Դիտարկումներ մարզվելու հոգեբանական փուլերի մասին

Sep 10, 2021 12:46



Մարզվելու սովորությունն, ըստ իմ դիտարկումների, երեք հիմնական հոգեբանական փուլեր է ներառում, որոնք, ենթադրում եմ, կարելի է համընդհանուր համարել, այսինքն` միայն իմ դեպքում չի, որ գործում են.

1. ծանր պարտականության փուլ, երբ մարզվում ես (վարժություններ անում, վազում և այլն)` զուտ դրա անհրաժեշտության գիտակցումից դրդված, քեզ ստիպելով, տհաճությամբ, ամեն հարմար առիթով չմարզվելու պատճառներ ու արդարացումներ գտնելով: Օրինակ` էսօր մի քիչ թույլ եմ ինձ զգում, կարելի ա չմարզվել, մի քիչ ուշ եմ արթնացել, կարող ա` գործերս չհասցնեմ (իրականում լավ էլ կհասցնես. Ֆեյսբուքում աննպատակ զվռնելու փոխարեն կարող էիր մարզվել), էսօր մի տեսակ տրամադրություն չունեմ, չեմ մարզվի, և այլն: Սա այլ կերպ կարելի է անվանել չմարզվելու պատճառներ ու արդարացումներ փնտրելու փուլ (իսկ մենք գիտենք, որ փնտրողը միշտ էլ գտնում է): :)))

2. սովորության փուլ, երբ ներքուստ արդեն քիչ թե շատ հաշտվել ես մարզվելու գաղափարի հետ, մարզվում ես արդեն մեխանիկորեն ու հիմնականում կանոնավոր կերպով, չմարզվելու պատճառներ չես փնտրում, բայց լինելու դեպքում օգտվում ես այդ հնարավորությունից ու չես բողոքում:

3. մարզանքը լիարժեք քոնը դարձնելու փուլ, երբ մարզվելն արդեն ոչ միայն սովորություն է, այլև ներքին պահանջ ու նույնիսկ հաճույք, երբ առանց դրա արդեն քեզ չես պատկերացնում ու ոչ միայն պատճառներ չես փնտրում խուսափելու, այլև նույնիսկ հիմնավոր պատճառների դեպքում ամեն գնով փորձում ես չեղած տեղից հնարավորություն ստեղծել մարզվելու համար, որ թեկուզ մի օր առանց դրա չմնաս:

Շատ մարդիկ, ցավոք, լռվում են առաջին ու երկրորդ փուլերի արանքում ու էդպես էլ չեն հասնում երրորդ` երանելի փուլին: Ինքս էլ տարիներ շարունակ բազմիցս լռվել եմ էդ երկուսի արանքում ու ինչ-որ պահի լրիվ դադարեցրել (կարծում եմ` եթե չես հասել երրորդ փուլին, դադարեցնելու վտանգը միշտ էլ ինչ-որ չափով կախված է գլխիդ): Ուղղակի մտածեցի` չիմացողներին ասեմ, իմանան, որ համարյա բոլորին ծանոթ էդ առաջին երկու դժվար փուլերից հետո էդպիսի փուլ էլ է գալիս, էնպես որ, մի հուսահատվեք, մի նահանջեք, եթե արդեն սկսել եք, շարունակեք մարզվել, մինչև հասնեք էդ երրորդ` երանելի փուլին: Հաստատ չեք փոշմանի: :)))

Կենցաղ, Առօրեական, Մարզանք, Առողջ ապրելակերպ, Դիտարկումներ, Առողջություն

Previous post Next post
Up