պլանավորածը:
Գիորգիի հետ խմելուց, երբ ինքն արդեն էս աշխարհից մտքով հեռացել էր ու բարձրաձայնում էր Վրաստանի պատմությունից, իրանց հերոսներից ու թե ինչքան տառապանք են իրանք կրել պարսիկներից, ռուսներից, թուրքերից ու որ հայ հայ ա պիտի հասներ հայերին, ասեցի՝ արի գնանք Բորժոմի, ասեց՝ արի, ասեցի, բայց պիտի ծաղիկ առնենք նոր: Ժամն արդեն գիշերը երեքն էր, ես մոտիկ եմ ապրում փաբին, Գիորգին հեռու, առաջարկեցի իմ տանը մնա, ասեց գեյավարի բաներ ես անում, նստեց տաքսին ու գնաց:
Բայց Բորժոմի գնալու ցանկությունն էնքան գայթակղիչ էր, որ թքած թե կմտածի գեյ եմ, նորից պիտի առաջարկեմ: Ասում եմ՝ հիշու՞մ ես, ուրբաթ Բորժոմի ենք գնում: Ասում ա՝ հա ոնց չեմ հիշում: Օմարին էլ, որը հպարտ ա իրա անունով, որտև վրացական նույնօրինակ անուններից տարբերվում ա, ասում եմ՝ ես, Գիորգին Բորժոմի ենք գնում, աղջիկ կա տեսնելու, գալի՞ս ես, ասում ա՝ հա: Օմարը գիդ ա, ասում ա՝ տուրիստներին ասում եմ՝ եթե աջ նայեք կտեսնեք աջ տեսարանը, ձախ նայեք՝ ձախ տեսարանը կտեսնեք, վերև նայեք աստծուն կտեսնեք: Ինքն ա ասել, որ Բորժոմին Ստալինի սիրած քաղաքն ա: Բայց Դովլաթովի «Արգելանոց»-ը չի կարդացել, ոչ էլ գիտեր ով ա վրացահայ ռուս գրողը:
Տղերքը վիզ դրեցին, որ ծաղիկը ճարեմ: Կավե ամանով, կարմիր ծաղիկներով մի բան գտանք: Երթուղայինում գլխի ընկա, որ ծաղկի անունը սկի չենք հարցրել, սիրտս դող ընկավ՝ բա, որ Նատան հարցնի՞ անունը: Ծաղիկը նվիրելը ավելի կարևոր ա, քան հենց ծաղիկը ինքն իրանով, ոնց որ մամայի կենացը՝ խմելն ավելի կարևոր ա, քան մաման: Լավ ա, Նատան, չհարցրեց ծաղկի անունը, մենակ հարցրեց՝ ես էի քեզ ասել, որ «գառշոչնի» եմ սիրում, թե դու գլխի ընկար: Ասեցի՝ դու ես ասել, բայց կարո՞ղ ա, եթե ասեի ես գլխի ընկա մտածեր՝ էդ ա, նշան ա:
Տղերքն էս գործընթացը համարեցին ռոմանտիկ ու Օմարը հարցրեց.
- Գիորգի, որն ա քո կյանքում արած ամենառոմանտիկ քայլը:
Մինչև Գիորգին իրա ռաճայական դանդաղ լեզվով պատասխանի, ասում եմ՝ Գիրոգիի ամենառոմանտիկ քայլը մոմի լույսի ներքո մաստուրբացիա անելն ա էղել:
Օմարն ասում ա՝ վախտին ես ու հայ ընկերս Պետոն էինք կայֆեր բռնում Գիորգիի վրա, հիմա ես ու դու, դու գնաս ուրիշ հայ ընկեր կճարեմ:
Թիֆլիս վերադառնալուց Օմարին ասում եմ, որ կյանքիս ամենառոմանտիկ քայլն էր՝ մորս հետ կռիվ արեցի, որ մարդ մուրդ չխառնի՝ Երևանում ծառայեմ, որտև արդեն գիտեի Ղափան եմ ընկել, յարս էլ էնտեղ էր, հանուն յարի 300կմ տնից հեռու, սկի Թիֆլիսն էդքան հեռու չի: Չաստի լավերին էլ, որ պատմում էի, ասում էին՝ ջոգո՞ւմ եք, ինչ սեր ա:
Էս մի սիրու հոսթելը գտնելը դժվար չէր, ամբողջ Բորժոմիում սաղ-սաղ մի հոսթել ա: Երրորդ սերունդ հայն էլ ա մնում հայ, թեկուզ դռեդերով: Ու ես, Օմարը, Գիորգին ու ծաղիկը ուղղվում ենք դեպի նպատակակետ: Մեկը՝ ծաղիկի, ծաղիկը՝ բոլորի:
Աստիճաններով բարձրանում ենք, դուխս տեղը, ծաղիկը ձեռս ու Նատան գոռում ա՝ Հովիկ, ու թռնում վրաս: Միշտ մտածել եմ, թե ինչքա՞ն երկար ա հնարավոր էդ հուզիչ գրկախառնությունները ձգձգել, գրկելուց առաջ թվում ա, հենց գրկեցիր, հավերժ տենց մնալու ես, բայց հետո մեկն ու մեկը բաց ա թողնում ու սկսվում ա կենցաղային զրույցը:
Հոսթելում կար չկար էրկու հրեա, սեզոնը փակվում ա: Հրեաները խոստացան մեզ միանալ հաց ուտելուց հետո: Երբ զգացինք, որ իրանց հաց ուտելը երկար ա տևում, ասեցի՝ երևի ժամին են նայել, տեսել են արդեն շաբաթ ա ու տեղից չեն շարժվում: Բայց էկան, ասեցին, որ աթեիստ են: Իսկ Գիորգին հարբեց ու թթվեց հրեաների ականջներին, թե դուք շատ տառապանքներ եք հասցրել մեր երկրին: Նույնն ասեց Ալիին, երբ ես ու Նատան սքայփով խոսում էինք հետը ու համ կարոտում, համ ջիջիլ գցում.
- Ալի, քո երկիրը շատ վատ բաներ ա արել իմ ժողովդրին, բայց Հովիկն ասեց, որ դու դրա հետ կապ չունես, - գոռում էր Գիորգին:
Ալին սքայփով խոսալուց ինձ հորդորեց տղամարդ լինել: Ես էլ էղա, մոտեցա Նատային, որ համբուրեմ, ասեց՝ no Hovic, no (չէ, Հովիկ, չէ): Ես էլ թողեցի գնացի:
բորժոմի,
պատմվածք,
վրաստան