Մաղձոտ մտքեր

Mar 14, 2014 09:22


Սովետը եկավ, թափ ու շռինդով ցնցեց-քանդեց հին աշխարհը: Տեղաշարժեց վաղուց կայացածի, հաստատագրվածի սահմանները, վերև ու ներքև բերեց՝ իրար հանդիպեցրեց: Աշխարհ էր կառուցվում: Զրոյից: Ավիրման ու շինարարության (լեզուս չի պտտվի, որ ասեմ՝ արարման) խրախճանք էր: Մինչ այդ մարդը գամված էր իր տեղին, հողին, դիրքին ու դասակարգին, ինչ-որ իմաստով՝ ապահովագրված պատահականից, պատահարից:

Սովետն ուրիշ էր: Պլանային մոտեցում, ռացիոնալիզմ՝ իր թեթևության մեջ հաշվի չնստող ավանդույթի հետ: Լա՞վ էր: Իհարկե, շա՛տ լավ էր, հրաշալի: Դժվարություններ էլ են եղել, բայց ես անցյալը չեմ վավերագրում հիմա: Ասում եմ՝ ռացիոնալիզատորական այդ ուժը մարդուն բմբուլի պես կարող էր շպրտել իր չիմացած ու չսպասած տեղը: Ծնվել է լեռներում ծվարած գյուղում, հետո ծառայել հեռավոր արևելքի անծայր տափաստաններում, ապա կրթվել մոսկվաներում ու լենինգրադներում, շարունակությունը՝ ընտանիք, աշխատանք, կոլեկտիվ, գործուղումներ՝ ես ինչ իմանամ՝ Կամչատկայից մինչև Կալինինգրադ հատույթով: Փորձ, շփումներ: Կյանքի՝ կոլեկտիվիզմի, աշխարհը վերստեղծելու, շինարարության եռք ու հրաբուխ: Չկար մի ձիրք, որ պահանջված չլիներ: Ի՜նչ երանելի ժամանակներ էին, չէ՞, գրողի համար: Բնականաբար՝ ոչ բոլորի: Իսկ ինչո՞ւ՝ բնականաբար:

Համենայն դեպս՝ շատերի: Դարբնոցների չլռող, անդուլ աշխատանքի տակ ճակատագրեր էին փշրվում-թրծվում: Մարդը շպրտված էր արտադրական համատիեզերական շքերթի բովը, գրական տեքստն ինքն իրեն էր ծորում-բազմապատկվում այդ անսպառ կենսանյութից:

Եվ ինչքան տեքստ գրվում՝ այդքանն էլ տպագրվում էր,- մամուլն ու մամլիչն անխափան խժռում էին գրչի արգասիքը,- ինչքան տպագրվում՝ այդքանն էլ կարդացվում էր: Բեմադրում էին, էկրանիզացնում: Եվ այն օրերից երևի մոդա դարձավ, ավելի ճիշտ՝ կայացավ որպես դոգմա, որ գրական տեքստը պիտի ճողփա իրական կյանքի առատության մեջ, պիտի կյանքով շնչի ու կյանք հորդա իր յուրաքանչյուր բառուստորակետից:

Երբ համեմատում ես նախահեղափոխական շրջանի գրականությունն, ասենք, սովետական գրականության հետ, ակնհայտ է դառնում մի որոշակի տարբերություն: Տոլստոյի, Դոստոևսկու, Չեխովի հերոսները լիարժեք են՝ այն մասնահատուկ իմաստով, որ դրանք նման են իրենց հեղինակներին: Դրանք հիմնականում լավ կրթություն ստացած, ազնվական ծագմամբ ու բարքով, խելացի, խորաթափանց մտքի տեր մարդիկ են: Մարդիկ, որ քաջ գիտակցում են իրենց առանձնահատուկ դրությունն ու այդ դրության ողջ ողբերգականությունը: Մարդիկ, որ հակված են շարունակական ինքնավերլուծության, կարողանում են հոդաբաշխ, մատչելի ձևով արտահայտել իրենց մտքերն ու ապրումները, չխորշելով փիլիսոփայական բառապաշարից՝ ձևակերպել ամբողջական գաղափարներ: Վերջապես, դրանք մշակույթի մարդիկ են՝ գիտեն մարդկության չարչրկված հարցերն ու դրանց պատասխանելու անցյալի ճիգերը, տեղյակ են ոգու վայրիվերումներին, դրա վերելքներին ու հուսախաբություններին: Միով բանիվ՝ այդ կերպարները համամարդկայնության կնիքն են կրում, գտնվում են համամարդկային դիսկուրսի ներսում:

Սովետից սկսած գրական հերոսների այդ տեսակը գրեթե վերացավ: Քեռի Վանյային թոշակի ուղարկեցին կամ պարզապես սպանեցին՝ իր տառապանքի հետ մեկտեղ, որը մինչև վերջ գիտակցված էր և կարողանում էր հոդաբաշխ նախադասություններով խոսել իր անունից... «Հասարակ մարդու», բանվոր դասակարգի կուլտն այնքան հիմնավոր մտավ գրականություն,- հետն էլ՝ այնքան բեղուն,- որ այդ նոր՝ պարզ ու քարակոփ կերպարները հորդացին ինչպես առատության եղջյուրից: Բանվորներ, հողագործներ, հովիվներ, դարբիններ, կոշկակարներ, համոներ ու կարապետներ՝ հողին ու հաստոցին կպած մարդիկ, սեփական՝ «սովորական» ճակատագրին ու դրա վայրիվերումներին կպած մարդիկ: Վերացավ համամարդկայնությունը, համընդհանուր դիսկուրսի մշակութային դաշտը փշրվեց. հիմա ամեն խաշնարած իր երեկոյան խոհերի, պարզ մտքերի մեջ մի նոր Արիստոտել է: Տո Արիստոտելն ո՜վ է. նրան էլ, Կանտին ու Հայդեգերին էլ կթքի-կանցնի, Շեքսպիրին ու Բալզակին էլ կծալի-կդնի գրպանը՝ մեկ դիպուկ խոսքով կամ, ավելի լավ է, լռությամբ, որի մեջ «կեցության ողջ տագնապն ու լարումն է ամփոփված» (էս տեսակ միստիկ ապուշությամբ մեր գրականագետների գրվածքները, չէ՞ որ, ուղղակի լցոնված են): Բուն խոսքի արժեքն էլ խեղվեց ու անկում ապրեց նորօրյա գեղարվեստի այս խայտաբղետ հաղթարշավի պայմաններում:

Եվ դա բնական է: Երբ չկան չափանիշներ, առատանում է «նորն» ու «ինքնատիպը», այսինքն՝ պատահականը: Ընդսմին՝ խոսքս միայն Սովետի մասին չէ, այլ՝ մեր ողջ դեմոկրատական դարի: Ասեղի ծակի մեջ աշխարհը զետեղելը դարձավ օրենք գրողի համար՝ առանց մտածելու, որ միգուցե աշխարհն, այնուամենայնիվ, չի՛ ուզում այնտեղ տեղավորվել: Փոստմոդեռնն ավելի շուտ է ծնվել, քան անվանվել է՝ այնժամ, երբ գեղարվեստն ու գաղափարը դարձան համարժեք բաներ, իսկ մտքերին ու ճշմարիտ ինտենցիային փոխարինելու եկան ակնթարթային ֆլեշ-իմաստություններն ու թափանցումները, կյանքի աբսուրդի դիպուկ լուսանկարումները: Կյանքն ինքնին, որպես հում նյութ, աբսուրդային է, հետևաբար՝ կյանք հորդացող գրականությունը առավել ևս պետք է այդպիսին լինի, որքան շատ՝ էնքան լավ: Այս մոտեցումն այնքան տոտալիտար է դառնում, որ ստեղծում է արվեստի ընկալման ու գնահատման պատրաստի կարծրատիպեր: Փորձես կանոնից մի թեթև շեղվել՝ կես էջից ավել չեն կարդա, կասեն՝ սա արվեստ չէ, ու մի կողմ կշպրտեն: Իսկական գրողը պետք է ամեն քայլափոխի փշրի ու բռնաբարի կանոնները, գրականության ամենաբարձր տեսակն աննպատակ խաղն է, նպատակն էլ թե կա՝ կյանքի աբսուրդը հնարավորինս շատ անսպասելի դիրքերից լուսանկարելն ու ի ցույց դնելն է, հարցականներն ու ակնարկները իրար վրա շերտ-շերտ բարձելը, բազմակետեր շաղ տալը: Կապակցված խոսքը վախ է ներշնչում. հերոսը կամ լռում է, կամ էլ կցկտուր «խորիմաստություններ» արտանետում: Խանգարում է իսկապես խոսել իմացող հերոսը. նրա խոսքը կյանք չէ, «արվեստ» չէ - սոֆիա է, ներդաշնակություն, իսկ մեզ հրապուրում է միայն կյանքի գունագեղ, խայտաճամուկ քաոսը: Նորից հեծանիվ հայտնագործելու հրճվանքը, քանզի այս «նոր» նկրտումների մեջ ինչ լավ բան որ կա (իսկ լավն, այնուամենայնիվ, կա)՝ հնում էլ արդեն եղել է, միայն թե՝ իր տեղում, իմաստավորված, ամբողջի մեջ բաղադրված ու ռեզոնանսով ուժգնացած:

Այդուհանդերձ, այսօր կյանքը փոխվել է: Պայմաններն էլ: Այսօրվա գրողը աշխարհի որբն է: Նրանք, որ հասցրին Սովետից իրենց բաժին կայանալիքն ու խոստովանվելիքը ստանալ, այսօր, իհարկե, մեր մեծերն են: Առանց չակերտների՝ նրանք իսկապես էլ մեծ են՝ մեծ երկրում են ծնվել, մեծ գործերի, մեծ ընթացքի մասնակցել, մեծ տպաքանակ ու լսարան ունեցել: Ի տարբերություն փոքրերիս, որ այնքան փոքր ենք՝ մանրէ ենք՝ խոշորացույցով ման գաս - չես գտնի: Կատաղորեն վրա պրծած կապիտալիզմն էլ շատ բան տեղը դրեց: Կյանքն այլևս չի հորդում, կյանքը քիչ է, շատ քիչ՝ պիտի պայքարես, որ քեզ էլ մի պատառ հասնի, էն էլ՝ ոչ թե բուն կյանքից, այլ սոսկ գոյության իրավունքից: Շփում, փորձ, շարժում, շինարարություն, ընկերություն, եղբայրություն - մոռացի՜ր էդ բոլորը: Դիրք ու պաշտոն կա, կարգավիճակ կա՝ հո բոլորը բոլորի հետ հավասարի պես չե՞ն շփվելու: Ամենաչքնաղ կանայք թանկանոց ջիպերի մթնեցրած ապակիների ետևում են՝ ո՛չ կտեսնես, ո՛չ էլ սիրտդ կկպնի:

Ես նույնիսկ գիրք կարդալու ժամանակ չունեմ, որովհետև ժամանակը փող է: Ինձ ոչ ոք չի արտոնել գրականությամբ զբաղվել. ես ի՛նքս եմ վճարում կարդալու և գրելու ժամանակի համար, բնականաբար՝ իմ մնացյալ ժամանակով, երբ ուղղակի փող եմ վաստակում: Ինձ ոչ միայն քոռ կոպեկ չեն տալիս գրելու համար՝ ի՛նքս եմ վճարում դրա իրավունքի համար:

Եվ այս ֆոնին - մեր փառահեղ մտավորականությունը, որ մինչ օրս մեծերի մեծ վաստակն է վերլուծում-պրպտում՝ իցե՞ թե այդ գիգանտների կտակած գանձարանում դեռ ինչ-որ բան լիակատար՝ բոլոր հնարավոր ռակուրսներից, ֆոկուսներից ու դիսկուրսներից չենք արժևորել, դեռ էնքա՜ն պիտի պրպտենք ու արժևորենք: Ջահելները թող սուսուփուս ականջ անեն, սովորեն, երկյուղեն... Այո, մենք չնչին ենք. ես, որ երկար տարիներ կռիվ եմ տալիս սառը, բետոնե պատի դեմ՝ պատի, որ ոչ դեմք ունի, ոչ ձայն, ոչ ասելիք - ես չնչին եմ: Ինձ ոչ ոք չի արտոնել գրականությամբ զբաղվել, ինձ ոչ ոք գրող չի ասում, ես գրողների ցեխի մի անդամը չեմ. ես չոր ու անհրապույր փշաբույս եմ՝ բուսնած այս անապատում, միայնակ տոկացող այս անջուր տապին:

Ասացի՝ չնչին, բայց հիմա հակառակն եմ ասելու: Ո՜վ իմանա՝ միգուցե հենց այդ մեր մեծե՞րն են չնչին: Նրանք՝ դարի փափկասունները, որ գրել և կայացել են գրողի համար ինկուբատորային պայմաններում: Նրանք նաև ուրացել են իրենց սնող ու գուրգուրող մորը. այսօր էլ ուրանում են՝ գոռում են «ազատությո՜ւն», բայց իրենց մեջ փայփայում են սովետից քարշ տված իրենց փոքրիկ գողոնը: Եվ մի՛ համեմատեք իմ փշերն այդ մեծերի փարթամ սաղարթի հետ. նրանց փարթամությունն իրենցը չէր, նրանք այսօրվա անապատին՝ իր խստաշունչ խորշակով, գուցե չդիմանային, թողնեին առմիշտ գրելը:

Ես էլ եմ ասում՝ Ազատություն: Ազատություն, Ազատություն, Ազատություն - այսօր ուրիշ բան չի մնացել, բացի նրանից: Այո, իմ տողերում չկա կյանքով, գույնով ու կոլորիտով, խաղով ու աբսուրդով այն գերհագեցածությունը, որ կար նրանց գործերում: Քիչ է կյանքը, գծուծ է արձակը՝ ոչ թե որպես գեղարվեստական հնարք կամ լուծում, այլ՝ ուղղակի իմաստով: Գրի առնել մեր օրերի ողբերգությունը և դիմակայել՝ գրելով: Ուրիշ արձակ միգուցե չէր էլ կարող ծնվել այսօր, հը՞:

փիլիսոփայություն, գրականություն, գիրք, ՍԱՆՉՈՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ

Previous post Next post
Up