«Ցավոք մեր վարդի մեջ փուշն ավելի շատ է». Դանիել Երաժիշտ

Jan 20, 2012 19:31


Հարցազրույց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժշտի հետ:

Ի՞նչպես կնկարագրեք հայ մշակույթի ներկա վիճակը:

- Խառնիճաղանջ: Ես այդպես եմ հասկանում. մի կողմից հայոց հանճարի փայլատակումներ, որը մենք նկատում ենք մեր իսկական մշակույթ ստեղծող, կրող, շենացնող գործիչների արվեստում: Կարելի է թվարկել ջութակահարներին, դաշնակահարներին, շախմատիստներին, ես շախմատն էլ արվեստ եմ համարում: Սրանք մեր կյանքի լուսավոր և հուսադրող կողմերն են: Դրա հետ մեկտեղ, ինչպես վարդն առանց փշի չի լինում, այնպես էլ մեր ներկա մշակույթը: Ցավոք մեր վարդի մեջ փուշն ավելի շատ է:

Եթե վարդը դիտենք ինչպես միջնադարյան պոեզիայում, ապա Պետրոս Ղափանցին դիտում էր վարդը ոչ միայն սիրո, Մարիամ Աստվածածնի սիմվոլ, այլև որպես հայրենիքի խորհրդանիշ: Այս դեպքում պետք է ասել, որ մեր այսօրվա վարդը շատ փշոտ է: Փշերն անցումնային շրջանին բնորոշ վայրիվերումներն են, սայթաքումները, սխալները: Կան նաև չարաշահողներ, պատեհապաշտներ, ովքեր առիթից օգտվում են:  Միշտ էլ լինում են այդպիսի մարդիկ: Ինչպես Վլադիմիր Մայակովսկին էր ասում, կան սրիկաներ մեզանում և մեր շուրջը: Այդպիսի մարդիկ միմյանց օգնում են, որ խանգարեն մեզ, նրանք հիանալի ձևով «զուգերգ» են կատարում, գործում լավ համախմբված: Թույլ և նեղ վիճակում հայտնված մարդիկ շատ շուտ են ընկնում թակարդը և շուտով կորցնում իրենց դիմագիծը:
Մի կողմից ունենք նվաճումներ, որոնք շարունակում են մեր ժողովրդի ստեղծած ավանդույթը, այսինքն փառահեղ մշակույթի շենացումը և փոխանցումը, իսկ մյուս կողմից` մոլախոտեր, որ խանգարում են այդ ծաղիկների ծաղկմանը: Եվ մենք պետք է կարողանանք առանց մեր դիմագիծը կորցնելու ճիշտ պայքար տանել հանուն մեր մշակույթի, հոգևոր կյանքի անաղարտության: Այսինքն, հետևելով Խրիմյան Հայրիկի օրինակին, «Հայրենյաց փշերի մեջ դարձյալ որոնենք սիրուն վարդ»: Նախ մենք պետք է մեզ ամրապնդենք, յուրաքանչյուրն իրեն տրված առաքելությունը պետք է ճիշտ կատարի, միայն այդ դեպքում մենք խոցելի չենք լինի և կկարողանանք պաշտպանվել: Սա մոտավոր ուրվագիծ  է, գուցե  մի քիչ վերացական, բայց ուրվագիծը սա է:

Ի՞նչու է այդ պատկերը ստեղծվել անկախ Հայաստանի պայմաններում:

- Մշակույթի աղավաղումը, առևտրականացումը, քաղաքականացումը նոր չի սկսվել, պարզապես հիմա ավելի կատաղի բնույթ է կրում: Մենք անկախ ենք, բայց ոչ համաշխարհային հանրությունից: Միշտ էլ կան տնտեսական, առևտրական առնչություններ, կա նաև պայքար, բոլորի պատերազմ ընդդեմ բոլորի: Սա գալիս է Ադամի մեղսագործությունից սկսած: Այդ պատերազմի մեջ մշակույթն է տուժում: Նյութաշխարհն իր օրենքներն ունի, նյութաշխարհում ձգտում են կուտակել երկրային արժեքներ: Մարդիկ ձգտում են նրան, ինչը շուտ է հարստացնում իրենց:
Շոուբիզնեսի միջոցով կարելի է հարստանալ, որովհետև այն ունի զանգվածային ազդեցության ոլորտ: Այսօր շոուբիզնեսի հիմնական թիրախը պատանիներն են, ովքեր դեռ կայացած չեն: Դա այն տարիքն է, որ ծնողն ամեն ինչ անում է, որպեսզի իր երեխան լինի հասարակության լիարժեք անդամ: Այդ ամենը լավ գիտակցում են «առևտրականները» կամ էլ «գիշատիչները» և այդ պատանիներին թմրանյութի պես հրամցնում են հակամշակույթ, որը հիմնականում բնազդների վրա է ազդում: Ներկայիս շոուբիզնեսի ներկայացուցիչները երգեր են հրամցնում, որոնք  սեռական, մարմնական, մարմնապաշտական բնույթի բովանդակություն ունեն: Այդպիսով նրանք կարողանում են խաբել և մոլորեցնել պատանիներին: Մեր պատանիները, դեռ չծանոթացած սեփական ժողովրդի արվեստին, արդեն կաղապարված են խառնածին «չարվեստով»: Երբ որ մարդ տիրապետում է իր մայրենի լեզվին և մշակույթին, նա արդեն իմունիտետ ունի այդ «չարվեստի» նկատմամբ, իսկ երբ նա կտրված է ազգային ակունքներից, ընդունում է այն, ինչ տալիս են: Դա բնական երևույթ է, քանի որ բնությունն էլ դատարկություն չի սիրում:
Ներկա շոուբիզնեսի երաժշտությունն ընդհանրապես կապ չունի երաժշտության հետ, այն ամբողջովին աղմուկ է, իսկ մենք գիտենք, որ աղմուկը երաժշտության թշնամին է: Մի տեղ որ առկա է ագրեսիան, դա երաժշտություն համարվել չի կարելի: Ես մի առիթով ասել եմ, որ այդ շոուբիզնեսի ներկայացուցիչներն իրենց թվացյալ երջանկությունը կառուցում են մեր իրական դժբախտության վրա:

Այդ դեպքում ի՞նչ ելքեր եք տեսնում:

- Եթե մատաղ սերունդը ազգային արժեքները չունենա, չփայփայի այն, ապա էլ ի՞նչը պետք է պաշտպանի: Եթե մարդը չունենա ծնողներ, հայրենիք, ապա ինչի՞ համար պետք է պայքարի կամ կյանքը տա: Այդ դեպքում հայրենիքը դառնում է հողամաս, թանգարաններն ու ինստիտուտները դառնում են օբյեկտներ, իսկ իրենք՝ բիզնեսմեններ: Այդպիսով մարդը վերածվում է ստրուկի, իսկ մենք գիտենք, որ ստրուկը ի վիճակի չէ պայքարելու: Ահա, թե ինչի է հանգեցնում մշակույթից մարդուն կտրելը:  Եթե մարդն իր ներաշխարհով դառնում է ստրուկ, ապա այդ դեպքում էլ ինչների՞ս է պետք անկախությունը: Ստրուկը նախ պետք է անկախանա, նոր պայքարի անկախության համար:
Մեր մշակույթի միակ փրկությունը պետության լծակների գործադրման մեջ է, որովհետև «չարվեստը», կործանարար ուժերը ավերիչ են:  Այս մշակութային ահաբեկչության դեմ պետք է պայքարի ամբողջ ազգը՝ պետության շահագրգռվածությամբ և աջակցությամբ:  Միայն այս դեպքում մենք կձերբազատվենք այդ օտարերկրյա հակամշակույթի թափոնից, որն էլ մատուցում են շոուբիզնեսի ներկայացուցիչները: Առանձին անհատներ մտածում են մեր մշակույթը փրկելու մասին, սակայն նրանք ընդամենը անհատներ են: Միակ հույսս հրաշքն է: Իսկ եթե պետությունը չմիջամտի, ուրեմն պետությունն էլ է հավատում հրաշքին: Հիշեցի Նարեկացու խոսքերը. «Այն, ինչ ստեղծել է Աստված, մարդ ի վիճակի չէ ոչնչացնել»:

Հույսս միայն հրաշքն է…

Աղբյուրը՝ Times.am:

արվեստ, Դանիել Երաժիշտ, ազգային մշակույթ, մշակույթ, «Շարական» համույթ

Previous post Next post
Up