Քիմ Քարդաշյանը կարևոր խնդիրներ է լուծում, այդ թվում՝ նաև Թուրքիայում

Apr 12, 2015 11:03

Քիմ Քարդաշյանը Երևանում է: Վերջին օրերին հայաստանյան հասարակության և մեդիադաշտի գլխավոր թեման սա է: Ամենատարբեր կարծիքներ են հնչում՝ ոմանք Քիմին մահվան են դատապարտում, ոմանք էլ կուռքի են վերածում: Բոլոր այս հույզերը, սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատականները, բարոյական դատավճիռները մի կողմ թողնելով՝ պետք է հասկանալ, թե Քիմն ինչ կարող է տալ Հայաստանին կամ համայն հայությանը:

Իսկ Քիմի կերպարը, անկասկած, կարելի է օգտագործել մի շարք օգտակար, արդյունավետ ճանապարհներով: Պետք է ռացիոնալ, պրակտիկ, պրագմատիկ մոտեցում՝ քաղել մաքսիմալն ընձեռված հնարավորությունից: Դեռ 2010 թվականին իմ անձնական բլոգում գրել էի, որ Քիմ Քարդաշյանը անհրաժեշտ է հայկական լոբբիին և նրան պետք է առավելագույն ձևով օգտագործել մի շարք հարցեր լուծելու համար:

Այդ ժամանակ գրառումս միանշանակ չընդունվեց, այժմ, սակայն, ավելի շատացել են իմ այդ կարծիքը կիսողները: Սկսենք միջազգային որոշ խնդիրներից, որոնք կարող են Քիմի կերպարի միջոցով լուծում գտնել: Քարդաշյանը կարող է փիարի հսկայական չափաբաժին ապահովել Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա ակտիվությունը սոցցանցերում, որտեղ նրա երկրպագուների թիվը տասնյակ միլիոններով են հաշվում: Էլ չասած՝ միջազգային լրատվամիջոցները, որոնք ակընդետ հետևում են ամերիկահայ աստղի յուրաքանչյուր շարժմանը:

Քիմի կողմից մի քանի լուսանկար, գրառում Հայաստանի հիշատակմամբ մեր երկիրը ճանաչելի կդարձնի տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, իսկ նրանք մեր զբոսաշրջության համար կարող են դիտվել որպես նոր և բավական մեծ շուկա: Իսկ որքա՞ն գումար է պետք նման զանգվածներին Հայաստանը ներկայացնելու համար, մեր երկիրն ավելի ճանաչելի դարձնելու համար, եթե այդ ամենը կարելի է անել գրեթե անվճար: Իսկ նման ծառայությունից հրաժարվելը կարելի է բնորոշել nմիայն մանկական կամակորությամբ:

Այժմ, ավելի նուրբ թեմայի շուրջ՝ Քիմի անձի ներգրավումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Շտապելով նշեմ, որ Հայոց ցեղասպանության թեման հասարակական ոլորտում ավելի լսելի դարձնելու համար Քիմն անհրաժեշտ է մեզ, շատ անհրաժեշտ: Վերը գրվածին նորից անդրադառնանք՝ տասնյակ միլիոնավոր երկրպագուներ, գերակտիվություն սոցցանցերում, լրատվամիջոցներում:

Սա հսկա մի հարթակ է՝ մեր ձայնը լսելի դարձնելու համար: Եվ կրկին ռեսուրսների, ժամանակի խնայում, հսկա զանգվածներին տեղեկություն փոխանցելու արդյունավետ ճանապարհ: Արդեն իսկ գերհայտնիլրատվամիջոցներ խոսում են Քարդաշյանի այցի մասին՝ չմոռանալով նաև դրա նպատակը: Կարծում եմ՝ շատերը կասեն, թե նման «անբարոյականին» Ցեղասպանության հարցին կապելը բարոյական չէ: Ներողություն, բայց համաշխարհային քաղաքականությունից ավելի անբարոյական ի՞նչ կա:

Թեկուզ, վերցնենք Հայոց ցեղասպանության հարցը՝ մի՞թե անզեն աչքով էլ պարզից պարզ չէ, որ այս կամ այն պետության կողմից Ցեղասպանության թեման որպես քաղաքական շահարկման հարց է կիրառվում՝ կամ հայ ընտրողների ձայներ հավաքել, կամ էլ Թուրքիայի վրա որպես ճնշման լծակ կիրառել: Ուստի կրկին պետք է շեշտեմ, որ այս հարցում բարոյականության գնահատականներից խուսափելը միայն մեր աշխատանքն ավելի նպատակային և արդյունավետ կդարձնի: Եվ հետո, այն, ինչ մեր հասարակության համար բարոյական շրջանակներից դուրս է, մեկ այլ հասարակության, խմբի, միլիոնավոր անհատների համար լրիվ այլ նշանակություն ունի, այլ արժեքային ընկալում է: Սեփական փորձից եմ ասում, ամենուր չէ, որ Քիմն ընկալվում է իր հայտնի տեսահոլովակի մակարդակով:

Այստեղ խիստ կարևոր է մեկ հանգամանք ևս հաշվի առնել՝ Քիմի հետ Հայաստան է ժամանել ամուսինը՝ աշխարհի ամենահանրաճանաչ, տաղանդավոր ռեփերներից Քանյե Ուեսթը, որը երկրպագուների թվով չի զիջում կնոջը: Սա էլ ոչ պակաս մեծ նշանակության բոնուս է: Ուեսթն էլ ունի իր հսկա լսարանը, իր մոլի երկրպագուների բանակը:
Այսքանից հետո, ևս մեկ կարևոր կետի ենք հանգում: Քիմ Քարդաշյանի գրառումները, հայաստանյան այցը մեզ պետք է ոչ միայն Հայաստանը գովազդելու, Ցեղասպանության թեման միջազգային ասպարեզում հանրայնացնելու, այլ նաև Թուրքիայում աշխատանքներ տանելու համար: Քիմը թուրքական լրատվամիջոցների թիվ մեկ աստղն է: Ինչպես արևմտյան մամուլը, այնպես էլ թուրքական մեդիան հետևում է նրա ամեն քայլին, լուսաբանում ամեն ինչ: Իսկ ի՞նչ կկատարվի (և արդեն կատարվում է) թուրքական մեդիադաշտում Քիմի հայաստանյան այցելությունից հետո: Թուրքական բոլոր լրատվամիջոցների գլխագրերում խոսվելու է Քիմի այցի, Ցեղասպանության 100-ամյակի մասին:

Այստեղ անգամ երկրորդային է, թե թուրքական այս կամ այն լրատվամիջոցը Ցեղասպանության հարցը ժխտողական տեսանկյունից կմատուցի, թե ոչ: Հարցն այն է, որ տասնյակ միլիոնավոր Թուրքիայի բնակիչներ Քիմի այցի միջոցով ևս մեկ անգամ կլսեն Հայոց ցեղասպանության մասին: Անգամ ժխտելով՝ մեկ է՝ հարցը բարձրաձայնվում է:

Իսկ ուրիշ ի՞նչ կերպ է կարելի ազդել թուրքական հասարակության լայն զանգվածների վրա: Համարժեք այլընտրանք ունե՞նք: Մի բան է հստակ՝ հնարավորություններ բաց թողելու ժամանակ չունենք:

Գևորգ Պետրոսյան

Previous post
Up