Մենակ կինո գնալու մասին

Jan 16, 2022 23:26


Էսօր մի տեղ ստատուս տեսա էն մասին, որ, իբր, միայնակ կինո ու ռեստորան գնացող մարդն էս կյանքում ամեն ինչ էլ ի վիճակի է անելու, ու մի դեպք հիշեցի հեռավոր ուսանողական տարիներիցս:

4-րդ թե 5-րդ կուրսում էինք: Կուրսեցի մի քանի ընկերուհիներով որոշել էինք կինո գնալ` «Մոսկվա կինոթատրոն»: Ինչ-որ կոնկրետ ֆիլմ չէինք նախատեսում նայել: Պարզապես դասերի ավարտից հետո պայմանավորվեցինք, որ կգնանք տուն ու որոշ ժամանակ անց կոնկրետ ժամի կլինենք մեր բուհի` Բրյուսովի գլխավոր մուտքի դիմաց, էնտեղից միասին կշարժվենք դեպի կինո «Մոսկվա»: Էդպես գնացի տուն, որոշ ժամանակ հետո, երբ պատրաստվում էի տնից դուրս գալ, զգացի, որ ուշանում եմ: Բայց դե էդ ժամանակ դեռ բջջային հեռախոսներ չկային, հետևաբար աղջիկներից ոչ մեկին զգուշացնել չէի կարող, տուն զանգելն էլ իմաստ չուներ, քանի որ իմ հաշվարկներով բոլորն արդեն պիտի որ տնից դուրս եկած լինեին: Դե, ի՞նչ կարող էի անել, բացի հնարավորինս արագ պայմանավորված տեղում լինել փորձելուց: Բայց տրանսպորտն էլ թարսի պես հեչ իմ կողմից չեղավ. տեղ հասա ուշացած, պայմանավորված տեղում աղջիկներից ոչ մեկին չգտա ու ենթադրեցի, որ երևի մտածել են` էլ չեմ գա, առանց ինձ գնացել են կինո, հետևաբար պետք է ուղղակի ամեն գնով հետևներից հասցնել: Ու որոշեցի ինչքան հնարավոր է` արագ վազել դեպի «Մոսկվա» կինոթատրոն` հուսալով, որ կամ ճանապարհին, կամ գոնե էնտեղ կհանդիպեմ իրենց:

Կայծակնային արագությամբ սկսեցի սլանալ դեպի կինո «Մոսկվա»: Կյանքումս էդքան երկար ճանապարհ էդպիսի արագությամբ անցած չկայի. բառացիորեն մի երկու րոպեում տեղ էի հասել: Ես էլ էի ինձ վրա զարմացել, թե ոնց կարողացա էդ ամբողջ ճանապարհն անդադար համարյա նույն արագությամբ վազել: :D Երևի կողքից էլ մարդիկ նայում էին ու մտածում, թե ով է էս խելագարը, բայց դե ես կողքերս նայելու ժամանակ չունեի, որ հաստատ իմանայի: :D Ամեն դեպքում ենթադրում եմ, որ էդպիսի արագությամբ անդադար վազող մարդը պիտի որ շատ տարօրինակ տեսարան լիներ:

Էդպես շնչակտուր մտա կինոթատրոն, առանց հետաքրքրվելու, էդ պահին սկսվող կինոյի տոմսն առա ու մտա` ենթադրելով, որ աղջիկներն արդեն դահլիճում կլինեն: Մտա, տեսնեմ` դահլիճում մի քանի անծանոթ մարդ կա, իսկ աղջիկների հետքն էլ չկա: Բայց դե արդեն տոմսն առել, մտել էի, ի՞նչ պիտի անեի, որոշեցի ամեն դեպքում նստել ու նայել կինոն: Դե հիմա էդպես էլ կպատահի, ի՞նչ կա որ. մի օր էլ կինոթատրոնում մենակ կինո կնայեմ: :)))

Կինոյի վերնագիրն իմացա, երբ արդեն սկսվեց: Billy Elliot ֆիլմն էր, որն, ի դեպ, հետագայում երբևէ ո՛չ ուրիշ առիթով տեսել եմ, ո՛չ էլ դրա մասին ընդհանրապես որևէ մեկից լսել: Ֆիլմը բալետով տարված մի տղայի մասին էր, որի հայրը խիստ դեմ էր նրա` բալետ պարելուն` ելնելով բալետ պարող տղաների մասին կարծրատիպերից: Ֆիլմի սկզբում Բիլլին դպրոցական տղա էր, իսկ վերջում` արդեն երիտասարդ: Չգիտեմ` ուրիշ ժամանակ, ուրիշ իրավիճակում նայելիս ինչ կզգայի, ոնց կգնահատեի էդ ֆիլմը, բայց էդ օրվա կինոդիտումս բացառիկ հաճելի, հուզառատ ու կլանող փորձառություն էր: Մի ուրիշ կարգի կլանված եմ նայել ամբողջ ֆիլմը: Ավարտվելուց հետո էլ էնպիսի առանձնահատուկ դրական զգացողություն ունեի. մի թեթևություն, մի անբացատրելի երջանկության, ազատության զգացողություն:

Դուրս եկա կինոթատրոնից ու էդպես գոհ ու երջանիկ գնացի տուն` մտքումս շնորհակալություն հայտնելով ընկերուհիներիս, որ ինձ էդպիսի բացառիկ հնարավորություն տվեցին, թե չէ` ես իմ հոժար կամքով հո մենակ կինո գնացողը չէի: :))) Դա մինչև հիմա միակ դեպքն է եղել, երբ մենակ կինո եմ գնացել:Հետո պարզվեց, որ աղջիկներից ամեն մեկն ինչ-որ պատճառով չէր կարողացել գալ, ու ամեն մեկը մտածել էր, որ երևի մենակ ինքն է, որ չի գնում, ու իր չգնալով բան չի փոխվի: :)))

Ֆիլմեր, Մանրապատումներ, Հուշադարան

Previous post Next post
Up