իմաստունի վախը օրհնութիւն է ծնում, իսկ հիմարի վախն՝ անեծք

Oct 15, 2011 15:55

Բանակի անեծքն ու օրհնութիւնը


umood

October 15th, 2:52
”...երբ իրադարձութիւնները ծածկուած են երկաթեայ վարագոյրի հետեւում, թւում է, թէ դրանք չկան էլ իսկի... սոուետ միութիւնում տարեկան Աստուած գիտէ, թէ քանի ինքնաթիռ էր ընկնում, իսկ մենք դրա մասին իմանում էինք, եթէ զոհուողը հարազատն էր, ազգականն ու հարեւանը... կամ թէ մի ամբողջ հաւաքական...

... ու թւում էր, թէ սոուետում ինքնաթիռները չեն ընկնում, չեն բախւում գնացքներն ու նաւերը չեն խորտակւում...

... երբ տարիներ անց օրեց-օր լսում ես նախկին սոուետի տարածքում այստեղ-այնտեղ խորտակուող ինքնաթիռի, ցխուող գնացքի ու սուզուող նաւի մասին, արթնանում են հին ու նոր վախերդ, արթնանում են ու մոռացնել են տալիս, որ աւիացիան, ա՛խր, եղել ու մնում է տրանսպորտի ամենայուսալի միջոցը...

...էս օրերին աչքս ու ականջս խեղդում է մեր բանակին անիծողների հեծեծանքը... լսում եմ ու հասկանում անիծողին... զգում եմ նրա վախը... վախը՝ իր կամ ուրիշի զաւակի համար... հասկանում եմ ու ափսոսում, որ անիծողն անեծքից էն կողմ գնալու ուժ չի գտել իր մեջ... ափսոսում եմ, որ էսքան թոյլ մարդ կայ շուրջս... որ հուսահատութիւնը շուրջս խեղդել է էնքան պայծառ միտք ու ջերմ սրտեր, որ քիչ է մնում մի անեծք էլ իմ շուրթերից պոկվի...


... բայց ես երկու ապագայ զինւոր եմ մեծացնում... Աստուած պահի... ու շուրթերն անեծքով պղծելու շքեղութիւնը 
թողնում եմ ուրիշներին...

...ես էլ եմ վախենում, բայց վախս ուզում եմ դառնայ միտք, հաւատ ու փոփոխութիւն
...էնքան միտք, որ վախս ինձ հասկանա, ես՝ վախիս...
...էնքան հաւատ, որ վախս ինձնից վախենայ էնքան, որքան, ես եմ վախենում իրենից...
...էնքան փոփոխութիւն, որ նրանք ում համար վախենում եմ, չվախենան...


Միտքը.

... երեխայ էի, քանդեցի մորս ֆենը, որովհետեւ չէր աշխատում (պարզուեց աշխատող էր՝ էլեկտրականութիւնն էին կտրել մի կես ժամով)... մաքրեցի ու հաւաքեցի... ահագին դետալ աւելացաւ... ֆենը մի քիչ աշխատեց, ծուխ հանեց ու մնաց միայն իմ յիշողութիւններում... յիշում եմ, սիրուն հաւաքեցի, դրեցի տեղը, որ իսկի չիմանան էլ, որ քանդել եմ... «հերձումը» ցոյց տուեց, որ ֆենը «սարքել են» ու սարքողին էլ երկար փնտրելու կարիք չեղաւ...

... աշխարհի ցանկացած բանակ մեր օրերում սթրեսների գործարան է... զինւորն անցնում է բանակի մսաղացով, որը կոտրում է նրան, դարձնում հնազանդ կատարող... ցանկացած հրամանի... նաեւ մարդ սպանելու... իսկ մարդ սպանելուց դժվար բան չկայ... բնութիւնը բաւարար հոգեբանական պատնեշներ է դրել, որ իրար չկոտորենք-չուտենք տեղի-անտեղի... ու բանակը ջնջում է էդ պատնեշն ու զինւորին դարձնում մեքենայ... դարձնում հրաման կատարող՝ ագրեսիւ կատարող... ուրիշ բան մարդկութիւնը, աւա՛ղ, դեռ չի հնարել...

... Էս մսաղացով անցնողի համար փոխակերպումը ահաւոր ցաւոտ է... բանակը պատանու հոգին քանդում է ու հաւաքում նորից... ցաւո՛ք, միշտ չէ, որ հաւաքում է ինչպէս հարկն է...

...էդպէս են բանակներն ու նրանց, երբեմն, փինաչի քանդող-հաւաքողները...
...համոզուելու համար բաւական է ինտերնետում փնտրել, ասենք. «army suicide rate» արտայայտութիւնը,...

...էս երեւոյթը չի խնայում ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրի բանակ... ահաւասիկ.

... Ֆրանսիական բանակում 1997-2000 թուերին տեղի է ունեցել 230 ինքնասպանութիւն՝ 18,2 հարիւր հազար զինծառայողի հաշւով... ինքնասպանութեան հիմնական միջոցը հրազէնն է՝ 51%...

... գրեթէ քառորդ միլիոնանոց գերմանական բունդեսուերում 2010թ. ինքնասպան է եղել 23 զինծառայող՝ այսինքն 100 հազարից՝ 9,2-ը...

...ԱՄՆ բանակում 2007 թուին ինքանասպան է եղել 115, 2008թ.՝ 143 2009թ.՝ 160 զինծառայող... 2009-ին ԱՄՆ բանակում արձանագրուել է նաեւ 146 մահուան դեպք՝ սպանութեան, թմրադեղերի չարաշահման եւ այլ պատճառներով...

.... 2010թ. միայն Հունիս ամսին ինքնասպան է եղել 31իսկ Հուլիսին՝ 32 զինծառայող...

…1713 ամերիկեան զինծառայող ինքնասպանութեան փորձ է արել... Աստծոյ ամէն օր, ամերիկեան հինգ զինւոր փորձում է ինքնասպան լինել... աւաղ՝ 20,2 մարդ 100 հազարից , մինչդեռ ԱՄՆ հասարակութիւմ ինքնասպանութիւնների թիւը կազմել է 19,5՝ հարիւր հազարից...

...տարածաշրջանի ամէնամարտունակ բանակներից մէկում՝ Իսրայելի բանակում վիճակը նոյնքան մտահոգիչ է... ինքնասպանութիւնն այս բանակում մահուան թիւ մեկ պատճառն է... 2005թ. իսրայելական բանակում ինքնասպան է եղել 35, 2009թ.՝ 21, իսկ 2010-ի առաջին կէսին՝ 19 զինծառայող...

...բանակներում ինքնասպանութիւնների թիւը շարունակաբար աճում է...

...մի ցաւալի փաստ եւս. զինծառայողների շրջանում ինքնասպանութիւններն թերեւս աւելի հաճախ են, քան քաղաքացիական բնակչութեան մէջ... պատճառները խորն էն...

... երբեմն լսում եմ, որ բանակում քաղաքացին «պետութեան տնօրինութեանն է հանձուած», ուստի էստեղ պետութիւնն է պատասխանատու նրա կեանքի համար ու դժբախտ պատահարներն էլ, համապատասխանաբար, պիտի աւելի քիչ լինեն, քան քաղաքացիական կեանքում... մի գուցէ, բայց բանակը, աւաղ, ազնվազարմ օրիորդների դպրոց չէ, այլ պատանու հոգեբանութիւնն ու կամքը մամլող մեքենայ, ագրեսիայի ինկուբատոր... ու միշտ չէ, որ հրամանատարներն ունեն էն պատրաստութիւնն ու պարտքի զգացումը, որ զինւորին մամլելով՝ չթոյլատրեն, որ խեղուի նրա մարմինն ու հոգին...

... սա էն գինն է, որ վճարում ենք կրակէ գնդակի տակ քարէ գնդակի վրա մեր թոռների տեղն ապահոուելու համար... ինչպէս որ վճարել են մեզանից առաջ ու վճարելու են մեզանից հետո...

Հաւատը.

...տեխնիկական տնօրէն էի... հոյները հին լիմոնադի ցեխից կոկա-կոլայի արտադրամաս էին ուզում ստանալ մինչեւ թարմ սարքաւորումը հասներ... բլած наливатели ու նոյնքան բլած խցան խփող հաստոցի բռի տակ լցուած շշերի ահագին մասը պայթում էր... ապակին ցրիւ էր գալիս չորս կողմը... բանւորներն անվտանգութեան կանոնները առանց ծեծ ուտելու պահպանել չէին սիրում... քանի գիշերները լուսացրել եմ Միքաէլեան հիւանդանոցում, մինչեւ բուժքոյրը հերթական «հերոսին» ապակեզերծում էր ու կարկատում... մինչեւ էսօր էլ վստահ եմ, որ եթէ բանւորին կարկատում են, մեղաւորը անցումն ու հին տեխնոլոգիան են, բանւորներին հետեւելու տեղը մատակարարմամբ զբաղւող տեխնիկական տնօրենը, մեկ էլ էդ անտեր ակնոցն ու թիկնոցը բրախած ու մռութը լոթիավարի ապակուն դէմ արած բանւորը...

...ամերիկացիները բանակում բռնութեան պատճառները բացայայտելու եւ զինծառայողների հոգեկան առողջութեան խնդիրները կարգաւորելու համար 400 հազար զինւորի շրջանում հետազօտութիւն են արել ու հոյս ունեն, որ բանակն ու հոգեկան առողջութեան կենտրոնը 50 միլիոն դոլար ծախսելով մինչեւ 2013 թուականը կը գտնեն ռիսկերն ու կը կարողանան կրճատել ինքնասպանութիւնների թիւը...

… ամերիկացիք, առանց քաշուելու, 2009թ. բանակում ստեղծել են «Ինքնասպանութիւների կանխման աշխատանքային խումբ» ու զեկոյց հրապարակել, ինքնասպանութիւնները կանխելու համարզինւորների, հրամանատաների, ընտանիքների, քաղաքացիականների համար դասընթացներ ուտեսանիւթեր մշակել...

... ապրեն ամերիկացիք... իրո՛ք... սովորելու բան ունենք... ինչու՞ չենք սովորում... իրենք էլ նոր-նոր են սկսել սովորել... էս ամէն ինչը մի քանի տարվայ պատմութիւն ունի ընդամենը...

...էլ ո՞ր օրվայ համար են հրապարակով խրոխտ քայլող մեր կապելանները... իրենք ահաւոր շատ բան ունեն անելու ու անելու համար շատ բան ունեն սովորելու...


... շատ բան ունենք սովորելու IDF-ից, իսրայէլացիներն էս առումով շատ բան են արել... կարծում եմ շատ բան փոխելով հող կը ստեղծենք կանանց պարտադիր զինւորական ծառայութեան ինստիտուտ ներդնելու համար...

...հայաստանի հասարակութիւնը դեռ չի հասունացել բանակից յետոյ զորացրուածների ինքնասպանութիւնների մասին խօսելու համար... կարծում եմ էս ուղղութեամբ էլ սովորելու ու անելու շատ բան ունենք...

... հաւատում եմ, որ ճանապարհը դժուար է, բայց հաղթահարելի, ուրիշները միլիոններ են ծախսում, մեզ մնում է սովորել նրանցից ու նրանց սխալներից ու հաջողութիւններից...

Օրհնութիւնը.

...փորձագէտ էի ... Տատս ամէն անգամ ինձ արտասահման ճամփայ դնելիս ասում էր. «Աստվածածինը հետդ, բալես...» Տատիս վախերը փարատելու համար կատակին էի տալիս. «ա՛յ Տատ, բայց իր համար տոմս չկայ ախր, ինքնաթիռում ոտքի վրա՞ մնայ խեղճը...» ախմախ էի, չէի հասկանում, որ աւիացիայի յուսալիութիւնից անտեղեակ տատի սիրտը ճամփայ գնացող թոռան համար իր վախն էս ձեւով փոխակերպում էր օրհնանքի, հիմա եմ հասկանում...



... հիմա հասկանում եմ որ հարազատի համար վախը օրհնանք է ծնում, ծնում է, բայց ոչ միշտ ու ոչ միայն օրհնանք... վախը օրհնանքի վերածելու համար ուժ է պետք ու միտք... ոգով ու մտքով տկարին հաճախ ուրիշ ոչինչ չի մնում, քան վախը անեծք դարձնելը...

...որովհետեւ վախենում են բոլորը, բայց իմաստունի վախը օրհնութիւն է ծնում, իսկ հիմարի վախն՝ անեծք...

... էսպէս աւելի հեշտ է... անիծելու համար մեծ սիրտ պէտք էլ չէ իսկի... միայն լեզուն էլ հերիք է...

...երբեմն էլ, անեծքն օրհնանքից առաջ է ընկնում ու օրհնանքը խեղդւում է իրենից առաջ օրհնող բերանից ելած անեծքի ծխում...

...հատկապէս, երբ անիծում են ոչ թէ մեղաւորին, այլ մի մեղաւորին հարիւր անմեղի հետը խառնելով...
... երբ անիծում են նրան, ով անեծքից անտեղեակ, խրամատի անքուն գիշերում դէմքին ամէն վայրկեան շնչող մահուան դիմաց պահպանում է անիծող-օրհնողի քունն ու հանգստութիւնը...

... բանակն անիծելը նոյնն է, ոնց կեանքի դժուարութիւններից հուսահատ՝ քեզ աշխարհ բերած մորդ հայհոյելը... որ բերել ու գցել է դարդ ու ցաւի մեջ...
... ամենից առաջ պիտի դադարենք անիծել... նաեւ՝ նվնվալ...
... սեփական փորձից եմ ասում, անեծքը բումերանգի պէս բան է, նախ հարվածում է զոհիդ, յետոյ յետ դառնում՝ գլխիդ զարկում...

... վշտերի ու վախերի ծովի դէմ պիտի զինուել ու դիմադրելով՝ վերջ տալ բոլորին...
... Էդպէս հաստատ հոգեպէս աւելի ազնիւ է, ինչպէս կասեր օղորմածիկ Համիկը...
... վերջ տալ մտքով, հաւատով ու գործելով...
... նաեւ օրհնելով...



իմաստութիւն, բանակ, կեանք

Previous post Next post
Up