Հեռուստացուցային հուշեր

Jul 08, 2009 13:56

Ինչ ինձ հիշում եմ, մեր տանը միշտ հեռուստացույցի խնդիր կար։ Էն որ ասում են՝ էշին փալան չեկավ, մեզ էլ՝ հեռուստացույց։ Լրիվ էդ դեպքն էր։ Մեր առաջին հեռուստացույցը գունավոր ու մեծ ստանդարտ սովետական հեռուստացույց էր։ Չեմ հիշում՝ քանի տարի մեզ ծառայեց որպես նորմալ, «առողջ» հեռուստացույց, բայց հաստատ դեռ դպրոցի ցածր դասարաններում էի սովորում, երբ ի հայտ եկան խարխլման առաջին նշանները։ Ժամանակ առ ժամանակ սկսում էր աստիճանաբար վատ ցույց տալ, ու երբ դանակը հասնում էր ոսկորին՝ պատկերների զանազանումն այլևս անհնար էր դառնում, պապայիս՝ հեռուստացույց սարքող ընկերներին էինք դիմում, որ գան, սարքեն։ Արդեն ամաչում էլ էինք դիմել, մտածում էինք՝ երևի ամեն անգամ մտքների մեջ ասում են՝ օֆ, դե սրանք էլ ե՞րբ պիտի մի նորմալ հեռուստացույց առնեն, պրծնենք։ Երկու հոգով էին գալիս միշտ։ Մի երկու ժամ բզբզում էին, հեռուստացույցը սկսում էր ընտիր ցույց տալ։ Ամեն անգամ, երբ հարցնում էինք՝ ինչքան կդիմանա, ասում էին՝ դե, մինչև հաջորդ փչանալը։ :D Էդպես էլ ապրում էինք։

Մեր հեռուստացույցը մի տարօրինակ առանձնահատկություն էլ ուներ. եթե առավոտից միացրած էր լինում, ուրեմն երեկոյան պարտադիր պիտի շունչը փչեր։ Իսկ հաջորդ առավոտյան՝ որոշակի ժամեր հանգստանալուց հետո նորից ուշքի էր գալիս։ Միշտ էդպես էր. մի ամբողջ օր անընդմեջ չէր ձգում։ Ում ասում էինք, զարմանում էին, ոչ ոք նման բան չէր լսել. իրենք ամբողջ օրը միացրած նայում էին, ու դրանից ոչինչ չէր փոխվում։ Նույնիսկ հեռուստացույց սարքողներն էին շվարած ուսները թափ տալիս, երբ էդ հարցը տալիս էինք։

Խնդիրն այն էր, որ հաճախ փչանալուց բավական երկար ժամանակ անց նոր մերոնք կանչում էին հեռուստացույց սարքողներին։ Ու մինչև էդ ահագին ժամանակ առանց հեռուստացույց էինք մնում։ Նույնիսկ Նոր տարվա օրեր ենք էդպես անցկացրել։ Հատկապես Նոր տարուն առանց հեռուստացույցի նստելն, իհարկե, տխուր էր որոշ չափով, բայց դե...

Հիշում եմ՝ մի  անգամ, երբ հետևից դզմզելուց մի պահ անտենան պատահաբար հանեցի, պարզվեց, որ առանց դրա անհամեմատ ավելի լավ է ցույց տալիս։ Դրանից հետո անտենան հանեցինք։ :D Բայց որոշ ժամանակ անց էլի սկսեց վատ ցույց տալ՝ թքած ունենալով անտենայի առկայության կամ բացակայության վրա։ Հաճախ անտենան որոշակի դիրքերում պահելով էինք ստանում մեր ուզած որակը, բայց դրա համար երբեմն որևէ մեկը ստիպված էր լինում անտենան անշարժ բռնած կանգնել հեռուստացույցի կողքին, որ մյուսները վայելեին պատկերը։ Երբեմն հեռուստացույցին ուշքի էինք բերում գլխին կամ կողերին հարվածելու օգնությամբ։ Հիշում եմ՝ մեկ-մեկ էնքան ուժեղ էի խփում, որ դաստակներս ցավում էին։ Սկզբում հարվածները բավական արդյունավետ էին, միանգամից խելոքանում էր, բայց ժամանակի ընթացքում դրանց արդյունավետությունը տխուր կերպով նվազում էր, մինչև որ հասավ զրոյի... Դաստակների ցավն էր մնում մենակ։

Ժամանակի ընթացքում մեր հոգնած հեռուստացույցը սկսեց զրկվել որոշ գույներից։ Կարմիր գույնն աստիճանաբար անհետացավ, փոխարենը ամեն ինչ կանաչավուն երանգ էր ձեռք բերել։ Բայց դե քանի դեռ քիչ թե շատ հստակ էր ցույց տալիս, էլի գոհ էինք։ Բայց հետո էկրանը սկսեց քիչ-քիչ մթնել։ Մոտ կես տարում էն օրի հասավ, որ վերջում արդեն խավարի մեջ հազիվ էինք զանազանում պատկերները, մինչև որ լրիվ սևացավ։ Բայց մենք իրեն մինչև վերջ «քամեցինք». քանի դեռ սև ֆոնի վրա ուրիշ նշույլ էլ էր զանազանվում, համառորեն նայում էինք։ Համարյա բան չէինք տեսնում, բայց, մեկ է, նայում էինք։ :D Երբ էկրանի խավարը վերջնականապես կուլ տվեց լույսի վերջին նշույլները, հերթական անգամ կանչեցինք պապայի ընկերներին։ Պարզվեց՝ էս անգամ այլևս «բուժման» ոչ մի հույս չկար. մեր զառամյալն արդեն հոգին ավանդել էր վերջնականապես... Մի կողմից, իհարկե, տխրեցինք, մյուս կողմից էլ ուրախացանք, որ ազատվեցինք էդ խարխլվածքից՝ մտածելով, որ հիմա գոնե ստիպված կլինենք նորը գնել, չնայած էդ պահին նորը գնելու ոչ մի ռեալ հույս չկար՝ հաշվի առնելով մեր ծանր ֆինանսական վիճակը։

Որոշ ժամանակ առանց հեռուստացույց ապրեցինք, մինչև որ մեր հարևաններից մեկն իր հին հեռուստացույցը մեզ տվեց։ Վերջինս գրեթե ոչնչով չէր տարբերվում մեր հանգուցյալից, էնքան, որ նույնիսկ հարազատության զգացումներ էր արթնացնում։  Բայց սա ավելի շուտ հոգին ավանդեց ու կարճ ժամանակ անց վերածվեց պատի տակ դրված աթոռասեղանատիպ մի բանի։ Հետո մեր մյուս հարևանը նոր՝ արտասահմանյան հեռուստացույց գնեց ու իրենց սովետական սևուսպիտակ հեռուստացույցը նվիրեց մեզ։ Ահագին ուրախացանք. համ էլ էս անգամ գույների փչացման հեռանկար չկար։ Նորմալ ցույց էր տալիս՝ իր համեստ գույների սահմաններում։ Հետո մի քիչ վատացավ, բայց էլի գոհ էինք։ Մեկ էլ մի օր բռնեց ու... համրացավ... Առանց պատճառի, ուղղակի հանկարծ ձայնը կորավ ու կորավ... Ոչ մի կերպ չհաջողվեց պարզել պատճառը։ Էս երևի միակ դեպքն էր, որ աստիճանաբար չեղավ։ Շոկի մեջ էինք։ Բայց դրա հնարն էլ գտանք, դե, որոշ չափով։ Մագնիտոֆոնի ռադիոյի միջոցով մի երկու ալիքի ձայներ բռնեցի, ճիշտ է, որոշները մեծ դժվարությամբ էին բռնվում։ Օրինակ, Россия-ն լրիվ հանգիստ բռնվում էր, խնդիր չկար, հետո մի կերպ կարծեմ OPT-ն էլ բռնեցի, բայց հաճախ կորում էր։ Ճիշտն ասած՝ մեզ Հ1-ն էր շատ պետք, որովհետև էդ ալիքով սերիալ էինք նայում։ :D Գտնելու ոչ մի հույս չունեի, բայց անհույս որոնումներից մեկի ժամանակ լրիվ անսպասելիորեն բռնեցի... Էդպես ռադիոն սկսեց սատարել մեր առաջին կարգի հաշմանդամ հեռուստացույցին։ Հիշում եմ՝ մի օր պապայիս ընկերներից մեկը ներս մտավ, մենք էլ նստած սերիալ էինք նայում, մեկ էլ դեմքի չջոկող արտահայտությամբ շշմած մեկ հեռուստացույցին է նայում, մեկ էլ շուրջբոլորը՝  փորձելով գտնել, թե որտեղից է գալիս մեր հեռուստացույցի ձայնը։ :D Մենք էլ սկզբից չէինք հասկանում, թե ինչից է էդպես զարմացել, դե, մենք արդեն սովորել էինք, որ մեր հեռուստացույցի պատկերն ու ձայնը տարբեր տեղերից են մատակարարվում։ Հետո շվարած ասեց. «Չհասկացա... Էս ձայնը որտեղի՞ց ա գալիս :O»։ Եվ մենք պատմեցինք մեր հեռուստացույցի անհավանական արկածները։

Հետաքրքիր է, որ մի բան ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել. վերջը էդ հեռուստացույցն էլ վախճանվեց, դրա համա՞ր նորն առանք, թե՞ ուղղակի արդեն մեզ ֆինանսապես կարող էինք թույլ տալ հեռուստացույց առնել։ Բայց ինձ թվում է՝ աղոտ հիշում եմ, որ ինչ-որ պահի, գուցե կարճ ժամանակով, մենակ ռադիոյից եկող ձայնն էինք լսում, իսկ համապատասխան պատկերները միայն պատկերացնում։ :D

Մանկություն, Հուշադարան, Ծանր ժամանակներ

Previous post Next post
Up