Հայ երգի մշակ, ազգային երգերի նվիրյալ կատարող Սահակ Սահակյանն իր բազմաթիվ բարեգործական համերգներով ոգեշնչել է Արցախի ազատամարտիկներին: Երկարատև հիվանդությունից հետո նա նորից մեզ հետ է, նորից իր նպատակին հավատարիմ և շուտով կտոնի իր 60-ամյակը: Այս կապակցությամբ խնդրեցինք նրան ներկայացնել իր` որպես կատարողի ու ստեղծագործողի անցած ուղին:
Ծնվել եմ աքսորում: Աքսորականները խորհրդային ժամանակաշրջանի անմեղ զոհերից էին։ Երբ հայրս վերադարձավ առաջին աքսորից, որպես պատիժ, որ կենդանի է մնացել, աքսորեցին երկրորդ անգամ, ընտանիքի հետ: Երկու քույրերս հորս առաջին աքսորի ժամանակ մահացել էին: Երկրորդ անգամ մայրս, թողնելով 18-ամյա քրոջս Հայաստանում, կրտսեր քրոջս և եղբորս հետ մեկնում է հորս մոտ` Կրասնոյարսկի երկրամաս: Լինելով շատ կամային և ուժեղ մարդ՝ հայրս նույնիսկ աքսորի դաժան պայմաններում զավակ ծնեց՝ որպես նվեր իր ազգի համար: Այդ նվերի գաղափարն ինձ ուղեկցում է ողջ կյանքիս ընթացքում: Ես հնարավորինս ամեն բան անում եմ այնպես, որ արժանի լինեմ հորս հիշատակին։
Մեր ընտանիքում երգի մեծ սեր է եղել: Պապս երգել է, հայրս` Մկրտիչ Սահակյանը, Գյումրիում հայտնի աշուղ է եղել` Դվալի Մկրտիչ անունով։ Նա աշուղական տաղաչափական օրենքներն իմացող վերջին մոհիկաններից էր: Ես էլ փոքր տարիքից սկսել եմ երգել. երգում էի հորս երգած երգերը: Առաջին երգը, որ սովորել եմ երգել փոքր հասակում, Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման»-ն էր: Իմ համեստ կարծիքով, եթե հայ երգիչն աշուղական երգեր չի կատարում, լիարժեք ժողովրդական երգիչ չի կարող համարվել: Երգչի մասնագիտական կրթություն չեմ ստացել և ինձ պրոֆեսիոնալ երգիչ չեմ համարում: Բայց շատ եմ ինքնակրթվել և չեմ փորձել ընդօրինակել որևէ մեկին:
Մասնագիտությամբ ֆիզիկոս եմ: Ավարտել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Համալսարանական տարիներին երգել եմ Հովհաննես Չեքիջյանի ուսանողական խմբում: Ավարտելուց հետո անցել եմ ծառայության խորհրդային բանակում (սպայի կոչումով): Ծառայությունը վերջացնելուց հետո ընդունվել եմ աշխատանքի և որոշ ժամանակ անց մեկնել Մոսկվա` ասպիրանտուրա, 1985 թ. պաշտպանել եմ գիտական թեզ ֆիզքիմիայի բնագավառում և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի կոչում:
Արդեն 1982-83 թթ. ընկերներով ստեղծեցինք «Մարաթուկ» ազգային անսամբլը` Մկրտիչ Սարգսյանի (Մգրո) ղեկավարությամբ: Մինչ այդ գործում էր «Ակունքը» Հայրիկ և Մարո Մուրադյանների ղեկավարությամբ, որին փորձեցինք չնմանվել և ներկայացանք սեփական ձեռագրով (հատկապես երգացանկով): Հետագայում՝ 1989-ին, Թովմաս Պողոսյանի հետ ստեղծեցինք «Գանձասար» ազգագրական անսամբլը: Ավելի ուշ, ստանալով մաեստրո Հենրի Մանգասարյանի հրավերը, դարձա Հայաստանի ժողգործիքների պետական նվագախմբի մենակատար:
«Արցախյան գոյամարտն իմ կյանքում նոր շրջադարձ էր…»
1988 թ. սկսվեց ազգային-ազատագրական շարժումը: Մենք ունեինք ոգեշնչող երգերի պակաս: Դեռ ուսանողական տարիներին, երբ բարձրանում էինք Ծիծեռնակաբերդի բարձունքը, երգում էինք մեզ հայտնի հայրենասիրական երգերը՝ «Ի բյուր ձայնից»-ը, «Բամբ Որոտանը» և այլն: Բայց այս ընթացքում իմ ձեռքն ընկավ Բեյրութից մի ձայնապնակ, ունկնդրեցի այդ երգերը՝ նվիրված Անդրանիկին, Աղբյուր Սերոբին, Գևորգ Չաուշին և մեր մյուս քաջ ֆիդայիներին, ինձ համար նոր բացահայտումներ արեցի և ազգային երգարվեստի մի ամբողջ շերտ ինձ տարավ իր հետևից: Արցախում այդ երգերը ազատամարտիկների զենքը դարձան: Բայց զարմանալի է, որ այսօր քաղաքում գովազդային վահանակների վրա «Իմ երգը իմ զենքն է» արտահայտությունը այնպիսի մարդկանց ու այնպիսի երգերի հետ է նույնացվում, որոնք թե՛ Արցախի և թե՛ ազատագրական պայքարի հետ որևէ կապ չեն ունեցել:
Ես մեծ խոնարհումով և կսկիծով եմ հիշում իմ բոլոր զոհված ընկերներին, և շատերի շիրիմների առջև «Վերքերով լի ջանֆիդա» եմ երգել:
Մի երգի հետքերով կամ բացահայտում «Գետաշեն» երգի մասին
1988-ի այն երանելի տարիներին, երբ ես և իմ ընկերները գրեթե ամեն օր ու գիշեր Ազատության հրապարակի հարթակից ազգային երգեր էինք հնչեցնում՝ ոգեշնչելով մեր նորօրյա ֆիդայիներին, ինձ մոտեցավ Գագիկ Նազարյան անունով մեկը (այժմ` Գուսան Հայկազունը) և ասաց, որ երգեր է գրում։ Արագ աչքի անցկացնելով մի քանի տեքստեր, որոնք ինձ բավականին դուր եկան, նրան տարա Թովմաս Պողոսյանի բնակարան, ձայնագրեցինք մի քանի երգեր, այդ թվում՝ «Հայեր, միացեք»-ը: Հիշեցնեմ, որ դա 1988 թվականն էր, երբ «Գետաշենը» դեռ ասպարեզում չկար: «Գետաշենի» տեքստը նա հետո ինձ տվեց. այն չորս քառյակ էր` առանց կրկներգի։ Տեքստում որոշ փոփոխություններ կատարեցի, օրինակ` հեղինակը գրել էր` «Թառել ես լեռներին», ես փոխեցի` «Բազմել ես լեռներին», կամ հեղինակը թվարկում էր Գետաշենի հարևան գյուղերը` Ազատ, Կամո, փոխեցի` «Կողքիդ հայկական շեներն են լքված» տողով, որից հետո երկրորդ քառյակը` «Չորս կողմդ անդունդ է», վերածեցի կրկներգի։ Ապա ստեղծեցի «Գետաշեն» հանրահայտ երգի մեղեդին, որը նոտագրեց կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը: Եթե խոսքերի հեղինակն, ինչպես ինքն է պնդում, ունի այլ տարբերակ, թող ներկայացնի: Հետագայում` 1990-ի դեկտեմբերին, ես և Թովմաս Պողոսյանը Սիդնեյում առաջին անգամ ներկայացրինք «Հայեր, միացե՛ք» երգը` ամեն անգամ նշելով և մեծարելով երգի անհայտ հեղինակին: Սփյուռքում 1990-ին հրատարակված («Քրիստափոր» մատենաշար, թիվ 2) «Հայդուկի երգեր» երգարանում տպագրված է «Գետաշեն» երգը (էջ 236), որում նշված է` խոսք՝ Գագիկ Նազարյան, երաժշտ.` Սահակ Սահակյան:
1992-ի աշնանը Մոնրեալում ձայնագրեցի իմ առաջին ալբոմը, որում նույնպես զետեղված է «Գետաշեն» երգը: Ի դեպ, Սփյուռքի գրեթե բոլոր համերգների հասույթը փոխանցվում էր Արցախ: Այն ժամանակ այդպես էր և այդպես էլ պիտի լիներ: Հետագայում «Գետաշենը» երգել եմ Բեյրութում, Հալեպում, Քուվեյթում, Փարիզում, Լոնդոնում, Միլանում, Թեհրանում, Երուսաղեմում` ամեն անգամ ներկայացնելով խոսքերի հեղինակին և երբևէ չնշելով իմ անունը։ Պահպանվում են և՛ Սիդնեյի համերգի տեսագրությունը, և՛ Հանրային հեռուստաընկերությունում «Գետաշենի» իմ առաջին կատարումը, և՛ երգարանը: Ինչպես տեսնում եք, խոսքերիս մեջ ո՛չ մաղձ կա, ո՛չ թույն և ո՛չ էլ զայրույթ (էս կյանքում ես շատ ավելի թանկ բաներ եմ կորցրել): Ինչևէ, ես շնորհավորում եմ Գուսան Հայկազունու 60-ամյակը և ցանկանում նրան երկար, առողջ ու բեղմնավոր ստեղծագործական կյանք: Բայց թող մեկ-մեկ էլ հիշատակի այն մարդկանց անունները, ովքեր առաջինը բարձրաձայնեցին իր անունը և բեմ բարձրացրին իր երգերը Սփյուռքում և հայրենիքում: Որովհետև իրեն գուսան համարող, իրեն արևորդի և Հայկազուն հռչակող մարդուն վայել չէ փոքրոգությունն ու մոռացկոտությունը:
Բազմաթիվ երգեր և բանաստեղծություններ եմ հեղինակել, բայց երբեք ինձ բանաստեղծ, աշուղ կամ գուսան չեմ համարել, նույնիսկ` երգիչ, որովհետև բանաստեղծը Չարենցն է, իսկ աշուղը՝ Սայաթ -Նովան ու Ջիվանին:
Գրել եմ երգեր` նվիրված Շահումյանին, Շահեն Մեղրյանին (Շահումյանի և Շահեն Մեղրյանի մասին իմ գրած երգերը պատվերով չեն եղել): Այդ երգերի խոսքերի հեղինակը Շահենի մարտական ընկերն է` Ռաֆիկ Ղազինյանը, որի աչքի առաջ են խփել Շահենի ուղղաթիռը: Բառերը իսկապես շատ խոսուն են և արյունով են գրված.
Մի մեծ վերք է դաջվել Մռով,
Իծաքարիդ լանջին,
Ինչպե՞ս ականջալուր չեղար
Մեծ Շահենիդ կանչին:
Ախր, ինքդ տեսար, Մռով,
Գյուլիստան էր մտել,
Պապենական սյունն իրենց տան
Ո՞նց էր ամուր գրկել։
Փակվե՞լ էիր դու սև ամպից,
Թե՞ աչքդ էր կպել,
Ո՞նց թողեցիր, որ քո լանջից
Նահապետիդ խփեն:
Բացի հայրենասիրական երգերից ունեմ նաև մի քանի ռոմանտիկ երգեր, որոնք իմ անցյալի, իմ ապրումների արձագանքն են.
Լռել են երգերս բոցե,
Դարձել են ցավի արձագանք,
Աշունն իր դռներն է բացել,
Թռչում են օրերս արագ:
Մերօրյա մշակութային գործչի առաքելությունը
Դժվարություններ կան բոլոր ասպարեզներում, բայց դրանք հիմնականում պայմանավորված են ազգային արժեքների խախտումով, մեր ինքնությունից հեռացումով: Մշակութային գործչի առաքելությունը բոլոր ժամանակներում էլ նույնն է եղել: Նա, ով ստացել է Աստծո շնորհը, պետք է ծառայեցնի իր ժողովրդին, ծառայեցնի նվիրումով և անշահախնդրորեն: Այսօր մեզ պետք են անանձնական նվիրյալներ: Այժմ բոլորիս պիտի մտահոգի մեր փոքրիկ պետության, մեր ազգի ապագան: Պիտի մշակվի ազգային ծրագիր: Բայց անհասկանալի պատճառներով այսօր դադարել են հնչել մեր հին, հրաշալի ոգեղեն ազգային երգերը: Ես արդեն 40 տարի երգում եմ այդ երգերը, բայց յուրաքանչյուր նվիրյալ մշակի առաջ կանգնած է ապազգայինների մի բանակ՝ իր քրդախառն, թրքաբարո երգերով: Ցավալի է, որ նրանց մատուցելու համար կան հրաշալի պայմաններ. վարձվում են մեծ համերգասրահներ, ցուցադրվում պետական և մասնավոր հեռուստաալիքներով… Ինչպես աղանդավորներն են փորձում քայքայել մեր եկեղեցու հիմքերը, այնպես էլ սրանք են խարխլում մեր մշակույթի հիմքերը: Մի առիթով մեր երաժշտության գիտակ և նվիրյալ Դանիել Երաժիշտն այդ ապազգային տարրերին անվանեց մշակութային ենիչերիներ: Դրանք մարդիկ են, որ ջանք ու եռանդ չեն խնայում կապկելու թշնամու արվեստը՝ յուրատիպ կլկլոցներով. իմ մեջ, ամոթից բացի, խղճահարություն է արթնանում, երբ ականատես եմ լինում նման տեսարանների: Առավել քան ծիծաղելի է, երբ լսում ես նաև ժամանակակից երգահանների թրքաբարբառ երգեր. ջիգյար, յար, բալա, ղուրբան… Այժմ, երբ ունենք անկախ պետություն, պետական լեզու՝ հայերենը, ինչո՞ւ օգտագործել օտար բառեր: Զարմանալ կարելի է` Չարենց, Տերյան, Սևակ ունեցող ազգը ինչպե՞ս կարող է օտարաբառ կամ երեք բառանոց տեքստեր ունենալ: Չէ՞ որ ունենք նաև հրաշալի ռոմանտիկ հայրենասիրական երգեր.
- Խավարել եմ ինչպես գիշեր,
Իմ չորս կողմս է փոթորիկ,
Չունեմ քեզ սեր, չունեմ քեզ սեր,
Ես սիրում եմ հայրենիք:
Սմբատ Շահազիզ
Այսօր հակառակն է՝ հայրենիքին զինվորագրված զինվորն իր երգում շուտ տուն վերադառնալու մասին է խոսում։ Հայրենիքը չկա այդ երգերում: Չկա նաև թշնամու կերպարը: Մենք ունենք հրաշալի քայլերգեր, որոնք կարող են ոգեշնչել հայ զինվորին, սակայն այսօր բանակում այդ երգերը մատնվել են մոռացության:
Արցախյան պատերազմի օրերին էլ քիչ էին ազգային երգերը: Պիտի շնորհակալ լինենք մեր սփյուռքահայ հայրենակիցներին, որոնք երկար տարիներ փայփայում են մեր երգերը: Պատերազմից հետո էլ քիչ են պրոֆեսիոնալ երգահանների գրած երգերը մեր հաղթանակի և այդ հաղթանակը կերտողների մասին:
Ես սիրում եմ այսօրվա երիտասարդին ու հավատում, որ նա կարող է փոխել այս իրավիճակը: Ինչքան էլ փակեն նրա առջև դեպի ազգայինը տանող դռները, միևնույն է, նա լսելու է ու սովորելու: Չէ՞ որ այդ երգերը հաղթանակի ու սխրանքների մղող երգեր են: Այդ երգերն էին, որ Արցախ տարան հայ ազատամարտիկին… Այդ երգերով դեռ նոր հաղթանակներ ենք կերտելու:
Աղբյուրն`
այստեղ: