Ստեփանավանի կանաչ հրաշքը

Sep 03, 2012 18:27


Ամռան մի փոքրիկ հատվածը Ստեփանավանում անցկացրի։ Էնտեղ ժամանակ չկար գրելու։ Մտածեցի՝ գամ տուն, կգրեմ։ Էդպես էլ հարմար պահ չեղավ։

Ու քանի որ իմ «սեպտեմբերի 1»-ն ուշանում է (դեռ մի ամբողջ հանգստյան շաբաթ ունեմ), հիշեցի…

Մեր զինվորին այցելության էինք գնացել (բան չմնաց ծառայելու, ընդամենը երեք ամիս)։ Մեզ տարավ Ստեփանավանի բուսաբանական այգի (կամ, ինչպես այնտեղ են ասում, դենդրոպարկ)։

Ի՜նչ բուսաբանական այգի, մի հսկա անտառ է՝ տարբեր տեղերից (Գերմանիա, Չինաստան, Հվ. Կորեա և այլն) բերված ծառերով։ Այգին հիմնել է ազգությամբ լեհ Էդմոն Լեոնովիչը, որին տեղացիները, չգիտես ինչու, ասում են ռուս…

Այգի տանող ճանապարհն ամբողջովին քարուքանդ եղած է. պետք եղածից երկու անգամ ավելի ժամանակ ծախսեցինք այնտեղ հասնելու համար։ Բայց արժեր։ Մշտադալար ծառերը՝ եղևնիներ՝ արծաթափայլ և սովորական, սոճիներ, կաղնիներ ու կենսածառեր (կիպարիս) շատ կան այգում… Այգու ամեն ծառ ունի ցուցատախտակ, որի վրա գրված է նրա անունը և հայրենիքը։

Հաճելի էր կանաչի բույրը… Մաքուր էր ամեն ինչ, նստարաններ կային, դրանց կողքին՝ աղբամաններ։ Որոշ ծառերի մոտ խոտը չտրորելու ցուցանակներ։ Մնում է միայն ճանապարհը վերականգնել, և ամեն ինչ շատ ավելի լավ կլինի։ Հուսամ՝ մյուս անգամ վերանորոգված ճանապարհով կհասնեմ Ստեփանավանի դենդրոպարկ։

Հիմա այգու մոտ և դրա տարածքում առողջարան է գործում, տեղացիներն ասում են՝ բավականին թանկ հաճույք է։

Ինձ մեկ օրն էլ բավական էր։




















Ստեփանավան, բուսաբանական այգի, Լոռի, ամառ

Previous post Next post
Up