Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց պետական այդ մարմնի նորանշանակ ղեկավար-նախարար Արմեն Ավագյանին: Շնորհավորելով նրան` վարչապետը վստահություն հայտնեց, որ արդեն աշխատանքային մեծ փորձ ունեցող երիտասարդ մասնագետը կշարունակի այստեղ ձևավորված գործնական ավանդույթները, նաև` հանդես կգա նորամուծություններով ու թարմ աշխատաոճով:
Ա. Հարությունյանը կարևորեց կառավարության աշխատակազմում էլեկտրոնային կառավարման արմատավորումը, որը ներկա ժամանակի պահանջներից է: Վարչապետը ուշադրություն սևեռեց այն խնդրի վրա, որ հանրապետության նախարարությունների և պետական մյուս գերատեսչությունների հետ աշխատանքի համակարգումը պետք է դարձնել առավել արդյունավետ, միաժամանակ, հետևողական լինել քաղաքացիներից ստացվող նամակներում բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ: Վարչապետը գոհունակություն հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Սրբուհի Արզումանյանին` նախորդ ամիսներին նրա կատարած աշխատանքի համար: Իր շնորհակալական խոսքում Ա. Ավագյանը հավաստիացրեց ներկաներին, որ համատեղ ուժերով կկարողանան հաջողությամբ կատարել կառավարության աշխատակազմին վերապահված բոլոր գործառույթները: