Ընկեր Ղուկասը

Mar 11, 2019 11:05

Մանկությանս զանազան դրվագների ու երևույթների մասին շատ եմ պատմել բլոգումս, բայց պարի խմբակ հաճախելուս մասին առանձնապես չեմ խոսել, որքան հիշում եմ: Երևի որովհետև պարն ընդհանուր առմամբ իմ կյանքում մեծ տեղ չի գրավում ու իրականում երբեք էլ չի գրավել, բայց պարի հաճախելն ինձ համար մի տեսակ առանձին երևույթ էր` հավաքույթներին պարելու հետ ոչ մի առնչություն չունեցող:
Առաջին դասարանից սկսած յոթ տարի պարի եմ հաճախել: Պարի պարապմունքները շատ էի սիրում, մեծ հաճույքով էի հաճախում, էն աստիճանի, որ երբ մայրս ուզում էր ինձ ինչ-որ բանով պատժել, սպառնում էր, որ պարից կհանի ինձ: Պարապմունքներին պարելը շատ հաճելի էր, բայց խմբակից դուրս` հավաքույթներին կամ թեկուզ առանձին, երբեք չեմ սիրել պարել: Առնվազն մինչև դպրոցն ավարտելս չեմ հիշում էնպիսի դեպք, որ ինչ-որ հավաքույթի ժամանակ ես իմ հոժար կամքով վեր կենամ պարելու: Պարելս, որպես կանոն, եղել է հայկական քեֆերին հատուկ «բռնի»  կերպով, էն, որ քեզ համար հանգիստ նստած ես, մեկ էլ տղաները` դասարանցիներ լինեն, թե ազգականներ, գալիս, ձեռքիցդ բռնում, զոռով «քարշ են տալիս» պարելու, իբր, դու ամաչում ես, բայց ուզում ես, իրենք էլ, իբր, քեզ օգնում են հաղթահարել ամոթխածությունդ: Ու երբեք հաճույք չեմ ստացել էդ պարելուց, արել եմ զուտ որպես ծանր պարտականություն, որպես ինձ համար խորթ` հավաքույթ կոչվող երևույթի անխուսափելի մաս, որի մեջ հայտնվելով` պարզապես անիմաստ է դրա կանոններին չենթարկվելը:

Մեր պարի ուսուցիչը` ընկեր Ղուկասը, շատ վառ ու խարիզմատիկ կերպար էր` աշխույժ, եռանդուն ու շլացուցիչ ժպիտով: Շատ էր սիրում երեխաներին ու իր գործն ընդհանրապես, երեխաներն էլ իրեն էին շատ սիրում, ու ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները: Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի էր իրեն չսիրել: Ու չեմ հիշում, որ երբևէ որևէ մեկն իրենից ինչ-որ հարցում դժգոհ լիներ:

Ընկեր Ղուկասն էն մարդկանցից էր, որոնց, իրենց վառ պոզիտիվությամբ ու անչարությամբ պայմանավորված, անգամ ջղայնանալիս տեսնելու դեպքում մի տեսակ չես կարողանում լուրջ ընկալել էդ ջղայնությունը, նույնիսկ ծիծաղ է առաջացնում. քեզ թվում է`մարդը պարզապես փորձում է ջղայնացած ձևանալ` սաստելու նպատակով, բայց ներքուստ հեչ էլ ջղայնացած չի: Ու ես իրոք հավատում եմ, որ իր դեպքում էդպես էլ կար: Ընկեր Ղուկասի ամենակոպիտ ու վիրավորական բառը «դինջե՛ր»-ն էր, որը, որպես կանոն, ասում էր միայն հոգնակիով` ամբողջ խմբին դիմելով, երբ մեր կատարողականությունն էդ պահին իրեն չէր բավարարում: Չգիտեմ` մյուսներն ինչպես, բայց ես էդ բառը հեչ էլ վիրավորական չէի ընկալում: Ու ոչ էն պատճառով, որ ես անկախ էդ պահից ու անկախ պարից էլ` իմ բնույթով կատարյալ դինջ էի, և ուրիշների ասելով չի, որ պիտի իմանայի դրա մասին :D: Չէ, պարզապես էդ «դինջե՛ր» բառն ինքը էնպիսի նեղացած դեմքով ու թարս նայելով էր ասում, որ դրա մեջ ես միշտ ավելի շատ նեղվածություն, հիասթափություն էի զգում իր կողմից, քան մեզ վիրավորելու միտում, ու էդ բառի գործած ազդեցությունն էլ լինում էր այն, որ հաջորդ պահին փորձում էիր ընկեր Ղուկասի` քեզնից ունեցած սպասելիքներն արդարացնել, որ հանկարծ չնեղվի:

Ինչպես արդեն նշեցի, ես աներևակայելի դինջ էի, շշմած ու անջատված, ու եթե իմ կերպարի մեջ ինչ-որ բան կար, որ կարող էր ուշադրություն գրավել, դա էդ դնջությունն էր: Իսկ պարի տեղը, որտեղ նաև ֆիզիկական ակտիվություն ու արագ ռեակցիաներ են ակնկալվում, իմ դնջությունն ու անջատվածությունը, անհաղորդության ու ժպիտի կատարյալ բացակայության հետ համադրված, թերևս, ամենավառ կերպով էին դրսևորվում` հաճախ տարբեր երեխաների կողմից բուռն ռեակցիաների արժանանալով: Չեմ ուզում էդ ուղղությամբ հիմա մանրամասների մեջ մտնել ու պատմել, թե ինչ անհարմար իրավիճակներ էին լինում իմ շշմածության պատճառով, միայն ասեմ, որ իսկապես ծանր դեպք էի էդ առումով, ու թեև ահագին վիրավորական էին որոշ երեխաների` իմ հասցեին  արած զանազան ռեպլիկներն էդ թեմայով, բայց մյուս կողմից էլ, հիմա որ հետադարձ հայացք եմ գցում իմ էդ ժամանակվա կերպարի ու պահվածքի վրա, զգում եմ, որ իսկապես ահագին նյարդայնացնող տիպ եմ եղել: Բայց էդ ամենով հանդերձ, չեմ հիշում դեպք, որ ընկեր Ղուկասն ինձ վիրավորած լինի էդ պատճառով: Ինչքան էլ որ խմբակային «դինջեր» բառն օգտագործեր, երեխաների հետ անհատապես խոսելիս, դիտողություն անելիս երբեք չէր վիրավորում, որևէ կոպիտ բան չէր ասում: Երբեմն էլի իր էդ նեղացած, վրդովված տոնով կարող էր դիտողություն անել, բայց դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը կարող էր դրանից նեղանալ: Մի խոսքով` ընկեր Ղուկասը երևի իմ դնջության ամենաթունդ դրսևորումներին ու ամենամոտիկից առնչվող մարդկանցից էր, բայց միաժամանակ դրան շատ ներողամտորեն էր վերաբերվում: Նա, իհարկե, իր եռանդուն ու իմպուլսիվ խառնվածքից ելնելով` չէր կարող հանգիստ նայել դնջությանն ընդհանրապես, բայց միաժամանակ բավականաչափ նրբանկատ էր, որ որևէ երեխայի չստիպեր անհարմար զգալ: Չնայած, մյուս կողմից էլ, դա երևի նույնիսկ նրբանկատություն չէր, որովհետև էդ խառնվածքի տեր մարդկանց նրբանկատությունը սովորաբար էնքան էլ բնորոշ չի լինում. իրենք կարծես հատուկ նրբանկատ լինելու կարիք չունեն էլ, որովհետև պոզիտիվության թափը, ընդհանուր բարյացակամության աստիճանն էնքան բարձր է իրենց մեջ, որ դա մի տեսակ ծածկում է մնացած ամեն ինչը:

Ընկեր Ղուկասի հետ կապված ամենատիպիկ տեսարաններից մեկը, որ տպավորված է մեջս, կռացած կամ կքանստած դիրքում առանձին երեխաների պարը կամ շարժումները լուրջ, ուշադիր ու գնահատող հայացքով զննելու պահն է, կամ` զննող հայացքն ընդհանուր բոլորի վրայով սահեցնելը` մերթընդմերթ սրա-նրա կեցվածքը կամ դիրքն ուղղելով, երբեմն մտքի ինչ-որ փայլատակումներ ունենալով: Էդ պահերին նա համակ կենտրոնացում ու խորասուզվածություն էր դառնում:

Ամեն դասի վերջում ընկեր Ղուկասը, որպես կանոն, ժպիտը դեմքին մեզ ասում էր. «Շնորհակալություն, ցտեսություն ձեզ»: Ես էլ մտածում էի` տեսնես` ինչու՞ է ի՛նքը մեզ շնորհակալություն հայտնում, երբ մենք պիտի իրեն շնորհակալ լինենք մեզ պարել սովորեցնելու համար: Հետո ինքս ինձ որոշեցի, որ եթե ասում է, ուրեմն երևի իրոք շնորհակալ է ու հաճույք է ստանում մեզ հետ պարապելուց: Ու, ճիշտն ասած, ոչ մի պատճառ չկար էդպես չմտածելու:

Ընկեր Ղուկասի մարդկայնությունը դրսևորվում էր նաև նրանում, որ իր պարի դասերին հաճախող շատ անապահով ընտանիքների երեխաներից (էդ թվում և ինձանից) վարձ չէր վերցնում: Ընդհանրապես լսել եմ, որ շատ էր լավություններ ու զիջումներ անում տարբեր ընկերների, ծանոթների ու կիսածանոթների, ու դրա պատճառով հաճախ տուժում էր, բայց երևի իր պոզիտիվության շնորհիվ ինչ-որ կերպ դուրս էր գալիս նաև էդ վիճակներից:
Վերջին անգամ նրան երևի մի քսան տարի առաջ եմ տեսել. ուսուցիչների ինչ-որ բողոքի ցույց էր կարծեմ, մամայիս հետ գնացել էինք, էնտեղ պատահաբար իրեն էլ հանդիպեցինք. մի քիչ մեծացել էր, բայց շլացուցիչ ժպիտն ու պայծառ բարյացակամությունը տեղում էին:

Ընկեր Ղուկասի մասին գրելու ցանկություն նախկինում էլի եմ ունեցել, բայց ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել: Էսօր երազումս իրեն էի տեսել, ու դրանից ոգեշնչվեցի, մտածեցի` սրանից լավ առիթ դժվար թե լինի: Չեմ հիշում, որ մինչ այդ իրեն երբևէ երազումս տեսած լինեմ: Երազիս մեջ ինքը վերջում հայտնվեց: Ինչ-որ խառը երազ էր, որի մանրամասները չեմ հիշում, միայն հիշում եմ, որ էդ խառը վիճակներից թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես հոգնած, սպառված դուրս եմ գալիս ինչ-որ տեղից, դիմացս լայն փողոց է, որը պիտի անցնեմ: Մեկ էլ տեսնում եմ` դիմացի մայթին ընկեր Ղուկասն է: Անակնկալի եմ գալիս ու նաև զարմանում, որ ինձ ճանաչեց: Սկսում է ինձ ժպտալ: Հետո փողոցն անցնում է, մոտենում ինձ, գրկում ենք իրար: Ու էդ պահին էնքան ջերմություն ու էներգիա եմ զգում, որ հոգնածությունս ու սպառվածությունս ահագին թոթափվում է:

Հուսով եմ` ընկեր Ղուկասի հետ ամեն ինչ կարգին է: Հուսով եմ` մինչև հիմա էլ նույն սիրով ու եռանդով շարունակում է պարուսույցի իր գործունեությունը, ու որ առաջվա պես սիրված է:

Մարդիկ, Մանկություն, Հուշադարան

Previous post Next post
Up