Մինիմալիզմը կյանքում (2-րդ մաս)

Jun 02, 2012 10:33


Գրառում Լեո Բաբոտայի բլոգից. 
«Բա որ հանկարծ»-ի համախտանիշը

Այս պահին ես ընտանիքիս հետ գտնվում եմ Գուամ թռչող ինքնաթիռում։ Հետս վերցրել եմ մի փոքրիկ ուսապայուսակ, մեջը՝ լափթոփս ու մի քանի փոխնորդ շոր՝ մեկամսյա ուղևորության համար։

Թեթև բեռով ճամփորդելն այնքան էլ բարդ չէ, քանի դեռ չեք բախվել «բա որ հանկարծ»-ի համախտանիշին։ Ընդհանրապես կյանքում մինիմալ իրեր ունենալը բարդ չէ, քանի դեռ ի հայտ չի եկել այս համախտանիշը։ Երևի արդեն գիտեք, թե որն է «բա որ հանկարծ»-ի համախտանիշը։ Դա այն է, երբ տարբեր իրեր պահում եք (պայուսակում, ձեր տանը կամ գրասենյակում) ոչ թե որովհետև դրանք ձեզ իսկապես պետք են, այլ որովհետև մտածում եք՝ բա որ հանկարծ պետք գան։ Բայց երբ դրան նայում ենք իրական փաստերի տեսակետից, տեսնում ենք, որ «բա որ հանկարծ»-ը նշանակում է լիքը իրեր պահել, որոնք իրականում չենք օգտագործում։ Այսպիսի մի փորձ արեք. կազմեք այն բոլոր իրերի ցուցակը, որոնք չեք օգտագործել վերջին ամիսներին, բայց որոնցից վախենում եք ազատվել՝ մտածելով՝ բա որ հանկարծ պետք գան։ Այնուհետև տեսեք, թե հաջորդ 6-9 ամիսների ընթացքում քանի անգամ եք իսկապես օգտագործում դրանք։

Վերջերս ուղևորության էի մեկնել Լոնդոն և Փարիզ բավական թեթև ուղեբեռով։ Բայց նույնիսկ այդ ժամանակ հետս վերցրել էի իրեր, որոնք չօգտագործեցի։ Կազմեցի օգտագործածս ու չօգտագործածս իրերի ցուցակը։ Հաջորդ ճամփորդությանս համար (հանգստյան օրեր Փորթլենդում) հետս վերցրի միայն այն իրերը, որոնք օգտագործել էի Լոնդոնում ու Փարիզում։ Փոքրիկ ուսապայուսակ էր, ու պարզվեց՝ հենց այն էր, ինչ պետք է։ Հիմա նույնն անում եմ Գուամի համար, թեև ուղևորությունը շատ ավելի երկար է։ Եթե պարզվի՝ ավելին է պետք, կարող եմ գնել, բայց չեմ կարծում, թե պետք լինի։ Կտեսնենք։ Ու ամբողջ հարցն էլ դա է. իզուր մի անհանգստացեք, թե պետք կգա։ Պարզե՛ք։

Աղբյուրը՝ mnmlist.com

Ապրելակերպ, Մինիմալիզմը կյանքում, Լեո Բաբոտա, Մինիմալիզմ

Previous post Next post
Up