Անգլիացի նկարիչ Ջոն Էտկինսոն Գրիմշոուն ծնվել է 1836 թ. Լիդսում։ 16 տարեկանում սկսում է աշխատել Մեծ Հյուսիսային Երկաթգծում՝ որպես գործակատար։ Լիդսում գտնվող մի քանի պատկերասրահներում ցուցադրվող նկարիչների գործերը ոգեշնչում են նրան, և դեռևս Երկաթգծում աշխատելիս սկսում է նկարել։ Ի վերջո, սերը նկարչության նկատմամբ հաղթում է, և 24 տարեկանում Գրիմշոուն որոշում է թողնել գործակատարի աշխատանքը և նկարիչ դառնալ, որի պատճառով արժանանում է ծնողների խիստ անհավանությանն ու վրդովմունքին։ Լինելով խստակյաց բապտիստներ՝ ծնողներն ամեն ինչ անում են նրան նկարչությունից հետ պահելու համար։ Մայրը մի անգամ նույնիսկ այնքան հեռուն է գնում, որ փչացնում է նրա բոլոր ներկերը։ Բայց Գրիմշոուին այդ ամենը հետ չի պահում։ Իսկ ամուսնանալուց հետո, երբ կինը լրջորեն աջակցում է նրան այդ գործում, Գրիմշոուն կարողանում է արդեն ամբողջությամբ նվիրվել նկարչությանը։
Շուտով նա դառնում է մթնշաղի, լուսնկա գիշերների, աշնանային, քաղաքային տեսարանների հմուտ վարպետ։
The Last Gleam
Autumn Morning
Մինչև վաղ 70-ականները Գրիմշոուի նկարները հիմնականում Լիդսի շրջակայքը պատկերող բնանկարներ ու նատյուրմորտներ են։ Այնուհետև նա աստիճանաբար սկսում է նկարել Լոնդոնի, Լիվերպուլի, Գլազգոուի գիշերային տեսարանները՝ դրանց մեջ ներառելով նաև շենքերի ու նավերի ուրվանկարներ։
Shipping On The Clyde
London Bridge Half Tide
Nightfall on the Thames
Humber Docks Hull
Whitby from Scotch Head
Նրա նկարներում հաճախ կարելի է տեսնել Անգլիայի արդյունաբերական քաղաքներին բնորոշ մառախուղն ու ծխամշուշը։ Գրիմշոուի նկարների համար հատկանշական է այն, որ դրանցում նկարիչը պատկերել է ժամանակակից աշխարհը՝ միաժամանակ խուսափելով արդյունաբերական քաղաքների կեղտոտ ու ճնշող ասպեկտներից։
A Lane In Headingley Leeds
Golden Light
Թեև Գրիմշուուի ամենահայտնի գործերը լուսնի լույսով ողողված քաղաքային տեսարաններն են, սակայն նա ստեղծել է նաև բնանկարներ, դիմանկարներ, ինտերիերի տեսարաններ ու հեքիաթային թեմատիկայով մի շարք նկարներ։
Roundhaylake, From Castle
Under the Harvest Moon
Forge Valley Scarborough
A Manor House in Autumn
Ghyll Beck, Barden Yorkshire, Early Spring
Նրա ստեղծած բնանկարներն աչքի են ընկնում գույն ու լույսի ճշգրտությամբ ու մանրակրկտությամբ։ Նրա պատկերած լուսային էֆեկտների վարպետությունը վկայում է այն մասին, որ նկարիչը կարողանում էր ճշգրտությամբ որսալ տեսարանի ոչ միայն արտաքին տեսքը, այլև տրամադրությունը։
The Lovers
November Afternoon Stapleton Park
Knostrop Hall, Early Morning
The Old Hall Under Moonlight
A Golden Beam
Լինելով ինքնուս ՝ Գրիմշոուն գեղանկարչության մեջ ձևավորել ու զարգացրել է իր ուրույն ոճը։ Նա հետաքրքրվում էր լուսանկարչությամբ և երբեմն նույնիսկ Օբսկուրա կամերա (լուսանկարչական խցիկի նախակարապետը) էր օգտագործում իր էսքիզները կտավին հանձնելու համար, որը նրան հնարավորություն էր տալիս մի քանի անգամ կրկնելու կոմպոզիցիաները։ Նա առաջիններից մեկն էր, որ կիրառել է այս հնարքը գեղանկարչության մեջ։ Բացի դրանից, նկարներում իր ուզած էֆեկտը ստանալու համար Գրիմշոուն ավազ և այլ նյութեր էր խառնում ներկերին։
Greenock Dock
On Hampstead Hill
Գրիմշոուն այդպես էլ իր դպրոցը չհիմնեց, թեև նրա գեղանկարները կեղծվում ու նմանակվում էին դեռևս իր կյանքի օրոք։
Նկարիչն իրենից հետո չի թողել ո՛չ նամակներ, ո՛չ օրագրային հուշեր, ինչի պատճառով նրա կյանքի ու գործունեության մասին պատկերացում կազմելու համար շատ քիչ նյութ կա։
Ջոն Էտկինսոն Գրիմշոուն մահացել է քաղցկեղից 57 տարեկան հասակում։