(no subject)

Mar 19, 2007 23:06



«ՆՈՐԻՑ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿԶԲԻՑ... »2

-          Քանի՞ անգամ եմ ասել՝ մի խանգարիր ինձ, երբ նվագում եմ:

Կինն ապշած նայեց սիրելիին ու չէր կարողանում ոչինչ ասել:
       -    Քաղցրի՛կս, չէ որ ես ապրում եմ երաժշտությամբ, երբ նվագում եմ. իսկ դո՞ւ ... դու խանգարեցիր ինձ - շոյելով կնոջ այտն ասաց երաժիշտը:
         -    Ես քեզ խանգարո՞ւմ եմ - աչքերը մեծ բացելով ասաց կինը:
      -    Դե, ո՜չ, իհարկե ոչ... ոչ թե խանգարեցիր, այլ՝ ... դե... մի կախվիր բառերից, խնդրում եմ - կարճ համբույր թողնելով կնոջ շուրթերին՝ փորձեց նորից հնչեցնել ջութակը, երբ կինը նորից հարցրեց
        -    Դու ինձ դեռ սիրո՞ւմ ես - ագահաբար նայում էր սիրեկանի աչքերի մեջ ու դրական պատասխան աղերսում:
         -    Դե իհա՛րկե, սեր իմ, իմ կյանքը դատարկ է առանց քեզ... - մի ձեռքից չթողնելով ջութակը, մյուսով գրկելով կնոջ բարակ իրանը՝ ասաց խորամանկ հայացքով
         -    Այսօր էլ չափազանց գեղեցիկ ես ու գրավիչ ... դու իմն ես ... սիրում եմ քեզ...

Կինը փարվեց երիտասարդի կրծքավանդակին, փակեց աչքերն ու ուզում էր լսել նրա սրտի հանգիստ բաբախյունն անվերջ: Հետո վեր հավաքեց սև,  փարթամ մազերը, արագ վերցրեց զամբյուղն ու մեղմ համբուրելով սիրելիին՝ հեռացավ:

Արագ քայլում էր փողոցով ու մտածում՝

« Ինչքա՞ն թաքցնեմ, դեպի ո՞ւր գնամ... եթե միայն ամուսինս իմանար իր կնոջ մի երիտասարդի հետ դավաճանության մասին... ի՜նչ ամոթ, խայտառակությո՝ւն... ա՜խ, ինչո՞ւ եմ սիրում այդ տարօրինակ երաժշտին...»: Հետո խղճահար նայեց ամուսնական մատանուն:
         -    Տե՜ր իմ Աստվա՜ծ, - հանկարծ բղավեց նա սարսափահար:

Անհայտացել էր ամուսնական մատանու հսկայական, ադամանդե քարը:
Սրտի ուժգին բաբախյունը պատռում էր կրծքավանդակը...
Որոշեց ետ վերադառնալ երաժշտի մոտ: Մի գուցե այն էնտեղ էր կորցրել...

Շտապ ետ պտտվեց ու բախվեց մի տղամարդու: Ցնցվեց:
         -    Ողջո՛ւյն սիրելիս, ո՞ւր ես կրկին շտապում - համբուրելով վառվող այտը՝ հարցրեց ամուսինը:
       -    Ա՛հ, գնում էի...մոռացել էի... լուրերի շաբաթաթերթը գնել էի մոռացել... - կծկտուր ասաց նա ու քողարկելով մատանին՝ դառը ժպտաց ամուսնուն:
         -    Ես գնել եմ, ահա՛, չեմ մոռանա նման կարևոր բանն ինձ համար - ասաց ամուսինն ու առաջարկեց աջ թևը: Շտապ մատանին պտտեցրեց դեպի ափն ու  թեթևակիորեն կռթնեց ամուսնու թևից:

Նկատեց, որ արդեն իրենց թաղամասում էին:
     -    Գնումներ չարեցի՞ր, - հարցրեց ամուսինը նկատելով դատարկ զամբյուղը կնոջ ձեռքում:
         -    Ա՛հ, չէ՛, ոչ մի գնում էլ չարեցի: Սարսափելի հոգնածություն զգացի ու վերադարձա տուն - գոհ իր պատասխանից՝ սպասեգ ամուսնու հաջորդ անհանգիստ հարցին: Սակայն ամուսինը խորհրդավոր լռում էր ու ծխում, որն իրեն մի փոքր տարօրինակ թվաց:

Վերջապես մոտեցան իրենց հսկայական երկհարկանի տանը, որը շրջապատված էր խնամված, բազմագույն ծաղիկներով ու կանաչ ծառերով:

Ամուսինը թակեց դուռը:  Ճերմակ հագուստով մի կին բացեց դուռը ու գլուխը փոքրինջ խոնարհելով, ժպտերես դիմավորեց նրանց ու փակեց դուռը: Օգնեց տան տիրոջը հանել գլխարկն ու կոստյումը: Կախեց այն պահարանում ու օգնեց տան տիրուհուն, որը սպասուհուն աչքերի ճարպկությամբ հասկացրեց, որ հետևի իրեն ու շտապեց բարձրացավ երեխաների սենյակ: Մտավ նրանց սենյակ: Հանդարտ խաղ էին անում: Համբուրեց նրանց ու սենյակից դուրս եկավ: Սպսուհին հայտնվեց իր առաջ: Հանեց մատանին մատից ու մեկնելով այն սպասուհուն՝ ասաց

-    Տար այս մատանին այն ոսկերչի մոտ՝ ումից ես միշտ գնումներ եմ անում. ասա, որ նոր ադամանդե քար տեղադրի մատանուս վրա հենց նույն կտրվածքով որ տեղադրել էր առաջ: Ասա, որ այն ինձ պետք է վաղ առավոտյան ու ասա, որ կվճարեմ ինչքան էլ՝ պահանջվի:  Եթե ամուսինս հարցնի, թե ո՞ւր ես գնում՝ ասա, թե գնում ես խանութ՝  նախընտրածս կտորի պատվերի ընթացքը ստուգելու:

-    Լավ տիկին, հիմա կգնամ - ասաց սպասուհին վերցնելով մատանին ու շուտ հեռացավ:

Դանդաղ քայլերն ուղղեց ննջասենյակ: Կանգնեց մեծ հայելու առաջ ու ուշադիր զննելով ինքն իրեն մի քանի րոպե՝ սլացավ դեպի հյուրասենյակ, որտեղ ամուսինն էր:

-    Չե՞ս ճաշելու, սիրելիս - հարցրեց ամուսինը, որը դեռ սպասում էր տիկնոջը:

-    Ես դեռ քաղցած չեմ - կմկմաց կինն ու նստեց սեղանի առաջ՝ ամուսնու դիմաց, որը լուռ սկսեց ճաշել:

Ինչ որ տարօրինակություն էր զգում ամուսնու պահվածքում, բայց դրան մեծ նշանակություն չէր տալիս, քանի ավելի կարևոր ընտանեկան խնդիր ուներ լուծելու: Փորձում էր ձեռքերը ցած պահել, որ ամուսինը չնկատի մատանու բացակայությունը: Նայում էր ամուսնուն ու մտածում՝ « Ի՞նչ կանես եթե լսես դավաճան կնոջդ խոստովանությունը: Կատե՞ս ինձ հավերժ, կմեղադրե՞ս, կհասկանա՞ս, կհիասթափվես... ժամանակն է պատմել քեզ ամեն ինչ ու ազատվել վախի կապանքներից... չեմ կարող ստել այլևս...»:
        - Պետք է զրուցեմ քեզ հետ - դողդղացող ձայնով ու հուզիչ տոնայնությամբ ասաց կինը:

Ամուսինը հանկարծակիի եկավ: Մի պահ սառեց: Դադարեց ուտելը: Սպիտակ, նուրբ անձեռոցիկով մաքրեց շուրթերն ու զարմացած նայեց կնոջը:  Կինը թաքցնում էր հայացքը ու չափազանց հուզմունքից՝ գունատվել էր:

Դուռը բացվեց: Սպասուհին էր:

« Ախ, իմ սիրելի սպասուհի, ինչպես միշտ՝ ժամանակին հայտնվեցիր, խեղդվում էի արդեն...»:

-    Տիրուհի՛, խանութն արդեն փակվել էր՝ չհասցրեցի, ներեք ինձ:

-    Լավ, ես ինքս վաղը առավոտյան կգնամ, շնորհակալ եմ - ասաց նա, վեր կեցավ ու ուզում էր հեռանալ, երբ ամուսինն ասաց

-    Ի՞նչ է պատահել, ի՞նչ զրույցի մասին էր խոսքը ու ինչո՞ւ ես հեռանում հիմա...

-    Ա՜հ, զրույցը ... կարևոր բան չէ ... քիչ հոգնած եմ ու հանգստանալ եմ ուզում... հետո... դու էլ ես հոգնած ... հանգստացիր ու երեկոյան կզրուցենք սիրելիս ... - շփոթված ասաց նա ու հեռացավ:

Ամուսնու կասկածալի հայացքը հետևեց կնոջը՝ մինջև նա անհայտացավ վերնահարկում: Շարունակեց ճաշելը:

Բարձրացավ կրկին երեխաների խաղասենյակ: Անհանգիստ քայլեր էր անում սենյակում: Շուտով սպասուհին եկավ սենյակ նույնպես:
         -    Ի՞նչ եղավ, ինչո՞ւ էսպես շուտ վերադարձար, խոսեցի՞ր որկերչի հետ, - անհանգիստ ու խիստ տոնով հարցրեց սպասուհուն:
         -    Տիկի՛ն, ոսկերիչն ասաց, որ նման մեծ ադամանդի պատվերը Ձեզ համար կարող է պատրաստ լինել  2 օրվա ամենակարճ ժամկետում ու մատանին պատրաստ կլինի հենց նույն օրը, երբ ադամանդը իր ձեռքում կլինի - անհանգիստ շարժումներով բացատրեց սպասուհին:
         -    Ինձ առավոտյան է պետք մատանին, չե՞ս հասկանում: Ամուսինս կսպանի ինձ, եթե իմ ամուսնության մատանին էսպես տեսնի: Իսկ ես չեմ ուզում հերթական սուտ հորինել - կոպիտ տոնայնությամբ ասաց նա, խլեց մատանին սպասուհու ձեռքից ու դրեց գրպանը:
         -    Տիկին, ներեցեք, շատ կուզենայի օգնել ձեզ, բայց հնարք չկա... հետո... միևնույնն է, եթե անգամ, առանց Ձեր ամուսնու իմանալու, մատանին շիներ ոսկերիչը՝ կրկին խաբկանք է ստագվում... - շփոթված ու անհանգիստ ասաց սպասուհին:

Տան տիրուհին քարացած նայեց սպասուհուն, որը փորձում էր ամեն կերպ խուսափել տիրուհու աչքերին նայելուց:
         -    Գնա՛, ազատ ես - մի քանի րոպե քար լռությունից հետո հրամայեց սպասուհուուն: Սպասուհին խոնարհվեց ու արագ դուրս պրծավ սենյակից:

« Ես պետք է ետ վերադառնամ ու գտնեմ ադամանդը: Մի գուցե անկողնու մեջ է... ինչպե՞ս, ի՞նչ պատճառ գտնեմ դրա համար... » -  մտածում էր նա: Նկատեց երեխաների տարօրինակ հայացքն իրեն ուղղված: Մեղմ ժպտալով մոտեցավ նրանց, նստեց հատակին՝ իրենց կողքը ու սկսեց խաղ անել իրենց հետ ու անվերջ անարժան անվանելով ինքն իրեն՝ անմեղ երեխաներին նայելով:

Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ ամուսինը: Ձեռքերը թաքցրեց, որ չնկատվի ձեռքի մատանու բացակայությունը ու սիրտն ուժգնորեն սկսեց բաբախել: Ամուսինը մոտեցավ երեխաներին, համբուրեց նրանց, հետո կնոջը ու հայտարարեց, որ գնում է հանգստանալու: Սիրտը թրթռաց:

«Ահա՛, կգնամ ու շուտ կվերադառնամ՝ մինչև ամուսնուս գլխի ընկնելը...»:

Շտապ հեռացավ երեխաների խաղասենյակից ու վազեց դեպի խոհանոց, որտեղ սպասուհին լվանում էր պնակները:
         - Ես մեկ ժամով կբացակայեմ: Եթե ամուսինս իմ մասին հարցնի՝ ասա, որ գնացի երեխաների համար կոշիկներ պատվիրելու ու շուտով կվերադառնամ - ասագ նա ու դուրս ցատկեց տանից:

Արագ քայլերով առաջանում էր նույն մարդաշատ ու աղմկոտ, նեղ փողոցով: Կրկին թվում էր, թե մեկն իրեն միշտ հետապնդում է: Շուրջն էր նայում անհանգիստ ու արագացնում քայլերը: Ոտքերը ցավում էին, բայց չէր դադարում կիսացազք, անհանգիստ քայլերը: Ծանոթ օծանելիքի հոտ զգաց: Սարսափահար պտտվեց ու շուրջը նայեց ուշադիր: Ոչ մի ծանոթ դեմք: Շարունակեց արագ քայլերը, սիրտը դուրս էր պրծնում կրծքավանդակից, շունչը չէր բավարարում...

Ահա՛, վերջապես հասավ հինավուրց շենքի դռներին: Շտապ բացեց դուռն ու արագ բարձրացավ աստիճաններով՝ առանց պտտվելու պահակի կողմը, որը շշմած նայում էր անհանգիստ կնոջը:

Վերջապես մոտեցավ 41 համարի դռանն ու մի խոր շունչ քաշեց: Ջութակը չէր երգում: Թակեց դուռը: Քիչ ուշացումով՝ դուրը ճռռալով կիսաբաց եղավ ու հայտնվեց սիրելիի դեմքը, որը տեսնելով ժպտացող կնոջը՝ անհանգիստ հայացք նետեց ու հարցրեց՝
         -    Ի՞նչ ես անում էստեղ այս ժամին:

Կնոջ ժպիտն արագ չորացավ դեմքին ու կմկմաց.
         -    Զբաղվա՞ծ ես, հյուրե՞ր ունես...

Չէ՛, մարդ չկա, բայց զբաղված եմ, պարապում եմ, ի՞նչ է պատահել - դռան առաջ էր մեխվել երիտասարդը ու խիստ հայացքով նայում էր կնոջը:
         -    Ինչո՞ւ ինձ ներս չես թողնում, ո՞վ կա քեզ մոտ - ասաց կինն ու  անսպասելի հրելով երաժշտին՝ ցատկեց ներս:

Մի կիսամերկ աղջնակ էր պառկած անկողնում, որը շփոթված փորձում էր ծածկել մերկությունը:

Սառեց: Ապշած նայում էր երաժշտին, որը անտարբեր հայացքով նայում էր կնոջը: Կինը խելագարի պես հարձակվեց երիտասարդի վրա
         -    Ախ, դու դավաճա՜ն, անզգա արարած - բղավեց ու փորձեց ապտակել, երբ երաժիշտը հասցրեց բռնել կնոջ վրիժառու ձեռքն ու  իջեցնելով այն՝ հանգիստ, բայց կոպիտ ձայնով ասաց
         -    Չեմ հանդուրժի ապտակը ստորացված դավաճանից:

Կինը սառած նայեց սիրելիին, որն իր աչքերում վայրկյանապես վերածվեց մի ատելի առարկայի...

Երաժիշտը սեղանի վրայից վերցրեց թեյի գավաթն ու ըմպելով թեյը՝ հանգիստ շարունակեց
         -    Ես դեռ երիտասարդ տղամարդ եմ, որը դեռ վայելում է անվերջ  ազատության բարքերը, իսկ դու արդեն ամուսնացած ու ընտանիք կազմած հասուն կին ես, որ դավաճանում ես սիրելի ամուսնուդ,  փոքրիկ երեխաներիդ ու ապրում՝ ստեր հյուսելով: Ինչո՞ւ ես ինձ դավաճան անվանում - Սեղանին դրեց ձեռքի թեյի գավաթ: Վերցրեց իր սիրելի ջութակը, շրջվեց դեպի կիսաբաց պատուհանը, փակեց աչքերն ու սկսեց նվագել:

Քարացել էր նա: Սարսափելի նվաստագված ու վիրավորված էր զգում: Վոտնահարված ու թալանված էր իր ամբողջ ներաշխարհը: Ստորացված էր տեսնում իրեն՝ իր իսկ աչքերում ու ատում էր իր անձը, ամաչում ինքն իրենից... սառը քրտինք էր պատել  ամբողջ մարմինը: Նայեց անկողնում նստած երիտասարդ աղջկան, որը դեռ ապշած նայում էր իրեն:

Անձայն պտտվեց ու քայլերը դանդաղորեն ուղղեց դեպի դուռը: Հիշեց ադամանդի մասին:
         -    Մատանուս...
         -    Ադամանդը պահակի հետ ուղղարկել էի քո տան հասցեով ու խնդրել էի, որ միայն քեզ տար այն - մի պահ դադարեցնելով ջութակի նվագը՝ ասաց երաժիշտն ու կրկին շարունակեց նվագել:

Կինն անզգայացել էր: Չգիտեր ինչ մտածեր: Մարմինը թմրել էր ու բանականությունը հրաժարվում էր իր գործունեությունից: Լուր, անձայն դուրս եկավ սենյակիս ու դանդաղ իջնում էր խարխուլ շենքի աստիճաններով ու մտածում

«-Ստորն եմ ես... ա՜խ, երանի սա երազ լիներ, ա՜խ, եթե կարողանայի սկսել նորից՝ ամեն ինչ սկզբից...»:
         - Տիկին՛,-  բղավեց պահակը:

Ձեռքի շարժումով նա դադարացրեց պահակի խոսքն ու բացեց շենքի ճռռացող դուռը դանդաղորեն: Պահակը տեսնելով կնոջ սառած ու  ոչինչ չարտահայտող դեմքը՝ լռությամբ հետևեց նրան մինչև դռան փակվելը:

Նորից զգաց ծամոթ օծանելիքի հոտը:  Դանդաղորեն շրջեց դեմքը դեպի շենքի անկյունը: Տեսնելով ամուսնուն, որը հենվել էր խարխուլ շենքի պատին ու լուռ իրեն էր նայում՝ ակամա դող զգաց ամբողջ մարմնում: Չկարողացավ տիրապետել հեծկլտոցն ու անսպառ արցունքները: Կանգնել ու միմյանց էին նայում: Չէր համարձակվում մոտենալ ամուսնուն, անարժան էր համարում իրեն...

Վերջապես ամուսինա ծանր քայլերով մոտեցավ տիկնոջն ու առաջարկեց աջ թևը: Կինը վարանելով բռնեց ամուսնու ձեռքը: Էլ չէր թաքցնում մատանու բացակայությունը... չէր թաքցնում ոչինչ...

Ամուսինը գրպանից հանեց մի փոքրիկ, կարմիր տուփ ու երկար լռությունից հետո պարզեց տիկնոջը: Տարօրինակ նայեց ամուսնուն ու արցունքները մաքրելով՝ անձայն վերցրեց տուփը: Բացեց այն: Մատանին էր՝ իր ադամանդե քարով: Սուր ցավ զգաց սրտում ու պորձեց մի կերպ խոսել.
         -    Ես ...
         -    Շ շ շ՜ , եկ ամեն ինչ սկսենք նորից՝ ամենասկզբից...

Լուռ, անխոս շարունակում էին իրենց ճամփան՝ ընտանեկան  կիսափուլ  բույնը վերակառուցելու:

հետևանքներ, զգացմունք, դավաճանություն, սեր, վերաբերմունք

Previous post
Up