1.
Որոշեցի երկնային գրասենյակից
դիմում-նամակի օրինակելի ձևով
տեղեկություն ստանալ, թե ինչ է մարդը։
Գրված էր՝ «under construction…»։
2. Դիմում-նամակի օրինակելի ձևով
երկնային գրասենյակին խնդրել էի
տեղեկություներ տալ Դրախտի մասին։
Գրված էր. «Առաջին Դրախտը
մանկությունն է, որից ձեզ վռնդում է Ժամանակը,
ու մնացած ամբողջ կյանքում կարոտում եք այն։
Իհարկե բացառություններ կան,
և ոչ բոլորն են մանկությունը դրախտ համարում,
բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Սովահար, ցեղասպանված, բռնաբարված մանկության
հազարավոր հղումներ ուղարկեցի ի պատասխան։
Ամնիջապես արձագանքեցին.
«Բողոքների հիմքով հարուցված են վարույթներ
և դրանք քննության ընթացքում են։»
Ի պատասխան գրեցի.
«Իսկ կարելի՞ է նախորդ պատասխանից ենթադրել,
որ Գրասենյակի Ղեկավարի
հիմնական բաղադրիչներից մեկը Ժամանակն է…»…
Էստեղ աչքերիս առաջ հայտնվեց՝
«Error 404»-ը…
https://gilants.wordpress.com/2019/02/11/%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80-construction/