Nov 26, 2008 18:02
ՇՐԽԿՈՑ
Շրխկո՛ց...
- Այս ի՞նչ ձայն էր...
- Առանձնապես ոչինչ. էլի ինչ-որ մեկին երկինք էին հանել, հիմա էլ շրխկացրին գետնին։ Սովորական երևույթ է։
- Երկինք հանե՞լը, թե՞ գետնին շրխկացնելը։
- Թե՛ մեկը, թե՛ մյուսը. այդ երկուսը, որպես կանոն, միասին են լինում։
- Դե, շրխկացնելը հասկացանք, առանց բարձրացնելու հնարավոր չէ, բայց մի՞թե չի կարող այնպես պատահել, որ մեկին հանեն երկինք, ու այնտեղ էլ մնա։
- Չէ, որքան էլ զարմանալի է, այդպես երբևէ չի լինում. բարձրացվողներն էն գլխից դատապարտված են։
- Ինչու՞։ Մի՞թե բոլորն ի վերջո արժանի են դառնում ցած շպրտվելուն։
- Ոչ, պարզապես նրանք ի սկզբանե արժանի չեն լինում բարձրացվելուն։ Ո՛չ մեկը։ Դա է ամբողջ խնդիրը։
- Իսկ ինչու՞ բարձրացնողները դա չեն հասկանում։ Ինչու՞ են բարձրացնում։
- Որովհետև նրանք միշտ կարիք ունեն երկնքից իրենց հառված հայացքների։
- Բա էլ ինչու՞ են ցած շպրտում։
- Հասկանում են, որ սխալ մարդկանց էին երկինք հանել. որ նրանք իրականում բոլորովին էլ արժանի չէին երկինք բարձրացվելուն։
- Իսկ նրանք՝ երկինք հանվողները, չե՞ն կարող կանխել դա։
- Տեսականորեն կարող են, բայց գրեթե երբեք չեն անում։
- Ինչու՞։
- Որովհետև բոլորին էլ դուր է գալիս երկնքում. իրականում դրանից հաճելի բան չկա։
- Բա գետնին շրխկալու հեռանկա՞րը։
- Բարձրացվելու հաճույքը բթացնում է հեռանկարի մասին ցանկացած միտք։
- Լավ, բայց մի՞թե բոլորն այդքան դաժան են, որ առանց խղճալու ցած են շպրտում մարդկանց։
- Չէ, ինչու՞, պարզապես նրանք այդ պահին իրենց այնքան խաբված են զգում, որ վիրավորանքից մթագնում են մնացած զգացմունքները, և մարդուն ցած շպրտելը ընկալվում է որպես ոչ այլ ինչ, քան ինքնապաշտպանություն։ Ու նույնիսկ եթե ցած շպրտվածն ընկնելու հարվածից արնաքամ լինի, իրենց վիրավորանքով տարված՝ չեն էլ նկատի։
- Իսկ պատահու՞մ է, որ նույն մարդը մեկից ավելի անգամ երկինք բարձրացվի ու ցած շպրտվի։
- Այո, շատ հաճախ։ Մարդիկ կան, որոնք կարծես դատապարտված են դրան։ Բարձրանալու հաճույքն, այնուամենայնիվ, ստիպում է մոռանալ անկման ցավը։
- Ահագին բան գիտես էդ ամեն ինչի մասին։ Եթե բոլորը քեզ նման լինեին, երևի ոչ ոք երբևէ ցած չշպրտվեր...
- Ոչ մի նման բան. պարզապես ես քիչ առաջ եմ շրխկացել վերևից... Իսկ դու ինձ արդեն այնտեղ ես ուղարկում։ Բայց չի ստացվի. դեռ ցավում է...
.........................................
Սա կոնկրետ ոչ մեկի մասին էլ չէ, բայց կարող է ցանկացած մարդու վերաբերել, ու, ցավոք, շատերին է վերաբերում...
Մարդկային հարաբերություններ,
Դիտարկումներ,
Երկխոսություններ,
Ստեղծագործական