Մտորումներ հանգստի մասին

Sep 22, 2017 22:45



Հայաստանյան գրառումներիս շարքից մի հատված որոշեցի կրճատել ու արդեն ավարտել շարքը։ Հավեսս փախավ մի տեսակ...

Էս մի գրառումը Հայաստանի հետ կապ ունի զուտ էնքանով, որ այն գրել եմ Հայաստանում եղածս ժամանակ։ Պահի տակ գլխումս ծագած մտորումներ ու դիտարկումներ, որոնք էդ պահին ինձ համար կարևոր էին ու գրի առնելու արժանի, հատկապես որ միջավայրն ու տրամադրությունս էլ բավական տրամադրում էին գրելուն։

* * *

Էն հավես պահերից է, որ ուզում ես անպայման ֆիքսել։

Աղվերանում ենք։ Մերոնք բոլորը դրսում են։ Իսկ ես մենակ նստած եմ հանգստյան տան պատշգամբում ու վայելում եմ քաղաքից դուրս լինելու անդորրը, որն առավել լիարժեք է դառնում հենց դիմացս սփռված լեռան տեսարանի շնորհիվ։ Դեռ չգիտեմ՝ նախատեսված մի քանի օրվա ընթացքում լեռան ուղղությամբ կգնանք, թե չէ, բայց հաճելի է էն գիտակցումը, որ լեռն էսքան մոտ է (էն աստիճանի, որ հայրս կատակում է, թե՝ հեսա որ բարձրանամ էս սարը, ինձ էստեղից (պատշգամբից) կնկարես)։

Ահա լեռան տեսարանը պատշգամբից.





Արդեն երկրորդ անգամն է, որ համոզվում եմ, որ լավ հանգստանալու համար հարկավոր է չունենալ կոնկրետ ակնկալիքներ, էն որ ոչինչ չես պլանավորում, պարզապես տրվում ես հոսանքին՝ ինչ ու ինչպես որ կստացվի (դե, բնականաբար, որոշ վերապահումներով)։ Ընդ որում՝ էս անգամ պարզվեց, որ դա հնարավոր է նույնիսկ փոքր երեխաների հետ, որոնցից մեկը 1 տարեկան է ու օրվա մեծ մասը գրկումդ։ Եվ այսպես, կարևոր բացահայտում. հանգիստն (առնվազն ինձ համար) այն է, երբ չունեմ կոնկրետ պլաններ, հետևաբար և դրանք իրագործելու ակնկալիքներ, որովհետև պլաններն ու ակնկալիքներն իրականացնելու ջանքերը հենց այն են, ինչն ամենաշատն է հոգնեցնում, էներգիա խլում։ Թուլանալ և տրվել հոսանքին՝ ահա լավ հանգստի գաղտնիքը։ Իսկ սրա հակառակն, իհարկե, կարող է լինել հրաշալի ժամանց՝ հետաքրքիր ու հաճելի, որը, սակայն, անձանբ ինձ համար ոչ մի կապ չունի հանգստի հետ։ Միշտ չեմ ընկալել «ակտիվ հանգիստ» երևույթը, բայց՝ ևս մեկ բացահայտում. պարզվում է՝ ակտիվ հանգիստն էլ կարող է հանգիստ լինել՝ իմ ընկալմամբ, եթե բավարարվում են առաջին բացահայտմանս պայմանները։

Բնություն, Լուսանկարներ, Հայաստան, Կենցաղ, Կարևոր, #iamtestingnewposteditor, Բացահայտումներ, Դիտարկումներ

Previous post Next post
Up