Շառլ Ազնավուրի (պայմանական) «հարցազրույցը» մեծ արձագանք ստացավ մեր հասարակության շրջանում: Սպասելի էր: «Հարցազրույցը» ներկայացրած թուրքական թերթը չէր խուսափել վառ գույներից ու սենսացիոն գլխագրերից, բնականաբար, նաև մեծ չափաբաժնով ապատեղեկատվությունից: Մինչ հիմնական շեշտը դրվում է, թե հոդվածում տեղ գտածը որքանով է արտացոլում Շվեյցարիայում ՀՀ դեսպան Ազնավուրի իրականում ասածը կամ էլ ընդհանրապես նման մի հանդիպում կամ զրույց եղել է, թե ոչ, կարևոր է ուշադրությունը սևեռել 2015 թվականին ընդառաջ այս քայլի դերի ու նշանակության վրա:
Փորձենք վերհանել այս պատմության ստվերային, բայց ոչ պակաս նշանակալի կողմերը:
Նոյեմբերի 2-ին «Մոռացեք ձեր ատելությունը» գլխագրով հոդված լույս տեսավ թուրքական «Փոսթա» թերթում, որտեղ, ըստ խիստ անվստահելի թուրքական լրատվամիջոցների, Ազնավուրը սենսացիոն հայտարարություններ է արել: Կանգ չառնենք հոդվածի բովանդակության վրա, այն արդեն հայտնի է բոլորին և բավականաչափ էլ քննարկվել է (հոդվածը գրելու պահին հարցազրույցի հորինված լինելու մասին հայտնեց Ազնավուրն ինքը, ՀՀ ԱԳՆ էլ հերքողական բնույթի մեկնաբանություններ էր տվել), փորձենք այլ կարևոր շեշտադրումներին տեղ հատկացնել, որը կարող է այս աղմուկի մեջ ուղղակի կորել:
Աղբյուրը
Թուրքիայի դեպքում խիստ կարևոր է պարզել այս կամ այն տեղեկության սկզբնաղբյուրը, այն հրապարակած լրատվամիջոցի գործելաոճն ու քաղաքական ճամբարը: Հարցազրույցը ներկայացրած «Փոսթան» Թուրքիայում դեղին մամուլի ամենաշատ վաճառվող ներկայացուցիչն է, բուլվարային թերթ է, որը «Դողան» մեդիա գրուպի մաս է կազմում: Իսկ այն, որ «Դողանն» Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության ընթացքում հարկային ճնշումներից հետո ավելի «լսող է» դարձել իշխանություններին, վերջին տարիներին հայտնի փաստ է: Ուստի հոդվածի` թուրքական իշխող շրջանակների կողմից պատվիրած լինելը բացառել պետք չէ, նման ձևակերպման համար հիմքեր կան: Հավելենք նաև, որ թուրքական լրատվամիջոցները, մեղմ ասած, վստահելի չեն, մանավանդ, երբ խոսքը գնում է Ցեղասպանության մասին:
Գործող անձինք
Թուրքական կողմից ուշադրություն են գրավում հոդվածի հեղինակն ու թուրք դեսպանը: Էրքան Օզերմանը, ով էլ ներկայանում է հոդվածի հեղինակ, կապեր ունի Թուրքիայի արտգործնախարարության հետ, նա ինքը հոդվածում չի խուսափում նշել, որ ծանոթ է Փարիզում Թուրքիայի դեսպանին, ում ներկայությունը հոդվածում ևս հարցեր է ծնում` փորձում ավելի բարձր մակարդակ շնորհել «հանդիպմանը»: Ձեզ նույնպես հետաքրքի՞ր է թվում թուրք դիվանագետի ներկայությունը (կամ այն, որ թուրքական աղբյուրը նշում է «հանդիպմանը» նրա մասնակցության մասին): Այսպիսով, կարող ենք ասել, որ այս ակցիայից թուրքական արտգործնախարարության գործելաոճի ու մասնակցության հոտ է գալիս:
Խնդիր, որը լուծում է հոդվածը
Որո՞նք կարող են լինել նման հոդված պատրաստելու նպատակները: Իհարկե, բնական է հիշել 2015 թվականի մասին, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիան ակտիվորեն օգտագործում է իր լրատվամիջոցները քաղաքական և քարոզչական խնդիրներ լուծելու համար, այդ թվում և Ցեղասպանության հարցում: Հիշո՞ւմ եք, թե անցյալ տարի որքան աղմուկ բարձրացրեց թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթի տեղեկությունն այն մասին, թե Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը: Դրան հաջորդեցին Դավութօղլուի այցը Երևան, Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, ամենաթարմ օրինակներից է Էթյեն Մահչուփյանի նշանակումը Դավութօղլուի խորհրդական: Այս ամենը տեղավորվում է Թուրքիայի` Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած քաղաքականության համատեքստում` քարոզչական գրոհ, պատրանք, դիվանագիտական պայքար, տարբեր ժխտողական թեզեի առաջքաշում: Ազնավուրի «հարցազրույցը» ևս այս շարքում իր կարևոր տեղն ունի: Այս տեսանկյունից արդեն երկրորդական է, թե արդյոք «հարցազրույցը» եղել է, թե ոչ: Աղմուկ էր պետք, ուղերձներ էին պետք, շոու էր պետք, ապատեղեկատվություն էր պետք, Թուրքիան սրանք ստացել է: Իսկ հայկական լրատվամիջոցների մի մասն էլ ակամայից օգնել է թուրքերին` տարածելու այն, ինչը նրանց պետք էր տարածել:
Իսկ հոդվածում ինչպիսի~ զիլ շեշտադրումներ էին` «բարի թուրքեր», «սիրված թուրքեր», «Ազնավուրի թուրք մայր», «Հայաստանի հրահանգներով չշարժվելու մասին մտքեր», ի վերջո «մտերմիկ զրույց», «մրցանակ»… Կոլաժն այսպես է լինում, թուրքական կոլաժը:
Պետք է նորից ու նորից հիշել` Թուրքիան 2015-ի նախաշեմին շարունակելու է զարմացնել իր հաճախ անսպասելի քայլերով, ինչպես նաև դրական փոփոխությունների պատրանք ստեղծելով: Թուրքիան ակտիվանալու միտումներ է ցուցաբերում, հետևաբար` մեզ առավել քան հետաքրքիր զարգացումներ են սպասում:
Հ.Գ. Թուրքական մամուլում վերջին տարիներին թերևս ամենաշատը քննարկվող հայ աստղերն են Շառլ Ազնավուրն ու… Քիմ Քարդաշյանը: Ազնավուրի հետ կապված աղմուկն ապահովված է: Հաջորդ «զոհը» Ք՞իմն է:
Գևորգ Պետրոսյան, թուրքագետ