Սալլի Ռունիի առաջին վեպը՝ «Զրույցներ ընկերների հետ», կարդացել եմ դեռ 2018-ի ամռանը, երբ «Նորմալ մարդիկ» լույս չէր տեսել, ու Ռունիի հաջողությունը դեռևս սահմանափակ էր, հայտնի միայն գրական նեղ շրջանակներում ու գրական փառատոնի այցելուներին։ Ու երբ կարդում էի այդ վեպը՝ Լուիզիանա գրական փառատոնին ընդառաջ, գիտեի նաև, որ շուտով երկրորդն է լույս տեսնելու՝ «Նորմալ մարդիկ»։
Իսկ Ռունին աշխարհահռչակ դարձավ իր «Նորմալ մարդիկ» վեպով, որի էկրանավորումից հետո նրան սկսեցին կարդալ նույնիսկ նրանք, ովքեր երբեք գիրք չէին բացում։ Նրան հռչակեցին
«մի ողջ սերնդի ձայն» և
«Սնափչաթի սերնդի Սելինջեր»։ «Նորմալ մարդիկ» ներկայացվեց բուքերյան մրցանակին, թեև չստացավ այն։
Այն ժամանակ քսանյոթամյա իռլանդացի Սալլի Ռունին հետաքրքիր ֆենոմեն էր, որին դժվարանում էին դասակարգել. չիկլի՞տ է (կանանց համար նախատեսված թեթև, էժանագին գրականություն), թե՞
լուրջ գրական արժեք ունի։ Ռունիի գրքերի վաճառքն անցել է միլիոնը, բայց նաև գրականագետներն են դրական գնահատական տվել (Բուքերյան մրցանակի ներկայացվելը որպես օրինակ)։ Ո՞նց է դա հնարավոր։
Ինքս էլ մեծ հաճույքով եմ կարդացել Ռունիի երկու գրքերը, ու այնքան էր դուրս եկել, որ սկսել էի աջուձախ բոլորին նվիրել, հատկապես «Զրույցներ ընկերների հետը»։ Ռունիի ձեռագիրը շատ յուրահատուկ է, էնքան լավ է գրում, որ ուզում ես անընդհատ կարդալ առանց դադարի։ Բայց նաև, այո, մեր սերնդի ձայնն է։
Աշխարհի տարբեր հատվածների միլենիալների համար է, որ սիրային հարաբերություններն ուրիշ տեսք են ստացել. ազատության արդյունքում ընտրության հնարավորություն ենք ձեռք բերել, բայց այդ ընտրության հետ նաև սխալվելու վախ։ Իսկ ինտերնետը մեծացրել է տեսականին, փոխել հաղորդակցության ձևը, ինչի արդյունքում մենք խոսում (ավելի ճիշտ, գրում ենք) շատ, բայց ոչինչ չենք ասում։ Այս ամենի արդյունքում շատ պարզ ընկերություն անել-ամուսնանալ բանաձևը խուճուճ երանգներ է ստացել, ներմուծվել են նոր տերմիններ, ինչպիսիք են «էքսկլուզիվություն» կամ դրա բացակայություն, «բաց հարաբերություններ», գոսթինգ, «օգուտով ընկերներ», «մի գիշերվա սեր» և այլն։ Ամուսնությունը դարձել է ոչ թե հարաբերության սկիզբ սկիզբ, այլ հաջողության արձանագրում, իսկ դրան հասնելը՝ տարիներ տևող երկար ճանապարհ, որը տարբեր փուլեր է անցնում՝ առանց պարտավորության դեյթինգից մինչև պաշտոնական ընկեր-ընկերուհի, միասին ապրել, գուցե նաև երեխաներ ունենալ, կամ հետուառաջ է անում, վերևում նշված տերմիններից որևէ մեկով նկարագրվում ու ավարտվում։
Միլենիալների՝ միմյանց սիրելու այս խառը ճանապարհն է, որ Սալլի Ռունին բերել է գրականություն, ու դա արել է մեծ վարպետությամբ։ «Զրույցներ ընկերների հետի» Բոբբիի ու Ֆրանսիսի, «Նորմալ մարդկանց» Քոնելի ու Մարիաննայի մեջ բազմաթիվ միլենիալներ իրենք իրենց են տեսել, իրենց ընկերներին են տեսել, իրենց չստացված հարաբերություններն են տեսել։
Ու դրա համար է, որ Ռունիի երրորդ վեպին՝ «Գեղեցիկ աշխարհ, որտե՞ղ ես»-ին, ամբողջ աշխարհը շունչները պահած էր սպասում։ Ես էլ դեռ 2018-ին «Նորմալ մարդիկ» ավարտելուց հետո սպասում էի, թե երբ Ռունիի երրորդ (այն ժամանակ դեռևս չգրված ու անանուն) վեպը լույս կտեսնի։ Դրա համար սեպտեմբերի 7-ի առավոտյան կյանքիս մեջ առաջին անգամ գրքի լույս տեսնելու օրը մտա գրախանութ, ձեռք բերեցի իմ օրինակը։
Սալլի Ռունիի երրորդ վեպն առաջին երկուսից շատ չի տարբերվում. նորից լիքը չասված բաներ, տեխնոլոգիա, սոցիալական ցանցեր, էլեկտրոնային նամակագրություն, մտքեր սոցիալիզմի մասին։ Վեպի գլխավոր հերոսուհիներից մեկը գրող Ալիսն է, որ մեծ հաջողության հասած երկու վեպերից հետո փորձում է հաշտվել իր հայտնիության հետ, տեղափոխվում Իռլանդիայի հեռավոր մի գյուղ, Թինդերով ծանոթանում է Ֆելիքսի հետ ու սկսում հետը հանդիպել։ Մյուս հերոսուհին Ալիսի մտերիմ ընկերուհի Այլինն է, որ գրական ամսագրում է աշխատում, ու իր մանկության ընկերոջ՝ Սայմոնի հետ «օգուտով ընկերներ» հարաբերություններ խաղում։
Գիրքը ոչ մի նոր բան չի ասում նախորդ երկուսի համեմատ։ Ալիսի ու Այլինի հարաբերությունները լրիվ նույնն են, ինչ Բոբիինն ու Ֆրենսիսինը «Զրույցներ ընկերների հետ»-ում, իսկ Այլինն ու Սայմոնը ճիշտ «Նորմալ մարդկանց» Մարիաննան ու Քոնելն են։ Այս նոր գրքում Ռունին կատարելագործել է էլեկտրոնային հաղորդակցությունը։ Այն, ինչ էջեր շարունակվող ձանձրալի նամակներ էին «Զրույցներ ընկերների հետ»-ում, այստեղ լակոնիկ, կոնկրետ ու հետաքրքիր տեքստեր են։ Բայց երևի սա «Գեղեցիկ աշխարհ, որտե՞ղ ես»-ի միակ առավելությունն է։
Մնացած դեպքերում Ռունին կարծես որոշել է անել այն, ինչ իր մոտ լավ է ստացվում, ու անել դա ավելի շատ։ Սեքսի տեսարանները չափից դուրս շատ են. կարծես նախորդ գրքերից ստացած քննադատությունը, թե սեքսի տեսարանները շատ զուսպ է նկարագրում, հաշվի է առել, ու դրանք ավելի բաց դարձրել այս նոր վեպում։ Ընդհնարապես, գիրքը կարելի է ամփոփել հետևյալ նախադասությամբ. «էլեկտրոնային նամակներով ընդհատվող սեքսի տեսարաններ»։
«Գեղեցիկ աշխարհ, որտե՞ղ ես» վեպի լուրջ թերություններից մեկը նաև կերպարների արհեստականությունն է։ Չորսից ոչ մեկի գոյությանը չես հավատում, նրանց քայլերն անտրամաբանական են ու չհիմնավորված, չեն բխում իրենց բնավորությունից։
Գրքի բազմաթիվ գլուխներ խիստ վորքշոփային էին. կարծես կոնկրետ գրական առաջադրանք էր լուծում, ինչն իհարկե ինքն իրենով խնդիր չէ, բայց էսպիսի առաջադրանքների արդյունքում գրքի ոճը խիստ անհամասեռ էր, բովանդակությունը՝ տեղ-տեղ կրկնվող։
Թվում է՝ «Գեղեցիկ աշխարհ, որտե՞ղ ես» գրքի առաջին սևագրում վերջին երկու գլուխները պիտի չլինեին, որովհետև այն ավարտվում է խիստ ռունիական երկիմաստ, հուզական ձևով, իսկ հետո գալիս է ևս երկու գլուխ, որ այդ վերջին տեսարանի թողած ազդեցությունը լրիվ քանդում են։
Սալլի Ռունիի այս նոր գիրքը բազմաթիվ օրինակներով կվաճառվի, չեմ կասկածում։ Գուցե նաև էկրանավորվի էլ։ Բայց այ հաջորդ գիրքը չգիտեմ՝ կկարդա՞մ, թե՞ ոչ։ Երեք հատ նույն բանն ինձ համար հերիք է։ Կուզեի, որ հաջորդ գրքերում ոչ թե ռոմանտիկ հարաբերությունների դոզան մեծացներ, այլ դասակարգային անհավասարությունն ավելի խորը քններ, ավելի առաջին պլան մղեր. ի վերջո, Ռունին թե՜ իր գրքերում, թե՜ հարցազրույցներում միշտ խոսում է իր ձախ հայացքներից, ու լինելով «միլենիալների ձայնը»՝ գուցե նաև անդրադառնա ավելի խորը, գաղափարական հարցերի։