Sep 24, 2011 00:17
ԱԳԼՃԿ հիմնադիր նախագահը այսօր հրավիրել էր խիստ անհանդուրժող և արտակարգ հերթական նիստ: Այս առիթով մեր թղթակիցը էքսկլյուզիվ մենագրություն է վերցրել հիմնադիր նախագահից: Հաշվի առնելով նյութի հսկայական ծավալը և այն փաստը, որ մեր մանթլիի սրբագրիչը սպառնում է դիմել մարդու իրավունքների պաշտպանի թիկնապահներին, որոշեցինք նյութը հակրճել և ներկայացնել մեր մշտական «Էսքվայր-ենի.am» բաժնում:
Կյանքի կանոններ՝ ըստ Հիմնադրի
Երբեմն ինձ հարցնում են, թե ինչու եմ ես ինձ անվանում Հիմնադիր և Առաջին: Այո ես Ալֆան եմ և Օմեգան և Հիմնադիրը ցամաքի և ջրերի, և ես ձեզ դեռ ցույց կտամ, որ բարի է: Այսուհետ առաջին վեց օրը ես ննջելու եմ իմ աթոռում, իսկ յոթերորդ օրը հավաքելու եմ իմերնուս և ներշնչեմ, որ բարի է, և թող գոռան իմերնուս անունս ցամաքի ու ջրերի վրա: Եվ վերջինները կդառնան առաջիններ կամ հիմնադիրներ, իսկ առայժմ՝ հնգապետեր:
Մարդիկ ճղճիմ են և ստոր, և ես չունեմ հարգանք կամ ափսոսանք մարդու նկատմամբ: Ոչ, ես համաձայն չեմ, որ ես պարզապես վատ շրջապատ եմ ընկել: Դա քաղքենիական պարզունակ մեկնաբանություն է: Իրականությունը չի կարող այդքան ակնհայտ ու մակերեսային լինել:
Ես սիրում եմ շախմատ խաղալ, որովհետև շախմատը կրթում է կուռ տրամաբանություն և վերլուծելու ունակություն: Շախմատը զինում է մեզ ինդուկտիվ հմտություններով և թույլ տալիս սեփական փորձի միջոցով ընդհանրացումներ անել նման միավորների վրա: Այսպես ես գրեցի իմ նախավերջին հանճարեղ աշխատությունը «Նախագահը ավազակ է. Ղարաբաղը ծախել են» գլխագրով:
Առաջնային հարստացման ժամանակաշրջանը հատուկ քնքշանքով եմ հիշում: Այո, մութ էր ու ցուրտ, բայց մենք չէինք ձգտում քաղքենիական հարմարավետությունը ժողովրդի կուռքը դարձնել: Մենք միշտ երազել ենք զերծ պահել մարդկանց այդ տաքուկ խաբկանքից, և այսօր ես ուրախ եմ, որ մեր անմարդկային ջանքերի միջոցով կարողացանք փրկել մարդկանց հարմարավետության ճահճից:
Այո, Անժելա Սարգսյանն անսպասելի ցնցում էր ինձ համար, սակայն առավել քննադատ հայացքով վերընթերցելով ամերիկյան գաղտնի հաղորդագրությունները, ես հասկացա, որ դա կանխատեսելի քայլ էր իշխանությունների կողմից: «Սաութ Փարք» անիմացիոն մարգարեության դեռ այս տարվա սկզբի էպիզոդներից մեկում Սթենը բազմանշանակ նայում է ընկերուհուն և ժպտում: Ես այստեղ ակնհայտ աղերսներ եմ տեսնում Անժելա Սարգսյանի լկտի սադրանքի հետ: Ավելին կասեմ... Ես լուրջ լեզվաբանական հիմքեր ունեմ պնդելու, որ Անժելա Սարգսյանի Սարգսյան լինելը պատահական չէ:
Ես հին չեմ, ես հոգնած չեմ: Եթե ուշադիր լսեիք այսօրվա ցույցին հնչեցրած իմ պահանջները, կտեսնեիք, որ իմ հոգնած պահանջներին ավելացել էր Ֆեյսբուքի թրենդային թեմաների դայջեստ: Ես զիլ պապի եմ, յո:
ԱԳԼՃԿ,
Журнал Лошади и Гончие