Պոլսահայ հայտնի գրող, քաղաքական մեկնաբան, «Ակօսի» նախկին խմբագրապետ Էթյեն Մահչուպյանն այսուհետ կլինի Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականներից մեկը, իսկ սա ժամանակակից Թուրքիայում բավական լուրջ նշանակում է: Եվ երբ Թուրքիայում նման մակարդակի նշանակում է լինում, այն էլ` այդ պաշտոնը վստահում են ազգությամբ հայ գործչի, արձագանքն անհամեմատ ավելի մեծ է լինում:
Մահչուպյանը Թուրքիայի հայտնի քաղաքական վերլուծաբաններից է, երկար տարիներ թուրքական տարբեր հեղինակավոր թերթերում հանդես է եկել հոդվածներով: Մահչուպյանն աշխատել է այնպիսի ազդեցիկ լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են «Ռադիքալ», «Թարաֆ», «Զաման» պարբերականները, իսկ վերջին շրջանում հոդվածներ էր պատրաստում իշխանամետ, պրոէրդողանական «Աքշամ» պարբերականի համար: Մինչ «Աքշամ» տեղափոխվելը Մահչուպյանը համագործակցում էր Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթի` «Զամանի» հետ, որը գյուլենական շարժման հենասյունն է: 2013 թվականի դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից հետո այս թերթը, որն ավելի վաղ հայտնի էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աջակցությամբ, անցավ ընդգծված ընդդիմադիրների շարքը, ինչը հետևանք էր գյուլենական շարժման հիմնադիր ու առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի միջև կատաղի առճակատման: Այս տարվա մայիսին Մահչուպյանը որոշեց փոխել քաղաքական ճամբարը` ընդդիմադիր դարձած գյուլենական լրատվամիջոցից անցում կատարելով պակաս հեղինակավոր և քիչ ազդեցիկ, բայց և իշխող շրջանակների հետ լավ հարաբերություններ ունեցող «Աքշամ» թերթ:
Վերջին ամիսներին Մահչուպյանի մասնակցությամբ աչքի ընկնող դրվագներից էր նաև պոլսահայ համայնքի մի շարք մտավորականների հետ «հոդվածային փոխհրաձգությունը», որը խիստ մանրակրկտությամբ լուսաբանում էին թուրքական մի շարք հայտնի լրատվամիջոցներ: Պատճառը Մահչուպյանի կոշտ որակումներն էին հայ համայնքի մի շարք մտավորականների հասցեներին, որոնք էլ խույս չէին տալիս պատասխան «կրակահերթերից»:
Այստեղ հարկ է հիշել, որ Մահչուպյանը ներկայացնում է Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքը, իսկ Թուրքիայում և պետաիրավական տեսանկյունից, և հայ համայնքի հարաբերությունների համատեքստից սա կարևոր նրբություն է: Սա որոշակիորեն նվազեցնում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայ համայնքի հետ աշխատելու հնարավորությունները, քանի որ Թուրքիայում բնակվող հայերի ճնշող մեծամասնությունն առաքելական եկեղեցու հետևորդներ են:
Արդեն հոկտեմբերի վերջին թուրքական լրատվամիջոցները, բառիս բուն իմաստով, պայթեցին Մահչուպյանի` Դավութօղլուի խորհրդական նշանակվելու վերաբերյալ տեղեկություններով: Թուրքիայում այս նշանակումը հասարակական կարծիքը բաժանեց երկու հակադիր ճամբարների: Ազգայնական շրջանակները շտապեցին քննադատել իշխանություններին` ազգությամբ հայի խորհրդական նշանակելու համար, մինչդեռ մի խումբ թուրք մտավորականներ էլ ողջունեցին այդ քայլը` մեկնաբանելով այն որպես դրական ու կարևոր քայլ Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհին:
Մինչ երկու ճամբարները շարունակում են քննարկել արդեն կայացած աղմկալի այս իրողությունը, կարևոր է հասկանալ, թե ինչը կարող էր դրդել Թուրքիայի իշխող շրջանակներին, ըստ էության, նման համարձակ ու աննախադեպ քայլի գնալ: Վերլուծելով Էրդողանի ու Դավութօղլուի` Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած քաղաքականությունը և Թուրքիայի` 2015-ի նախապատրաստության պատմությունը, նշանակումը կարելի է և պետք է կապել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Թուրքիան նախկին ամիսներին էլ ցույց է տվել, որ պատրաստ է համարձակ, անսպասելի և արտաքնապես դրական քայլերի, որպեսզի ի ցույց դնի «փոփոխվող Թուրքիան»` այսպիսով փոխելով թուրքական պետության միջազգային իմիջը և դրական փոփոխությունների գնալու պատրանք ստեղծի: Այս շրջանակներում առավել քան տեղավորվում է Մահչուպյանի անսպասելի նշանակումը նման պատասխանատու ու կարևոր պաշտոնում, ինչպես և դրան հետևած շատ սպասելի աղմուկը: Մահչուպյանի նշանակումը 2015-ի համատեքստում կարելի է համադրել անցյալ տարի դեկտեմբերին Դավութօղլուի երևանյան այցի, Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձի հետ: Իսկ այս շղթան, վստահ ենք, դեռևս անավարտ է, և Թուրքիայից նման նոր ու «աննախադեպ» քայլեր սպասելու հիմքեր շատ կան: Սա, սակայն, այլ ուսումնասիրության նյութ է և մեծ կարևորություն է ներկայացնում:
Վերադառնալով Մահչուպյանի նշանակմանը` այդ իրադարձությունը պետք չէ սահմանափակել միայն Հայոց ցեղասպանության հարցում քարոզչական խնդիրներ լուծելով կամ Մահչուպյանի` որոշակիորեն իշխանական շրջանակներին հարելուն: Ի վերջո, Մահչուպյանը բավական խելացի, փորձառու և վերլուծական դաշտում կշիռ ունեցող գործիչ է, որի ներկայությունն իշխանական թիմում կարող է դրական ազդեցություն ունենալ դրա վրա:
Կարևոր է հաշվի առնել ևս մեկ հանգամանք: Այն, որ Մահչուպյանը պաշտոնապես անդամագրվում է թուրքական իշխանական շրջանակներին, ավտոմատ կերպով նրան չի դարձնում հակահայ գործիչ: Ժամանակակից Թուրքիայում պարտադիր չէ լինել իշխանամետ ու անպայման լինել հակահայ: Հաճախ, բայց ոչ միշտ, այս երկուսը կարելի է համատեղել, եթե դա բխում է Թուրքիայի շահերից: Միևնույն ժամանակ ընդդիմադիր լինելը Թուրքիայում չի ապահովում պարտադիր հայամետություն, քանի որ հիմնական ընդդիմադիր ուժերը, ըստ էության, հայատյաց քաղաքականության կրողներ են: Պետք չէ մոռանալ նաև Մահչուպյանի կարևոր ներդրումը Թուրքիայի հայերի կյանքում: Նա էր, որ հեղինակեց մեծ արձագանք ստացած և բազմաթիվ մրցանակների արժանացած «Տիկին Սալքըմի ադամանդները» ֆիլմի սցենարը, որում բարձրաձայնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում հայերի նկատմամբ պետության բռնաճնշումների մասին: Եվ նա էր, որ 2007 թվականին «Ակօսի» հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից հետո ծանր շրջանում ստանձնեց հայկական թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները:
Ամեն դեպքում, նոր պաշտոնում Մահչուպյանի աշխատանքն ու քաղաքականությունը հնարավոր կլինի գնահատել միայն որոշ ժամանակ անց, երբ կլինեն եզրակացություններ անելու բավարար հիմքեր ու կունենանք ընդհանուր պատկեր: Առայժմ ունենք այն, որ Թուրքիայի վարչապետն ունի հայ խորհրդական, որը թուրքական իշխանություններին պետք է ոչ միայն քարոզչության և սեփական ինքնագովազդի տեսանկյունից, այլ նաև իրենց ճամբարը փորձառու և հեղինակավոր անձով համալրելու համար:
Գևորգ Պետրոսյան, թուրքագետ