Հայկական պարը մեր քաղաքակրթության լավագույն ապացույցն է. Գագիկ Գինոսյան

May 02, 2012 16:47

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն էր, որը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարի միջազգային խորհրդի կողմից` ի պատիվ ֆրանսիացի անվանի պարող և բալետմեյստեր Ժան Ջորջ Նովերի: Հայաստանում այն նշվում է 1982 թվականից:

Հայկական ազգային պարային մշակույթի պահպանման նվիրյալներից է արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի երախտավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Օրվա խորհրդին համահունչ` Tert.am-ը զրուցեց արվեստագետ Գագիկ Գինոսյանի հետ:


Հայկական պարերում ամփոփված են հայի հոգեկան աշխարհն է ու ողջ կենցաղը

Խոսելով պարարվեստի առանձնահատկությունների մասին, արվեստագետ Գինոսյանը նախ ընդգծում է պարի` մարդուն ինքնամաքրման ճանապարհով տանող արվեստի յուրահատկությունը, արվեստ, ուր ներդաշնակվում են մարմինն ու հոգին:

«Մարդու վրա ներազդելու, նրանում ազգային նկարագիր սերմանելու, ազգային ակունքներից սնվելու և տեսակն ավելի բազմապատիկ դարձնելու ավելի լավ միջոց դժվար է գտնել, քան պարն է»:

Եվ ուրեմն, ո՞րն է հայկական պարերի խորհուրդը, հարցին Գագիկ Գինոսյանը պատասխանում է.«Հայկական պարի մասին խոսելիս, ես նախ պետք է հիշեմ մեծն Կոմիտասի խոսքերը. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»: Այս իմաստով հայկական պարը մեր` նախկինում ունեցած քաղաքակրթության լավագույն ապացույցն է»:

Վերահաստատելով մեր այն դիտարկումը` թե հայերս աշխարհում միակ ժողովուրդն ենք, որի պարարվեստում ամփոփված է մեր հոգևորն ու կենցաղը, արվեստագետն, իբրև ասվածի ապացույց, մեկնաբանեց հայկական ամենաավանդական պարի` «Գյովնդի» խորհուրդը:

«Գյովնդը» համայնքային պար է( «գյովնդ» բառ «գունդ» բառի գրաբարյան տառադարձությունն է) և խորհրդանշում է համայնի ամբողջականությունն ու միասնականությունը: Այն պարտադիր պարում են փակ շրջանով, իմաստն այս է` թույլ չտալ, որ չար ուժերը ներթափանցեն համայնք: Պարի շարժումը` երկու անգամ գնալ աջ, մեկ անգամ ձախ, ունի հետևյալ խորհուրդը. դեպի աջ ընթացքը հաջողության խորհրդանիշ է, հայոց մեջ «աջ», «առաջ» բառերը հաջողության հոմանիշներ են, իսկ «ձախը», որը նշանակում է թարսություն` «ողբերգություն», «մահ» բառերի հոմանիշն է: Բացի այդ, երկու քայլ աջ, մեկ քայլ ձախ տեղափոխվելը խորհրդանշում է նաև կյանքի տատանողականությունը, պարի շրջանը նաև մեր կյանքի շրջանի խորհուրդն է»:

«Գյովնդ» պարով հնում հայերը նաև փորձել են վայելել մեր հեթանոս աստվածների նախախնամությունը, արժանանալու նրանց հովանավորությանը:

Գագիկ Գինոսյանը նկատում է, որ հայկական պարերը, մեծամասամբ, աջ գնացող պարերն են ու իրենց մեջ նույն խորհուրդն են պարունակում, այն է`պարով ներազդել մեր կյանքի դեպի աջ տեղաշարժին:

Բայց քանի որ հայկական պարերում արտացոլված է հայ մարդու ողջ կենցաղը, հետևապես, չէին կարող չլինել կյանքի դժվարություններն արտահայտող պարեր ևս.«Այո, կան նաև դեպի ձախ գնացող պարեր, որոնց ժողովուրդն այդպես էլ կոչում է` «Թարս պար»: Իսկ «թարս» բառը հին լեզուներում, նաև հայերենում, նշանակում է երաշտ, կյանքի չորացում: Նման պարերի մեջ են մտնում նաև ողբերգաց կամ մահվան պարերը, դրանք նաև «Կոծապար» են կոչվում, որ գալի է լաց ու կոծ բառից»:

Հայկական գերեզմանատներին կից եղել են նույնիսկ «պարահրապարակներ», ուր թաղման ծեսի ընթացքում հայերը պարել են ողբերգաց պարեր:

«Կան «Թարս պար»-ի տարատեսակներ, որոնք նաև հիշատակի պարեր են և կատարվել են մեր նախնիների հիշատակի հավերժացման արարողությունների ժամանակ: Ինչպես նաև, կան դեպի ձախ պտտվող չարախափան, անեծքի պարեր, դրանք ուղղվել են հակառակորդին` թշնամուն»,-տեղեկացնում է Գինոսյանը` բերելով շատախցիների օրինակը. 200-300 տարի քրդերի կողմից հարստահարված շատախահայությունը նաև պարերի միջոցով է քրդերի նկատմամբ արտահայտել իր բողոքը:

Այսպիսով.«Հայերս ունենք մեհենական, այսինքն՝ տաճարային պարեր, որոնցից են մեզ հասած իշխանաց պարերը, ունենք աշխատանքային, ճանապարհ գնալու պարեր, և վերջապես, ունենք հզոր ռազմապարեր»:

Սա փաստում է այն մասին, որ հայ մշակույթի մեջ ուրույն տեղ է ունեցել պարարվեստը: «Անշուշտ»,- նկատում է արվեստագետը հաստատելով.«Պարարվեստը մեր կյանքն է, քանի որ հայի ամբողջ կյանքը արտացոլված է մեր պարերի մեջն է` հոգևորից մինչև կենցաղ, այսինքն` կյանքն իր բոլոր դրսևորումներով առկա է մեր պարերում»:

Աղթամար կղզում էի, ինձ մոտեցավ մի մարդ ու հարցրեց…

Հայտնի է, որ Գագիկ Գինոսյանը Հայաստանի տարբեր շրջաններից գրառել է պահպանված պարային վերջին նմուշները: Բազմաթիվ ազգագրական պարեր վաղուց մոռացության գիրկն անցած կլինեին, եթե ազգային պարարվեստի երախտավոր գործիչն իր ժամանակն ու սերը չնվիրեր դրանք կործանումից փրկելուն:
Նա հավաքել, մշակել և բեմադրել է Մեծ Հայքի տարբեր գավառների պարերը:

Մեր հարցին` եղել եք Արևմտյան Հայաստանում, իրո՞ք, հաջողվել է փրկել հնարավորը, ասաց.«Ես ցավում եմ, որ շատ տեղերում չեմ եղել, Մուշից եմ որոշ պարեր գրառել, նաև Վանից»: Արվեստագետին անհանգստացում է այն հանգամանքը, թե որքանո՞վ են այդ պարերն իրենց մեջ պահպանել հայկականությունը, քանի որ վիճելի է` որքանո՞վ են զտարյուն հայեր նրանք, որոնցից պարային նմուշներ է հավաքել պարարվեստի մշակը:

Չնայած մտահոգությանը, այնուհանդերձ, կատարվածի դրականն այն է, որ եղածը կարելի է հավաքել ու զուգահեռներ անցկացնել հայկական հետ:

Գ. Գինոսյանը տեղեկացրեց, որ գրառումներ է արել նաև համշենահայերից, և այդ նմուշները ներկայացվել են բեմում ` «Կարին» համույթի կողմից:

Արվեստագետը` Արևմտյան Հայաստանում գտնված օրերի մասին մի այսպիսի հետաքրքիր հուշ պատմեց.
«Վանա լճի Աղթամար կղզում էի, հագիս հայկական տարազ էր: Ինձ մոտեցավ մի մարդ, հարցրեց` ո՞վ ես և ի՞նչ հագուստ ես կրում: Ասացի` հայ եմ, հագուստս էլ հայկական իշխանական տարազ է: Ես էլ նրան փոխադարձաբար հարցրեցի իր ազգությունը, ասաց, որ քուրդ է: Խնդրեցի նրան իրենց պարերից մի քանի շարժումներ ցույց տալ` պարեց: Ես էլ, իր խնդրանքով, հայկական մեկ-երկու շարժում ցուցադրեցի: Հանկարծ` հուզվեց, խնդրեց գնալ իր կրպակը, ուր վաճառվում էին հուշանմուշներ: Առանձնանալով սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել ու ասաց՝ ես գեվաշցի հայ եմ, բայց ոչ մեկին չասես: (Գեվաշը Վանա լճի ափին գտնվող հայկական փոքրիկ քաղաք է)»:
Այս դեպքում, ինչպես ասում են`մեկնաբանություններն ավելորդ են:

Հանուն փողի մեր ազգային արժեքներն ենք ոտնատակ տալիս

Մինչ պարարվեստի նվիրյալները փորձում են վերականգնել հինը, սակայն մյուս կողմից էլ անխնա մոդեռնացվում է մեր ազգային մշակույթը: Գործ ունենք հանուն փողի մեր ազգային արժեքների ոտնահարման փաստի հե՞տ:

Մեր հարցին ի պատասխան, արվեստագետը նկատեց.«Խորքային հարց եք բարձրացնում. մի քանի անգամ այս խնդրի շուրջ նաև խոսել եմ բարձրաստիճան ղեկավարների հետ, բայց…: Բազմիցս եմ ասել այսօր Հայաստանում կատարվում է մշակութային ինտերվենցիա: Եթե մեզ շրջափակում են ու կանգնեցնում տնտեսական խնդիրների առաջ, որպեսզի Հայաստան երկիրը չզարգանա, երբ Թուրքիան ու Ադրբեջանն ու էլի այլ ծպտյալ երկրներ քաղաքական լոբբինգ են անում մեր դեմ, լուրջ գումարներ են ներդնում՝ մեզ տնտեսական, քաղաքական, գաղափարական դաշտում ոչնչացնելու համար, ինչո՞ւ չպետք է ենթադրենք, որ պարբերաբար այդ գումարներն ուղղվում են նաև մեր մշակույթի ոչնչացմանը»:

Եվ ուրեմն, ի՞նչ ենք անում մեր դեմ ուղղված «զենքի» դեմ պայքարելու համար.«Ոչինչ, քանի որ որևէ մշակութային քաղաքականություն չի իրականացվում, ոչինչ չի արվում մեր մշակույթը փրկելու համար: Փոխարենը, ինչ- որ մեկը գումար է ներդնում ու շրջանառում մի այնպիսի մշակույթ, որը սերունդ կործանող է: Իսկ գաղափարական հենք չունեցող երիտասարդը, երբ տեսնում է, թե դեպի ուր են հոսում գումարները` ձգտում այդ հեշտին, այսինքն, մտնում է մի դաշտ, ուր հնարավոր է հեշտությամբ փող աշխատելը, բայց այդ դաշտում այլևս չկա ազգայինը: Մինչդեռ ազգայինը պահպանելն այսօր մաքառում է պահանջում»,-ցավով նկատում է Գագիկ Գինոսյանը:

Ազգային մշակույթի նվիրյալն ին՞չ խորհուրդ-հորդոր ունի ուղղված հայ պատանիներին ու աղջիկներին` մեր մշակույթը ճանաչելու, պահել-պահպանելու առումով:

«Ես մի բանաձև ունեմ, որը սկսվում է «ինքնա» նախածանցով. մարդը պետք է լինի ինքնաճանաչ, դրանից պետք է ծնվի ինքնահարգ լինելու գաղափարը, ապա` ինքնիշխան ապրելու գիտակցումը: Ինքնաճանաչը`առաջին աստիճանն է, ինչն էլ փորձում ենք տալ մեր երիտասարդությանը. ճանաչել ինքդ քեզ, քո պատմությունը, լեզուդ ու մշակույթը»:

Ազգային պարարվեստը, ըստ Գինոսյանի, նպաստում է հենց ա՛յդ գիտակցմանը: Քանզի սեփական տեսակը չճանաչող մարդուն շատ հեշտ է հաղթելը: Շատ հեշտ է տապալել այն ծառը, որը չունի խորն արմատներ: Իսկ դա լինում է թերարժեք, կեղծ, կիսահայ մշակույթ սերմանելով:

Աղբյուրը՝ http://tert.am/am/news/2012/04/29/ginosyan/

«Կարին», Գագիկ Գինոսյան, Հայֆոն, հայ ազգային պար, ՀայՖոն շարժում

Previous post Next post
Up