Դավիթն ու Արեգը

Sep 02, 2016 22:45


Ամիսն ավարտվեց։ Ես էլ ահագին ժամանակ է՝ ուզում եմ գրել ինձ համար էս ամսվա ու երևի նաև տարվա ամենակարևոր իրադարձության (իսկ եթե ավելի գլոբալ նայենք՝ ընդհանրապես կյանքիս ամենակարևոր իրադարձություններից մեկի) մասին։

Ամսվա սկզբին ծնվեց իմ երկրորդ բալիկը՝ Դավիթը։ Հետաքրքիր է, որ, ի տարբերություն մեծ տղայիս՝ Արեգի, իրեն դեռ հղի ժամանակս մի տեսակ պատկերացնում էի, ոչ թե արտաքինով, այլ ավելի ընդհանուր՝ որպես կերպար, ու ծնվելուց հետո էլ իրեն տեսնում ու ընկալում եմ հենց էնպիսին, ինչպիսին զգում, պատկերացնում էի դեռևս չծնված ժամանակ։ Զգացողություններս էլ որպես մամա, ահագին տարբեր են, չգիտեմ՝ ավելի հասունացել եմ էդ առումով, թե կոնկրետ երեխան էլ կապ ունի, բայց հաստատ ուրիշ են։ Դավիթն, ըստ իս, արտաքինով բավական նման է Արեգին, բայց խառնվածքով, առնվազն իմ ընկալմամբ, ուրիշ է։ Անհամբեր սպասում եմ, որ մի քիչ մեծանա, ու ավելի հստակ երևա, թե ինչքանով է զգացողությունս ճիշտ։

Արեգին, իհարկե, հղիությանս ամբողջ ընթացքում նախապատրաստել ու տրամադրել էինք ապերիկի հայտնվելուն։ Ինքն էլ, թեև համոզված եմ՝ կարգին չէր պատկերացնում ապերիկ ունենալու ազդեցությունն իր կյանքի վրա, բայց անհամբեր սպասում էր, թե երբ է ծնվելու։ Ամեն դեպքում ինչ-որ նոր ու արտասովոր իրադարձություն պիտի լիներ, իսկ երեխաները սիրում են նորություններ։

Երբ դեռ հիվանդանոցից մի քանի լուսանկար էինք ուղարկել մերոնց (մայրս ու քրոջս ընտանիքը մեր տանն էին), Արեգի առաջին ռեակցիան եղբոր նկարը տեսնելիս էսպիսին էր «Էնքան էլ դուրս չեկավ. շատ ա կարմիր, բերանն էլ տխուր ա»։ :))) Հետո, երբ տուն եկանք ու արդեն իրականում էլ տեսավ, գնահատող հայացքով նայեց, նայեց ու մի տեսակ հիասթափված-վիրավորված տոնով ասեց. «Ինչի՞ ա էսքան կարմիր, սենց շատ կարմիր գեշ ա»։ :( «Էդ կարմրությունը քիչ-քիչ կանցնի, դու էլ էիր սենց կարմիր, երբ նոր էր ծնվել, հետո անցավ»։ Բայց «քիչ-քիչ»-ն, ըստ երևույթին, Արեգը շատ լավատեսորեն էր հասկացել. նույն օրը մեկ էլ եկավ, նայեց եղբորն ու էլի հիասթափված բացականչեց. «Դեռ կարմիր ա...»։ Էդ օրը մի անգամ էլ եկավ ստուգելու ու անհամբեր-դժգոհ տոնով ասեց, որ կարմրության անցնելը շատ է ուշանում։ Ես էլ ասեցի, որ անընդհատ ստուգելն իմաստ չունի, էդքան շուտ չի անցնի, պիտի մի քիչ ժամանակ անցնի, որ գույնը փոխվի։ Դրանից հետո կարմրության առնվազն ակնհայտ ստուգումներ կարծեմ չեն եղել Արեգի կողմից։ Սկզբում, երբ դեռ քրոջս ընտանիքը մեր տանն էր, այսինքն՝ մինչև մի քանի օր առաջ, Արեգը հիմնականում տարված էր քրոջս աղջկա հետ խաղալով ու ապերիկով առանձնապես չէր հետաքրքրվում, բայց հիմա սկսել է հետաքրքրվել, հաճախ մոտենում է, ջերմություն է ցուցաբերում, փաղաքշելու ցանկություն է հայտնում, փորձում է ինչ-որ բանով ուշադրությունը գրավել։

Դավիթի ծնվելուց հետո Արեգը կտրուկ սկսեց ինձ մեծ թվալ։ Մտածում եմ՝ մինչև ծննդաբերելս է՞լ էր էսպիսին, թե՞ փոխվել է էն մի քանի օրվա ընթացքում, երբ հիվանդանոցում էի։ Հասկանում եմ, որ ինչ-որ առումով բնական է, որ նորածնի հետ համեմատության մեջ պիտի մեծ թվար, բայց մի տեսակ չափից դուրս մեծ է թվում՝ թե՛ չափերով, թե՛ ուրիշ առումներով։ Մի խոսքով՝ մինչև վերջերս ես չգիտեի, որ էսքան մեծ տղա ունեմ։ :)))

Առօրյաս կտրուկ փոխվել է. կարելի է ասել, օրվա մոտ 70 տոկոսը ես զբաղված եմ ճուտիկին կրծքով կերակրելով։ Ինքը շատ ուտում է, քիչ քնում։ Արեգն էլ է քիչ քնող եղել (թեև հիմա էլ), ու երկուսն էլ ինձ են քաշել, բայց Դավիթը չափից դուրս քիչ է քնում։ Երբեմն ստիպված եմ լինում ժամեր շարունակ համարյա անդադար կերակրել։ Երբեմն ահավոր եմ հոգնում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, հատկապես եթե գիշերն է լինում էդ ժամերով կերակրելը, երբ քունս ահավոր տանում է, բայց քնելու ձև չունեմ... Կերակրելու ընթացքում քինդլով գիրք կարդալն ահագին օգնում է թեթև տանելուն, թեև երբեմն էնքան քնկոտ եմ լինում, որ գրքին նայել էլ չեմ կարողանում։

Վատն այն է, որ Արեգի հետ զբաղվելու ժամանակ ու էներգիա էլ գրեթե չի մնում։ Բայց էն օրը մի «գյուտ» էլ արեցի. մտածեցի, որ կերակրելու ժամանակ բացի կարդալուց, երբեմն կարող եմ Արեգի հետ էլ զբաղվել։ Ահագին ժամանակ բառախաղ խաղացինք, որը հղիությանս վերջին ամսում հաճախ էինք խաղում, ինքն էլ շատ սիրում է։ Դրանով համ կարդալն է բարելավվում, համ գրելը. հերթով ինչ-որ բառ ենք պահում հայերեն, Поле Чудес-ի նման, ուղղակի մենք հենց սկզբից գրում ենք բառի առաջին երկու կամ երեք տառերը՝ կախված բառի երկարությունից, ու մյուսը պիտի կռահի, թե ինչ բառ է ու մնացած տառերը գրի դատարկ վանդակներում։ Պարտադիր չէ գրել հենց դիմացինի մտածած բառը. կարևորը տվյալ տառերով սկսվող ու նշված քանակով տառեր ունեցող բառ գրելն է։

Պետք է մտածել, թե ուրիշ ինչերով կարելի է զբաղվել կրծքով կերակրելիս... Ինչ լավ կլիներ՝ որևէ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու ձև էլ գտնեի։

Հ.Գ. Բայց քիչ քնելն ինչ վատ բան է. լրիվ կես մարդ ես դառնում. ոչ ուժ է մնում որևէ բան անելու, ոչ հավես։ Օրինակ, էս գրառումն անելու փոխարեն ես հիմա կարող էի քնել։ Բայց կյանքը չափից դուրս ձանձրալի կլինի ուտելուց, կերակրելուց ու քնելուց բաղկացած լինելու դեպքում։ Հաճախ կանգնում եմ «ուտե՞լ, թե՞ քնել» լուրջ երկընտրանքի առջև։ Չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե չէ, բայց ավելի հաճախ ընտրում եմ ուտելը...  Հա, ես շատ բկլիկ եմ դարձել։

Արեգ, Մտորումներ, Առօրեական, Զվարճալի, Դավիթ

Previous post Next post
Up