Այսօր հյուրընկալվելի էի հայաստանյան հայտնի քաղաքագետներից մեկին` Իգոր Մուրադյանին, որին բավականին բարձր եմ գնահատում և մշտապես հետևում եմ իր վերլուծություններին: Մեր զրույցը 1 ժամի չափ տևեց և առընչվեց հետաքրքիր թեմաների` Շպենգլերի "Եվրոպայի մայրամուտից" մինչև Արցախում առկա խնդիրների լուծման տարբերակներ: Սակայն ես կուզեի առանձնացնել "Ղարաբաղ" կոմիտեի հիմնադրի արտահայտած միտքը հասարակության վերաբերյալ: "Չկա հասարակական դիսկուրս, չկա` հասարակություն": Միտք, որի շուրջ սկսեցի երկար մտածել` անցկացնել համեմատականներ արցախյան իրականության հետ:
Արցախում բանավեճ երբեմն լինում է, որը հատկապես կրում է երկխոսության տեսք, և հիմնականում տեղի է ունենում գրողների միջև, գրական հարցերի շուրջ` հաճախ անցնելով նաև անձնական վիրավորանքների սահմանը: Քաղաքական բանավեճի չեմ հանդիպել: Իհարկե քննադատական հոդվածներ կան, սակայն որ դրանք վերածվեն լուրջ դիսկուրսի, չեմ հիշում: 2009-ի դեկտեմբերին արցախյան հարցի լուծման սկզբունքների շուրջ ես գրեցի "Կոմպետենտության մասին կամ ստեփանակերտյան սկզբունքներ" հոդվածը, որը պատասխան էր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին կամ մի հրապարակային բանավեճի շարունակություն էր այս անգամ "ԱԶԳ" և "Ազատ Արցախ" թերթերում: Հոդվածը մի քիչ սուր էր, բացի քննադատությունից կար նաև մեղադրանք: Հոդվածը գրելիս ես հույս ունեի, որ այն կունենա արձագանքներ, դիսկուրսի տարբեր մասնակիցներ կմիանան մեզ, կարտահայտեն իրենց տեսակետները հրապարակայնորեն: Վահրամ Աթանեսյանը հոդվածն ընդունեց որպես իր դեմ ուղղված ակտ, "Ազգ"-ում պատասխանեց ոչ նորմալ ձևով` առանց խոսալու իմ բերած որևէ փաստարկի դեմ և հիմնականում ցանկանալով վիրավորել ինձ: Համալսարանի իմ գործընկերներից ոմանք նույնպես չկարողացան ճիշտ հասկանալ հոդվածի իմաստը, ոմանք գովեստի խոսքեր շռայլեցին ինձ, ոմանք ասացին, որ ես պետք է պատգամավոր դառնամ և նման բաներ: Ի դեպ մինչև հիմա էլ որևէ կերպ չեմ կարողանում հասկացնել, որ հոդված գրելն ու որևէ հարցի շուրջ արտահայտվելը քաղաքական ակտ չէ, որ քաղաքագիտության դասախոսը կարող է նաև հոդվածներ գրել քաղաքական թեմայով, որ դա նորմալ երևույթ է: Բայց ցավոք շատ քչերն են հավատում դրան: Միգուցե պատճառն այն է, որ Արցախում դասախոսները քիչ են հոդվածներով հանդես գալիս: Միգուցե: Եղան նաև Վահրամ Աթանեսյանին պաշտպանողներ, հենց իրեն, ոչ իր տեսակետները: Իր հետ ժամանակին թերթում աշխատածները գովեցին նրան որպես լավ լրագրողների, եղան նաև նրանք, որոնք ասացին թե ես իրավունք չունեմ ''քննադատել մեր իշխանավորներին": Ի դեպ վերջին միտքն արտահայտեց ԱԳՆ մի բարձրաստիճան տիկին: Մի խոսքով ոչ իմ, ոչ Աթանեսյանի կողմնակիցների միջև չեղավ մեկը, որ խոսեր սկզբունքների մասին: Աթանեսյանն իմ փաստարկներին պատասխանեց միայն էլփոստով, և այսպես մենք 4-5 նամակ փոխանակեցինք:
Այս առումով հետաքրքիր վայր են դառնում բլոգներն ու Ֆեյսբուքը, որտեղ հոդվածը տեղադրելուց հետո քիչ թե շատ քննարկումներ գնում են: Սակայն այստեղ էլ Արցախին, հատկապես նրա ներքին կյանքին, հասարակությանը հուզող ամենօրյա խնդիրներին հրապարակումները շատ քիչ են, քննարկումներին էլ հիմնականում արձագանքում են Հայաստանից: Տարբեր ՀԿ-ներում, կուսակցական մարմիններում կազմակերպվող հարցերի քննարկումները հասարակական դիսկուրս չես անվանի` դրանց ազդեցության բացակայության և փոքրիկ լինելու պատճառով: Մի խոսքով հասարակական դիսկուրս Արցախում չկա: Դիսկուրսից մարդիկ վախենում են: Ինչու: Չգիտեմ: Միգուցե վախերն իներցիայի արդյունք են: Խորհրդային իներցիայի: Չեմ կարծում: Ի վերջո կա երիտասարդ սերունդ, կամ կյանքի մեծ մասը հետխորհրդային իրականության մեջ անցկացրած սերունդ: Այս դեպքում կարևորում եմ ՀԿ սեկտորի դերը, որն ինքը պետք է դիսկուրսի հիմնական լոկոմոտիվը լինի: Ցավոք սրանց մեծ մասը հիմանականում զբաղված են peacebuilding-ով, հայ-ադրբեջանական սիլի-բիլիով և ուղղակի փող են աշխատում նման ծրագրերից կամ լավագույն դեպքում` զբաղվում տուրիզմով: Արցախում պետք են հասարակությունում առկա խնդիրներից խոսողներ: Շատ են պետք: Միայն այդ ձևով խնդիրները` լինի դա առողջապահության ցածր որակ թե դիսկոտեկայի բացակայություն, կարող են լուծումներ գտնել: Բարեկեցիկ, հաջողված հասարակություն լինելու համար, նախ և առաջ պետք է հասարակություն լինել: