Թանկագին արցախուհիներ

Apr 06, 2012 16:11


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ապրիլի 7-ը այլևս իր նշանակալից տեղն է գրավում մեր տոնացույցում` որպես կնոջ հանդեպ պետական ու հանրային ուշադրության վառ արտահայտություն: Օրն այդ հրաշալի առիթ է` մեկ անգամ ևս խոստովանելու մեր սերն ու ակնածանքը մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի նկատմամբ, որոնց գեղեցիկ ներկայությամբ է իմաստավորվում երկրի կենսագործունեությունը, սրբագործվում մեր օջախները: Մայրությամբ է պսակվում կնոջ աստվածատուր առաքելությունը,- առողջություն ու երջանկություն մեր մայրերին, որոնց ուսերին է նախևառաջ ծանրացած ազգի հարատևության գործը: Մեր խոնարհումն ենք բերում նաև բոլոր նրանց, ովքեր դեռ նոր պետք է վայելեն մայրության բերկրանքը` արցախյան ընտանիքները լցնելով մանուկների նոր ճռվողյունով: Արժանավոր զավակներ ու կանացի բախտավորություն Ձեզ:

Կարող եմ վստահեցնել, որ կառավարության կողմից ձեռնարկվում են հնարավոր միջոցները, որ Դուք ձեզ պաշտպանված ու հարմարավետ զգաք և հաջողությամբ հաղթահարեք մեր այս բարդ ու խնդրահարույց ժամանակները: Մեր կարևոր նպատակներից է նաև, որ Դուք առավելագույնս ներգրավված լինեք պետական-հասարակական կյանքում և փայլեք Ձեր անփոխարինելի դերակատարությամբ: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ:

Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին: Թող մայրության և գեղեցկության շնորհները մշտապես ուղեկից լինեն Ձեզ և զարդարեն ամենքիս կյանքը: Աստծո և այրական հոգածության լիություն` բոլորիդ:
Previous post Next post
Up