Ես` «Վարպետների քաղաքը» հաղորդաշարի եթերում

Sep 07, 2018 15:27


Մոտ երկու ամիս առաջ, երբ Հայաստան մեկնելուն արդեն մի քանի օր էր մնացել, մեկ էլ Ֆեյսբուքում ինչ-որ անծանոթ աղջկանից նամակ ստացա, որում գրել էր, որ ինքն իմ կոլաժների նկարներն է տեսել և հետաքրքրված է աշխատանքներիս նկարահանմամբ: Պարզվեց` աղջիկը «Ար» հեռուստաընկերությունից էր և առաջարկում էր իրենց «Վարպետների քաղաքը» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանել իմ աշխատանքների հիման վրա: Առաջարկն, իհարկե, հետաքրքիր էր, ժամանակ առ ժամանակ ինձ երբեմն նույնիսկ պատկերացրել եմ նման հաղորդման հյուրի դերում, որտեղ ինձ հետ հարցազրույց կլիներ իմ աշխատանքների ու ընդհանրապես ստեղծագործական գործունեության թեմայով, բայց մյուս կողմից էլ պատկերացրի, որ ուրեմն երևի պիտի գան մեր տուն, բոլոր աշխատանքներս տեսնեն, նկարեն և այլն, իսկ ես Հայաստանում չեմ ապրում ու հաստատ չեմ կարող բոլոր աշխատանքներս հետս տանել, հատկապես որ որոշ աշխատանքների ծավալը թույլ էլ չի տա ճամպրուկի մեջ տեղավորել: Էդպես ինձ ու ինձ մտածեցի, պատկերացրի ու որոշեցի, որ չէ, չի ստացվի: Աղջկան պարզապես ասացի, որ կհամաձայնեի, բայց ես Հայաստանում չեմ ապրում, համենայնդեպս, շնորհակալություն հայտնեցի առաջարկի համար: Ինքն էլ ափսոսանք հայտնեց, ներողություն խնդրեց, էդպես խոսակցությունն ավարտվեց: Մի կողմից, իհարկե, ափսոսանքի զգացողություն մնաց, որ բաց թողեցի նման հնարավորությունը, մյուս կողմից` ինքս ինձ համոզեցի, որ Հայաստանում  չապրելս արդեն որոշում էր ամեն ինչ, էնպես որ ինձնից կախված չէր, համ էլ ես ահավոր ամաչկոտ եմ, ու զուտ էն գիտակցումից, որ ինձ կարող են բազմաթիվ մարդիկ եթերում տեսնել, էն էլ ոչ թե թռուցիկ, այլ տևական ժամանակով, արդեն մեջս լարվածություն էր առաջացնում, ու դրանից հրաժարվելը` համապատասխան թեթևացման զգացողություն:

Խոսակցությունից հետո, համենանդեպս, հետաքրքրությունից դրդված` որոշեցի որոնել էդ հաղորդման տեսագրությունները յութուբում: Մի քանիսը նայեցի, ֆորմատը տեսնելուց հետո խիղճս մի տեսակ ավելի հանգստացավ. բոլոր հաղորդումներում հերոսը նկարահանման ողջ ընթացքում աշխատելու պրոցեսի մեջ էր: Հաղորդման ֆորմատը ենթադրում էր, որ ստեղծագործողն իր արհեստանոցում կամ տան իր աշխատանքային անկյունում ինչ-որ բան պատրաստի, որը հաղորդման վերջում պետք է ավարտված լինի: Իսկ սրանք, մտածեցի, իմ դեպքում իրագործելի չեն մի քանի պատճառներով. նախ եթե ես իմ տանը չեմ, իմ աշխատանքային տարածքում չեմ` շրջապատված իմ նյութերով, գործիքներով ու պարագաներով, էլ ինչպե՞ս պիտի աշխատեմ, իսկ էդքանը հետս ԱՄՆ-ից Հայաստան քարշ տալն իրատեսական չէր թվում: Բացի դրանից, ես շատ դանդաղ եմ աշխատում. ամեն աշխատանքս սովորաբար 2-3 շաբաթ տևում է, դեռ դրանից առաջ էլ անորոշ ժամանակ է ծախսվում գաղափարը մշակելու, էսքիզներ անելու վրա: Ես էլ մի քանի օրից մեկնում եմ: Մի խոսքով` էս ամենը գիտակցելուց հետո լրիվ անհնար ու անիրական թվաց էդ առաջարկին համաձայնելը:

Դրանից կարծեմ երկու օր հետո urish-ի հետ խոսելիս պատմեցի ստացածս առաջարկի մասին, որից ստիպված եմ եղել հրաժարվել: Ինքն էլ, թե` շատ իզուր էլ հրաժարվել ես, գուցե հեչ էլ պետք չի, որ բոլոր աշխատանքներդ հետդ տանես, հնարավոր ա, որ ասեն` մի քանի աշխատանք տանես, մնացածի լուսանկարներն օգտագործեն: Մի խոսքով` ինձ համոզեց, որ էդպիսի առաջարկից չարժե հրաժարվել, հատկապես որ լրիվ ինքնիրեն է եղել ու համընկել իմ` Հայաստան գնալու հետ: Ես էլ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, մի տեսակ ուզում էի, որ ինչ-որ մեկն ինձ համոզեր չհրաժարվել ու հիմնավորեր, թե ինչու: Պիտի խոստովանեմ, որ urish-ն էդ գործը շատ լավ կատարեց, ու ես հենց տեղում նամակ գրեցի Ար-ի աղջկան` ասելով, որ եթե առաջարկը դեռ ուժի մեջ է, կուզենայի քննարկել պայմանները: Էդպես, մանրամասն հարցուփորձ արեցի, թե ինձնից կոնկրետ ինչ է պահանջվում, ու հաշվի առնելով, որ ես Հայաստանում չեմ ապրում, բայց երկու օրից գալու եմ, ինչպես պետք է կազմակերպվի էդ ամեն ինչը: Ասեց, որ իսկապես բոլոր գործերի առկայության կարիքը չկա, մի քանի լավագույններն` իմ ընտրությամբ, հետս բերեմ, մնացածի դեպքում կօգտագործեն լուսանկարները: Նաև ասեց, որ պարտադիր չէ աշխատանքս սկսեմ հենց նկարահանման ժամանակ. կարող եմ որոշ նախապատրաստական աշխատանք անել, էնտեղ էլ ինչ-որ գործ անել, կարևորը` հաղորդման ավարտին աշխատանքս արդեն պատրաստ լինի: Ես էլ մտածեցի, որ եթե նախօրոք որոշած լինեմ, թե ինչ եմ պատրաստելու, նաև ավելի կոնկրետ կիմանամ, թե ինչ նյութեր ու գործիքներ վերցնեմ հետս, էդպես պիտի որ շատ բեռ չլինի:

Բայց խնդիր, այնուամենայնիվ, կար. հենց էդ որոշելը խնդիր էր ինձ համար, որովհետև ընդամենը երկու օր ժամանակ ունեի, որի ընթացքում պիտի հասցնեի և՛ ճամպրուկ-մամպրուկ դասավորել, և՛ կոլաժի համար դիզայն մտածել: Էդ ժամանակի սղության լարվածությունից էլ ուղեղս (կամ` տվյալ դեպքում երևի ավելի ճիշտ կլինի ասել` երևակայությունս) լրիվ արգելակվել էր. բացարձակապես ոչ մի գաղափար մտքիս չէր գալիս: Իրականում ես լիքը գաղափարներ միշտ էլ ունենում եմ, գաղափարներիցս շատերի էսքիզները նույնիսկ ունեմ ալբոմներում ֆիքսած, բայց տվյալ դեպքում ինձ մի քիչ սահմանափակել էին` ասելով, որ խիստ ցանկալի է, որ պատրաստածս թափոններից լինի: Դե, տեսել էին, որ աշխատանքներիցս շատերում թափոններ եմ օգտագործել, իրենք էլ հատկապես թափոններից պատրաստված արվեստի գործերով են հետաքրքրված: Իսկ հիմա ես պիտի պատրաստեի էնպիսի բան, որը համ թափոններից լիներ, համ էլ կարճ ժամանակում հնարավոր լիներ պատրաստել: Ախր նույնիսկ մինչև նկարահանումն ընկած ժամանակը երկար չէր. Հայաստան հասնելուցս հինգ օր հետո էր նշանակված նկարահանումը: Մի խոսքով` ես էդպես էլ ոչինչ չկարողացա մտածել մինչև մեկնումը, ստիպված հետս վերցրի մի շարք նյութեր ու պարագաներ, որոնք, իմ կարծիքով, կարող էին պետք գալ, և հույսս դրեցի Հայաստանում ունեցածս էդ հինգ օրերի վրա, որոնց ընթացքում պիտի համ ստեղծագործական գաղափարը մտածեի, համ էլ հասցնեի դրա իրագործումը զգալի չափով գլուխ բերել մինչև նկարահանումը:

Էնպես ստացվեց, որ Հայաստան հասնելուց հետո առաջին երկու օրը, ինչպես և կարելի էր ենթադրել, բացարձակապես ոչինչ չկարողացա անել էդ ուղղությամբ: Իսկ դրանից հետո շատ արագ մտածեցի դիզայնը, հետո էլ մի երկու օր ժամերով աշխատելով` հասցրի իրագործել էն ամենը, ինչ անհրաժեշտ էր ունենալ նկարահանումից առաջ: Էդ օրերն ինձ համար օգտակար եղան նաև նրանով, որ վերջապես ես իրական պատկերացում կազմեցի էն մասին, թե գոնե մոտավոր ինչքան ժամանակ է ինձ պետք էս կարգի կոլաժ պատրաստելու համար: Փաստորեն, մի քանի օր օրական մի քանի ժամ ինտենսիվ աշխատելը կարող է բավարար լինել, մինչդեռ սովորական ժամանակ ես հիմնականում հնարավորություն չեմ ունենում էդպես շարունակական աշխատանք անելու, ու դրա պատճառով հնարավորություն չեմ ունեցել նաև օբյեկտիվորեն գնահատելու դրա վրա ծախսածս ընդհանուր ժամանակը: Իրականում դժվար է կցկտուր, էստեղից-էնտեղից մի կերպ պոկած ժամանակի պատառիկները մտովի իրար կցելն ու ամբողջական ժամանակահատված ստանալը: Իսկ իմ գրեթե բոլոր աշխատանքները հանգամանքների բերումով հենց էդ ձևով են արվել մինչև հիմա: Էս հաճելի բացահայտումն ինձ ահագին հույս տվեց հետագայի համար: Համ էլ սրանից հետո, երբ ինձ հարցնեն, թե ինչքան ժամանակում եմ պատրաստում մի կոլաժը, այլևս ստիպված չեմ լինի կրիայությունիցս ամաչելով` ասել` 2-3 շաբաթ: Հիմա արդեն գիտեմ, որ մաքսիմումը մի շաբաթը կարելի է համարել:

Ճիշտն ասած` ես կգերադասեի եթերում ընդհանրապես չերևալ, կուզենայի միայն ձայնս լսվեր, ու աշխատանքներս ցույց տային, բայց դե էս հաղորդման ֆորմատը, ինչպես և հաղորդումների մեծ մասինը, ենթադրում են ստեղծագործողի ներկայություն, եթե վերջինս կենդանի է: :))) Նաև դժվար էր, առնվազն ինձ համար, միաժամանակ աշխատելն ու խոսելը: Իհարկե, խնդիր չէր լինի, եթե խոսելը սովորական առօրեական խոսակցություն լիներ, բայց երբ գիտես, որ քեզ նկարահանում են հեռուստատեսությամբ ցույց տալու համար, գործը բարդանում է:

Հաղորդումը երեկ է եթեր հեռարձակվել, իսկ էսօր արդեն տեսագրությունը տեղադրվել է նաև յութուբում: Մի երկու տեղ տվածս ինֆորմացիայի թեթևակի աղավաղում է տեղի ունեցել` մի դեպքում սխալ մեկնաբանության, մյուս դեպքում` անհաջող մոնտաժի հետևանքով: Մնացած առումներով նախընտրում եմ գոնե առայժմ զերծ մնալ մեկնաբանություններից: Նայեք, եթե հավես ու ցանկություն ունեք կարծիքներ, տպավորություններ գրելու, հաճույքով կկարդամ: :)

Սա էլ տեսագրությունը.

image Click to view

Զարդեր, design, mixed media, Արվեստ, Եռաչափ արվեստ, Վիդեո, mixed media art, Մակրամե, Դիմանկարներ, Ես, Եռաչափ դիզայն, Ծաղրանկարներ, Կոլաժներ, Ձեռամոգոնվածք, Հեռուստահաղորդում, Գորգիկներ, Դիզայն, Շարֆիկներ, Քանդակներ

Previous post Next post
Up