Feb 03, 2012 16:15
Ինչպես արդեն հաղորդել ենք, 2011թ.-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախաձեռնությամբ, պետական ծառայողների համար մեկնարկել էր անգլերենի ուսուցման նպատակային ծրագիրը: ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ 4-ամսյա դասընթացներին մասնակցել են պետական համակարգի մոտ 100 աշխատողներ:
Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներն այսօր ստացել են համապատասխան վկայականներ: Դրանց հանձնման ժամանակ պետական աշխատողներին ուղղվել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասված է.
<<Դուք ձեր աշխատանքով ապահովում եք պետական ծրագրերի իրականացումը, իսկ աշխատողի որակյալ և մրցունակ գիտելիքների առկայության դեպքում ապահովվում է ծրագրերի բարձր արդյունավետություն, ինչը և նպաստում պետության ընդհանուր զարգացմանը:
Ամիսներ առաջ նախաձեռնված` անգլերենի ուսուցման դասընթացները նպատակ ունեն աջակցելու ձեզ` ձեռք բերել գիտելիք, որը հանդիսանում է միջազգային համաձայնությունների և քննարկումների լեզու:
Այսօր մենք կարիք ունենք նաև խոսել Արցախի մասին, համագործակցել Արցախի համար, ներկայացնելով ԼՂՀ-ն տարբեր համաժողովներում` ավելի հաճախ և ավելի լայն շրջանակներով:
Ծրագրի փուլը ավարտելով` դուք կարողացաք ձեր պարտաճանաչության և աշխատասիրության շնորհիվ ոչ միայն ստանալ ձեզ համար նոր գիտելիք, այլև արդեն իսկ դուք գտնվում եք մասնագիտական որակավորման ավելի բարձր մակարդակում:
Շնորհավորում եմ ձեզ, մաղթում նորանոր ձեռքբերումներ` հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության>>:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն