Հյուրանոցային հանդիպումներ և ճանաչման խնդիր

Mar 19, 2011 02:05

 
Մարտի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Անդրոնյուս Աժուբալիսի հետ… Երևանի Golden Tulip հյուրանոցում, այնտեղ, որտեղ կայանել էր Լիտվայի ԱԳ նախարարը: Պետական արարողակարգի այս աստիճան ծաղր որևէ երկրում չենք հանդիպի: Ոչ մի երկրի նախագահ իրեն թույլ չի տա հանդիպել այլ երկրի ԱԳ նախարարի հետ` այն էլ վերջինիս հանգրվանած հյուրանոցում: Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք Երևան չէր հասնի Անդրոնյուսի մասշտաբի պաշտոնյայի հետ հանդիպման համար. նրանք և ավելի բարձր աստիճանավորներ էին պարտավոր Ստեփանակերտ այցելել Արցախի նախագահին հանդիպելու համար: Արկադի Ղուկասյանը թեև Երևան գալիս էր, սակայն հանդիպումներ էր ունենում միայն ու միայն Երևանում Արցախի ներկայացուցչության շենքում: Իսկ 3-րդ նախագահ Բակո Սահակյանը, արդեն որերորդ անգամն է այցելում է իրենից ռանգով ու պաշտոնով մի քանի անգամ ցածր պաշտոննյաների` այն էլ վերջիններիս հանգրվանած հյուրանոցներում:

Վստահաբար պարտադիր չէ, որ երկրի նախագահը ծանոթ լինի պետական արարողակարգին ու դրա նրբություններին, սակայն պետք է նկատել, որ Արցախում կա նախագահի աշխատակազմ, Արտաքին գործերի նախարարություն, որոնք էլ պարտավոր են զբաղվել նման հարցերով ու խորհուրդներ տալ նախագահին: Այս դեպքը հուշում է, որ արմատական վերակառուցման պետք է ենթարկվի Արտաքին գործերի նախարարությունը, նախագահականը վերջապես պետք է համալրվի կոմպետենտ կադրերով:

Ցավոք, նախագահին շրջապատել են մարդիկ, որոնք իրենց խորհուրդներով Արցախին միայն հետընթաց են ապահովել, նրանց ”ջանքերով” խստորեն տուժել է նախագահ Սահակյանի վարկանիշը: Դրա համար էլ ոմանք իրենց թույլ են տալիս նախագահի անունն օգտագործել նույնիսկ… անգրագետ ուսանողի ստուգարքի միջնորդության համար: Այս խորհրդականների լոկալ մակարդակի բանսարկություններով է, որ նախագահ Սահակյանը հայտնվում է այսպիսի խայտառակ իրավիճակներում:

Նախագահին մեկ ճանապարհ է մնում. ազատվել պետականության մասին պատկերացումներ չունեցող այս պաշտոնյաներից և հավաքել կոմպետենտ թիմ: Թե չէ Արցախի միջազգային ճանաչման կետը կմնա ընդամենը նախընտրական խոստում, ժողովրդին խաբելու մշտական թեմա:
Previous post Next post
Up