Անմոռուկ ծաղիկը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է, քննարկման առարկա է դարձել և գնալով էլ ավելի շատ ուշադրություն է գրավում: Քիչ չեն անմոռուկների մեծ չափաբաժնից բողոքները, իսկ որոշ կազմակերպություններ ու անհատներ էլ այն կոմերցիայի զոհ են դարձրել: Արդեն անմոռուկի պատկերով անգամ տորթեր են պատրաստում…
Ինչևէ, կարծում եմ՝ կարիք կա առանձին անդրադառնալ անմոռուկների և ընդհանրապես Ցեղասպանության ուղերձներին, ինչպես նաև դրանց այլընտրանքին, որը կարող է ավելի կարևոր խնդիրներ լուծել:
Մեր հասարակության, պետության տեսանկյունից պակաս կարևոր չէր լինի, որ ավտոմեքենաների, խանութների ապակիների, հագուստների վրա անմոռուկների նման քանակության փոխարեն, գոնե մասամբ, տարածվեին նաև Արցախյան պատերազմի, Սարդարապատի ճակատամարտի հերոսների պատկերները, ինչո՞ւ ոչ, ցեղասպանության տարիներին ինքնապաշտպանական մարտերի թեմայով խորհրդանիշներ:
Մեզ առավել քան երբևե պետք է հաղթողի հոգեբանություն: Իհարկե, ես չեմ ցանկանում նսեմացնել 100-ամյակի խորհրդանիշի կարգավիճակը, քավ լիցի, ուղղակի ասում եմ այն, ինչ կուզեի տեսնել, կուզեի տեսնել ազգային հաղթանակների նկատմամբ նման համատարած, ժողովրդական, «վիրուսային» վերաբերմունք:
Իհարկե, անմեղ զոհերի հիշատակն իր տեղն ունի, մնացյալը՝ իր: Բայց մենք սերունդներ ենք կրթում, որոնց պետք է փոխանցենք պայքարի ոգի:
Չէ՞ որ հենց Արցախի հերոսներն ուղղակիորեն կապված են Հայոց ցեղասպանությանը: Կապված են այնքանով, որ կարողացան ցեղասպանություն վերապրած ժողովրդից սերելով հաղթանակ կերտել, որ կարողացան այդ հաղթանակով կանխել նոր կոտորած, ցեղասպանություն, հայրենազրկում: Նրանց պետք է հիշել այս տեսանկյունից, թեկուզ հենց Ցեղասպանության 100-ամյակի խորհրդի ծիրում: Եվ հենց նրանց հիշատակը հարգելով էլ կարելի է հաղթողի հոգեբանություն ձևավորող ուղերձներ հղել…
Մինչ այդ Թուրքիայում
Թուրքիայում նման հարցերում այլ մարտավարություն են նախընտրում: Նախ, եթե դեռ չգիտեք, ապա Արևմտյան Հայաստանի՝ ներկայիս թուրքաբնակ/քրդաբնակ բնակավայրերում ամեն տարի նշում են «հայերի կողմից կոտորված թուրքերի հիշատակը», գոյություն ունեն հուշարձաններ, որոնք նվիրված են «կոտորված մուսուլմաններին»: Օրինակ, նման մի հուշարձան կարելի է տեսնել Կարսից Անի ճանապարհին:
Թուրքական ժխտողական թեզերից մեկը գործնականում է կիրառվում, իսկ թեզը սա է՝ «ոչ թե թուրքերն են ցեղասպանություն իրագործել, այլ հայերն են թուրքերին կոտորել»:
Վերջին շաբաթներին Էրզրումի տարբեր շրջաններում մի քանի նման միջոցառում եղավ՝ «թուրքական տարածքների ազատագրումը հայերից» թեմայով: Բոլոր միջոցառումներին կարմիր թելի պես անցնում էր նույն տրամաբանական հաջորդականությունը՝ «հայերը սպանում են թուրքերի, կոտորում անմեղ, խաղաղ բնակիչների, սակայն թուրք զինվորները մարտի են բռնվում, հաղթում հայերին, ազատում «հայրենի հողը»»: Մի կողմ թողնելով իրականության հետ անհամապատասխանությունը, փաստերի խեղաթյուրումը՝ ուշադրությունը կենտրոնացնենք նման միջոցառումների հղած ուղերձների վրա: Ուղերձն այն է, որ «թեև հայերը դաժանաբար կոտորել են խաղաղ թուրքերի, սակայն թուրքերը կարողացել են մարտնչել և հաղթել, հերոսաբար հաղթել»:
Ժամանակն է, որպեսզի մենք էլ նման շեշտադրումներին ավելի ուշադիր լինենք: Նման մանրունքներն են տրամադրում երկարաժամկետ պայքարի: Իսկ հարևան պետությունները մեզ պարտադրում են երկարատև պայքար, որտեղ երկրորդական հարցեր չկան, որտեղ կարևոր է ցանկացած փոքր քայլ ու մանրունք: