Խաչիկ Գևորգյանը Արմակադը փակել է... 5 օրով: Ասում է՝ նույնիսկ մեկ ամսով կարող է փակել: Բողոքում է... ՀՀ կառավարության կողմից գիտությանը հատկացվող գումարների խեղճությունից: Ասում է՝ Հ1-ին ավելի շատ փող են տալիս, քան ամբողջ հայաստանյան գիտությանը: Խայտառակություն: Բողոքելու բան է: Բայց դե Արմակադ փակելն էլ մի բան չի: Մի շարք ուսանողներ այս տարի ամառային դպրոցների չեն մասնակցի, ոմանք կրթաթոշակ չեն գտնի իրենց առաջիկա ուսումնական տարվա ֆինանսավորման համար, ինչ-որ հեռուներ կոնֆերանսի մեկնող երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ մեկը չի գտնի իրեն հյուրընկալող և հսկայական գումարներ կծախսի օտար հյուրանոցներում: Բա արցախցի ուսանողները, որ ամեն օր ուշադիր ստուգում են իրենց էլփոստերը, որ իրենց հարմար մի ծրագիր գտնեն: Նամանավանդ մի քանի օրինակելի դեպքերից հետո: Մեծ ոգևորությամբ են այս ամենն անում: Գիտես, հեշտ է՞ Արցախում ոգևորություն առաջացնել: Է, Խչո, լավ բան չարիր: Բողոքում ենք, լավ ենք անում, պիտի բողոքենք, որովհետև ամեն օր երկրիս իշխանությունները գլուխ են տանում, խոսում գիտելիքահեն տնտեսության, գիտելիքի վրա հենվող հասարակության մասին ու... այդ նույն հասարակության փողերը ծախսում տգիտություն, բռնություն, պոռնկություն քարոզող սերիալների վրա: Սրանց հասկանալ չի լինում: Կամ իրենք են տգետ, կամ մենք ենք անհասկացող...
Գրիգորյան Արմենն էլ բանավեճ է ծավալել կոռուպցիայի մասին: Մշակույթի հետ է կապված, թե՞ ինստիտուտների խնդիր է: Հազարավոր կարծիքներ են հնչում, հավաքես՝ դիսերտացիա կդառնա: Մեկ-մեկ էլ ես չեմ դիմանում գայթակղությանը՝ էստեղ-էնտեղ մեջբերումներ եմ կատարում բանավեճից: Ուֆ է, էս կոռուպցիայից էլ զզվեցի: էս ինչքա~ն են խոսում, էս ինչքա~ն ենք խոսում...
Ընկերների մի խումբ էլ Հեղաֆորում է անում: Լավ են անում: Ափսոս Արցախում էի, թե չէ ես էլ կգայի: Կարգին ժողովուրդ են: Մի մասին առաջին անգամ եմ տեսնում: Աղջիկներից մեկը, պարզվում է, հասցրել է նաև փոխնախարար լինել, իսկ էն Սեմը կարգին արվեստագետ է, որ հիմա մարդու իրավունքների խնդիրներով է զբաղվում: Արփինեն, Օլյան, Հայկուհին ու էլի մի խումբ ֆրենդներ սոցիալիստներ են, 60-ականների ուսանողական շարժումների մասին ինչ-որ ֆիլմեր են նայում, դե Վայաչյան Լուսինեն էլ... հայտնի դեմք ա: Մի խոսքով հասարակության խնդիրներով մտահոգվել կարողացող ժողովուրդ են: Խնդիրները տեսնող, խնդիրների մասին բարձրաձայնող, լուծումներ փնտրող... Իսկ ոմանք ինչ ասես չկպցրին Հեղաֆորումի երեսին: Դե գիտեք էլի, հենց չեն կարողանում մի երևույթ պատկերացնել՝ անմիջապես աստվածներ են ստեղծում:
Բայց հետաքրքիր է: Էս մեր հասարակությունը սկսվել է լրջորեն շարժվել: Ու այս հասարակության շարժիչները տարբեր Հեղաֆորումներն են, ՄԻԺԻ-ի Արփինեն է, Օլյան, Արթուրը Ավթանդիլյան, Սողոմոնյան Վահրամն ու Մարիշը, Արմեն Հովհաննիսյանը, Գարեգին Չուգասզյանը, նրանց շրջապատող մարդիկ: Խաչիկը Գևորգյան, Արմեն Գրիգորյանը, Մարինեն Պետրոսյան՝ իրենց ոլորտներում ու նրանց կարգի մարդիկ, ովքեր հանրային դիսկուրս են առաջացնում: Հայաստանում ոնց որ քաղաքացիական հասարակությունը կայանում է: Կներեք, Հայաստանում չէ՝ Երևանում: Բայց ոչինչ, կտարածվի:
Քանանյան Ալեքսն էլ ասում է վերաբնակեցման հասարակական շարժում սկսենք: Կյուրեղյան Տիգրանն էլ է վերաբնակեցում ուզում: Ախր Տիգրանն ու Ալեքսը արդեն մեկ տասնամյակից ավելի ապրում են ազատագրված շրջաններում, ծրագրեր կազմում, հնարավորություններ ստեղծում այլոց համար ու վերաբնակեցվելու կոչ անում: Ալեքսն ասում է, որ ես էլ միանամ: Ես... միանամ Տիգրանին ու Ալեքսին: Տիգրան Կյուրեղյանը, որ ՀՀ Գերագույն Խորհրդի ամենաերիտասարդ պատգամավորն էր եղել, ապա՝ Արցախի Աժ պատգամավոր, որ կարծեմ 1993-ից բնակվում է Բերձորում, որ մտածում է տարբեր ձևերով օգնել Քաշաթաղի բնակիչներին՝ տնտեսություն կազմակերպելու, արտադրած մթերքը շուկա հասցնելու ձևով (հատկապես տպավորիչ են Տիգրանի ջանքերը Քարվաճառի ու Քաշաթաղի մեղրը վաճառելու հարցերում): Որ այս ամենից զատ ամեն օր փորձում է համոզել որոշում ընդունողներին բնակեցնել Արցախը... Ալեքսանդր Քանանյան. եզակի մտավորական, ասկետիկ կյանքով ապրող անձ, ով Գևորգյան ճեմարանի միջով անցնելով հասել էր Վատիկանի ու Հռոմի լավագույն համալսարաններն ու 4 տարի ուսանել այնտեղ, ով հրաշալիորեն տեղյակ է մի շարք հին լեզուների, այդ թվում գրաբարին, ով անկեղծորեն ուզում է վերակենդանացնել գրաբարը, ով մեկ տասնամյակից ավելի շարունակվող ճնշումներին ու դժվարություններին ի պատասխան ապրում, ստեղծագործում ու ծրագրեր է կազմում Քարվաճառում: Եվ ես, խղճուկս, իմ երկու տարվա չհասնող արցախյան կենսագրությամբ, ով վեց ամիս էլ չդիմացավ Շուշիին ու իջավ Ստեփանակերտ, պետք է կանգնեմ Տիգրանի ու Ալեքսի կողքին՝ վերաբնակեցման շարժում սկսելու համար:
Հա, ի՞նչ անենք: Պիտի կանգնեմ: Դուք էլ եկե'ք: Եկե'ք միասին կանգնենք: Կապեցե'ք ճամպրուկները ու... Դեպի' Արցախ: Մե'նք, մե'ր սերունդը պետք է դա անի: Եկե'ք Արցախ, գիտելիքահեն հասարակություն այստեղ կստեղծենք, Հարվարդ էլ կստեղծենք, Օքսֆորդ էլ, եկե'ք այստեղ հեղաֆորումներ անենք՝ հեղափոխություն մեր մտքերում, գործողություններում, վարքագծում, այնպիսի հեղաֆորում-հեղափոխություն, որ էլ չունենանք կոռուպցիա, կրթության ցածր մակարդակ, բժկության որակի խնդիր, վերաբնակեցման հարց: Մենք դա կարող ենք անել, ախր դա այնքան հեշտ է, ցանկության հարց...
Ու ոչինչ, որ կխանգարեն, բանսարկություններ կանեն, այստեղ-այնտեղ կզանգեն, ինչ-որ ծրագրերի ֆինանսավորում կդադարեցնեն: Ոչինչ, էլի մերոնք են... իրենց էլ կհամոզենք: Ու կկառուցենք մեր երազը: Երազը չի մեռնում: Այն բարձրաձայնվում է, դառնում ծրագիր ու գործողություն: Եկե'ք գործելու:
Մարդ է պետք: Շատ: Քայլող: Խոսող: Քննարկող: Ստեղծող: Ստեղծագործող: Քարվաճառում: Շուշիում: Բերձորում: Հադրութում: Կովսականում: Ջրակնում: Ասկերանում:Մարտունիում: Մարտակերտում: Միջնավանում: Ստեփանակերտում: Բոլո'ր գյուղերում: 12 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Առնվազն: Հատկապե'ս: Շատ մարդ: 300 հազար, կես միլիոն, մեկ միլիոն: Չորս միլիոն: Հնարավո'ր է: Կարող ե'նք: Ազգային երազների մասին խոսացե'ք բարձրաձայն: Դրանք ծրագրեր են դառնում: Ապա գործունեություն: Իսկ հետո գտնվում են գործող անձինք: Դու'ք: Մե'նք: Պատմական այս պահի ամբողջ պատասխանատվությամբ...