Խնդրո առարկա տեքստն՝
այստեղ:
Գրականության ակադեմիականացումը իսկական աղետ է, և Վարուժան Այվազյանն այդ պրոցեսի կարկառուն գործիչներից մեկն է: Ցավոք մարդիկ քիչ են հետաքրքրվում գրականությամբ, առավել ևս՝ այսօր. էնպես որ «աղետ» բառի գործածումը, ամենայն հավանականությամբ, շատերին չափազանցություն կթվա: Սակայն ես լուրջ հիմքեր ունեմ այդպես պնդելու: Ակադեմիականացումը գիրը դարձնում է ինքնանպատակ ինքնազմայլում, գրականության խնդիրները կյանքից տեղափոխվում են ինչ-որ աբստրակտ դաշտ, ընդսմին՝ այդ վերացարկումը նենգորեն իրականացվում է հենց նմանատիպ բանաձևերով, թե՝ «լեզուն պետք է բացահայտի կյանքը, լեզուն բխում է կյանքից, կյանքը լեզվից և այլն» (ինչ մեղքս թաքցնեմ՝ ես զուրկ եմ ակադեմիական խրթնախոսության շնորհքից… կամ գոնե կձևացնեմ, թե զուրկ եմ):
Այս ամենը հիշեցնում է Հեսսեի «Հուլունքախաղը», որի հերոսը հասել էր ակադեմիական արվեստի գագաթներին. այն զուտ արվեստի, որն արդեն մաքուր խաղ է, իսկ որպես հում նյութ ունի մարդկության մշակված անցյալը՝ մշակութային գանձարանը՝ իր հուլունքներով: Միայն թե Յոզեֆ Կնեխտը նախընտրեց փախչել այդ կասկածելի դրախտից ու մեռնել երջանիկ մահով՝ խեղդվելով լճի սառնորակ ջրում:
Կասկածելի է գրականության բաժանումը ազնվականի ու պրոլետարականի (ի դեպ՝ Վ. Այվազյանի խոսքից էդպես էլ պարզ չի դառնում, թե ո՞րն է երկրորդը): Ավելին՝ ըստ իս իսկականը հենց պրոլետարականն է: Իսկական գրողը անխոնջ աշխատանք է թափում և հոգ չի տանում ազնվական տիտղոսների ու կոչումների մասին: Եվ իսկական գրականությունն ունի մի հույժ պրոլետարական հատկություն՝ այն գրվում է մարդկանց համար, այլ ոչ թե՝ գրականագետների նեղ շրջանակի: Իսկական գրականությունը միշտ կոնկրետ է և կոնկրետի մասին է: Իսկական գրականությունը հենց Մասին է, այսինքն՝ ինչպես Սարտրն է նկատում՝ ունի իր ԻՆՉ-ը: Բայց այս գաղափարի դեմ կռիվ է տալիս ակադեմիականությունը: Ես սոսկումով եմ պատկերացնում երբեմն, թե ինչ տեսք ունի, օրինակ, Դոստոևսկին, երբ նրան դիտարկում են ակադեմիկոսի այս ակնոցի միջով: Ըստ երևույթին՝ իրական Դոստոևսկու հետ ոչ մի առնչություն չունի:
Ի՞նչ է անում «ակադեմիկոսը». նա գրականությունը հռչակում է մի ինքնաբավ տիրույթ, որում տերն ու տիրականը լեզուն է: Ինչպես Բացարձակ Ոգին Հեգելի փիլիսոփայության մեջ իր կողքին ուրիշ մեկը չունի, և ողջ իմաստը, ողջ գործը այդ ոգու ինքնաթավալումն ու ինքնաբացահայտումն է,- նմանապես այստեղ այդ Ոգու դերը տրվել է Լեզվին: Գրողն ընդամենը մեդիում է, որ օգնում է լեզվին ինքնաթավալվել ու բացել սեփական անժամանակյա իմաստները, որոնք ապրիորի առկա են իր (լեզվի) մեջ: Եվ ովքեր չեն տիրապետում այս մոգությանը, համարվում են պրոլետարիատ ու դուրս են շպրտվում գրական քրմերի համքարությունից:
Ուզում եմ շեշտել՝ ես դեմ չեմ գրականության հանդեպ ակադեմիական մոտեցմանը՝ նման մոտեցումն օգտակար է և անհրաժեշտ. ես դեմ եմ՝ գրականության ակադեմիականացմանը: Եթե մեր հայրենի գրականագիտությունն ուզում է ամուր գիտական հիմքերի վրա կառուցվել, ապա լավ կաներ, ալյա-Հեգել միստիֆիկացիաներով զբաղվելու և ընթերցողի գլխին ապաշնորհ բառակույտի նման գոհարներ թափելու փոխարեն, անդրադառնար ոչ թե լեզվին, այլ գիտակցությանը և հիշեր ֆենոմենոլոգիայի գլխավոր սկզբունքը՝ ինտենցիոնալությունը: Գիտակցությունն առհասարակ ինտենցիոնալ է՝ միտված է առ կոնկրետ առարկաները: Անառարկայական գիտակցություն ուղղակի չկա:
Գրականությունը՝ որպես լեզվի ինքնաբացահայտում, մեր գրականագիտության գլխավոր, գրեթե միակ թեման է և տարփողվում է տասնյակ, հայուրավոր տեքստերում, և պետք չէ զարմանալ, որ դրանց մեծ մասը նվիրված է գրողի լեզվին կամ թարգմանական խնդիրներին: Պետք չէ զարմանալ նաև, որ այդ մոտեցման հետևողական զարգացման արդյունքում Վ. Այվազյանը հանգում է տարօրինակ մի եզրահանգման՝ «լեզվական առումով բուն հեղինակը թարգմանիչն է»: (Ի դեպ ասած՝ այս վեճի արմատները, հավանաբար, շատ ավելի խորն են. նկատի ունեմ բողոքական մտքի հստակությունն ու սրությունը՝ ընդդեմ կաթոլիկական սխոլաստիկայի պաճուճագեղ լաբիրինթոսների, ընդդեմ ճիզվիտության…)
Սրա տակ կա նենգ մի մտադրություն՝ մենաշնորհել գրականությունը: Ես դեմ չեմ նույնիսկ խրթնախոսությանը, ես նույնիսկ համակրում եմ Վ. Այվազյանի լեզուն, որը տեքստի մեջ ճամփա է հարթում նորմալ կառուցվածքները շարունակ ջարդելու միջոցով. դա, առանց հեգնանքի, տաղանդի նշան է: Միայն թե պետք չէ դրանից փեշակ սարքել, առավել ևս՝ մոնոպոլիզացնել գրականությունը: Որքան էլ տաքսիստը հմուտ չվարի մեքենան՝ նա ընդամենը վարորդ է. մեկը պետք է կողքին լինի, որ նպատակակետն ասի՝ վարորդական հմտությունն ինքն իրենից չի կարող նպատակ արտածել: Միգուցե օրինակս տեղին չթվա. բայց նպատակ ասելով ես նկատի ունեմ ինտենցիան, գիտակցության ինտենցիոնալությունը. իսկ լեզուն հենց գիտակցության գոյաձև է:
Ովքե՞ր են գրական պրոլետարները… Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե գրականագետի նման հայացքի ներքո ինչ արժեք ունի, ասենք, Ջեք Լոնդոնի «Ծովագայլը» վեպը (ըստ իս՝ ժանրի գերագույն նվաճումներից մեկը): Վեպն արժեքավոր է, որովհետև հեղինակը անկեղծ ու բաց մենամարտի է մտնում Նիցշեի հետ, կենաց-մահու կռիվ է տալիս նրա նորահայտ գաղափարների դեմ: Եվ, ինչը հատկանշական է, ստեպ-ստեպ նաև գայթակղվում է Լարսըն գայլի (Նիցշեի) դիվային կերպարով: Սակայն Լոնդոնը կոնկրետ լեզվական խնդիրներ չի դրել իր առջև. վեպը գրված է ամենադասական ու «ստանդարտ» անգլերենով: Լեզվի մեջ և լեզվի միջոցով նա ոչինչ չի բացահայտում. հետևաբար՝ «ակադեմիկոսի» հայացքի ներքո նա ամենաիսկական պրոլետար է: Հը՞…
Հասկանալի է, որ լեզուն անքակտելիորեն կապված է գրողի անձնական և պատմական ժամանակի հետ, որ Սարտրն ու Քամյուն չէին կարող գրել նույն լեզվով, ինչ Բալզակն ու Հյուգոն, որ, նմանապես, Մայակովսկու լեզուն արմատապես տարբեր է Պուշկինի լեզվից: Հասկանալի է նաև, որ գրակագետի համար այստեղ ուսումնասիրությունների մեծ դաշտ է բացվում: Սակայն, դարձյալ, պետք չէ խնդիրն արտածել հակառակ պոչից և եզրակացնել, թե լեզուն է բուն հեղինակը (կամ՝ «լեզվական առումով բուն հեղինակը թարգմանիչն է»): Ցավալին այն է, որ երիտասարդ գրողներն են գայթակղվում այս ճանապարհով և հաճախ ամեն ինչ անում են՝ գրական քրմերի դասը խցկվելու համար: Հաճախ մի գործ ես կարդում, ապա՝ դրա գրախոսականը, և տարօրինակ տպավորություն է ստեղծվում, թե նախ գրախոսականն է գրվել, հետո՝ դրա տակ՝ բուն ստեղծագործությունը…
Ուշագրավ է, որ Սթիվըն Քինգը իր գրքերից մեկում, որն, ըստ էության, ինքնակենսագրական է, ինքն իրեն դասում է գրական պրոլետարիատի շարքերում: Քինգի ֆենոմենը առհասարալ հետաքրքիր է՝ մի գրող, որ գրեթե գիտակցաբար նախընտրում է լինել բուլվարային, նույնիսկ պարտադիր ճղճիմություններ է մտցնում իր գործերի մեջ (լրիվ հակառակ դեպք է Պաուլո Կոելյոն, բայց դա արդեն կորևոր չէ): Կարդալով նրա «Կանաչ մղոնը» վեպը մի պահ ինձ որսացի այն մտքի վրա, որ Քինգին մի քայլ է մնում դեպի «լուրջ» գրականություն: Սակայն հեղինակը ոչ մի կերպ չի ուզում հատել այդ սահմանը. տողերի արանքից նա կարծես նայում է բնիկ ամերիկացու խորամանկ հայացքով և աչքով անում. «Այ ախպեր, ձե՛զ լինի ձեր լուրջ գրականությունը, ձե՛զ լինեն ձեր նոբելները… իսկ ես ավելի լավ է Պոյի ու Հոֆմանի նման վախենալու պատմություններ գրեմ: Միևնունն է՝ ես գիտեմ, որ իրական գրականությունը, որն ընդունակ է ազդել մարդկանց վրա, ստեղծվում է այստեղ, այս սենյակում՝ իմ գրամեքենայի գլանի վրա»:
5,6/9-2015