Վերջին հինգ ամսվա մեջ առաջին անգամ մտնում եմ գրասենյակս, որ աշխատեմ։ Ոչինչ չի փոխվել. գրասեղանիս մի անկյունում կարդացված֊չկարդացված հոդվածներն են, սուրճի բաժակս ուղիղ էկրանի դիմաց, ասես հինգ րոպե առաջ էի դուրս եկել, գունավոր գրիչներս գրասեղանով մեկ շաղ տված։ Շոգ է։ Բացում եմ պատուհանը։ Այս հինգ ամիսների ընթացքում երևի ոչ ոք չի օդափոխել գրասենյակը։ Մինչև ուրբաթ կաշխատեմ գրասենյակումս, կվերադառնամ Կոպենհագեն ու հաջորդ անգամ Օրհուս ոտք կդնեմ մեկ էլ սեպտեմբերի 3֊ին՝ «էքսպերիմենտալ մեթոդներ 3» դասընթացի առաջին գործնական պարապմունքն անցկացնելու։
Կոլեգաներիս եմ տեսնում։ Միասին լանչ, սուրճ։ Ամիսների ընթացքում առաջին անգամ էս բոլորն օնլայն չէ։ Ինչ հունիսի սկզբից համալսարանը բացվել էր, նրանք բոլորը վերադարձել էին իրենց գրասենյակներ, սուրճը տեղափոխվել է իրական կյանք, իսկ ես շարունակում էի տնից աշխատել՝ զրկվելով սուրճի ընդմիջումներից։ Առաջվա պես զավզակում ենք, ու դա ավելի շատ հիշեցնում է մարտի մեր աշխատանքային վերջին օրը, երբ կորոնավիրուսի մասին սև կատակներ էինք անում, որ ճնշող մթնոլորտը ցրենք։
Իսկ Օրհուսում կյանքը եռում է։ Դանիայում վերջապես ամառ է եկել, ու բոլորը դրսում են՝ այգիներում, սրճարաններում կամ ջրանցքի ափին, իրար գլխի լցված, ասես ոչինչ չի պատահել։ Միայն ժամանակ առ ժամանակ դիմակներով անցորդների կտեսնես. մի բան, որ Կոպենհագենում խիստ հազվադեպ է հանդիպում։ Դանիայում դիմակ կրելը պարտադիր չէ, խորհուրդ է տրվում միայն հասարակական տրանսպորտում, միայն այն դեպքում, երբ մեկ մետր հեռավորություն պահպանելը հնարավոր չէ։ Դրա համար Կոպենհագեն֊Օրհուս լեփ֊լեցուն գնացքի մեր վագոնում միայն երկու հոգով էինք դիմակով։
Իսկ թվերն աճում են։
Երեկոյան Ագաթայի հետ գնում ենք գինի խմելու։ Հունվարից էս կողմ չէինք հանդիպել։ Արմունկով բարևում ենք իրար. Դանիայում բարևելու նոր ձև է գրկախառնվելու ու ձեռքսեղմման փոխարեն։ Արմունկը ֆիզիկապես լինելով ձեռքի ու ուսի արանքում՝ ֆորմալության առումով նույնպես ընկերականի ու գործնականի արանքում է։ Ընկերների հետ խիստ պաշտոնական է թվում, աշխատավայրում նոր ծանոթությունների դեպքում՝ խիստ մտերմիկ։
![](https://byurakn.files.wordpress.com/2020/08/img_20200804_223116.jpg?w=1024)
Նարնջագույն լուսին
Ես ու Ագաթան նստում ենք ջրի ափին՝ մեր միջև մեկ մետր հեռավորություն, մի շիշ սպիտակ գինի, թղթե բաժակներ, ձեռքերն ախտահանելու հեղուկ ու դիմակներ։ Զրուցում ենք ժամերով կորոնայի ժամանակներից, ինքնամեկուսացումից, մեր կյանքի նոր դրամաներից, որոնցից երկուսս էլ զերծ չէինք մնացել, դանիացիներից ու արձակուրդից։ Մեր աչքի առաջ մութը կամաց֊կամաց ընկնում է։ Երբեմն֊երբեմն նավեր են մոտենում, ու ափին զարկվող ալիքներ են առաջանում։ Հետո հայտնվում է նարնջագույն լուսինը ու դիմացի վերամբարձ կռունկների լույսերին խառնվում։ Լուսինն աչքներիս առաջ բարձրանում է վեր, ցրտում է։ Կուրտկաների մեջ կծկված՝ ես ու Ագաթան քայլում ենք դեպի քաղաք։ Ինքը նույն տանն է ապրում, ես՝ նախկինից մի քիչ վերև, մաթեմատիկայի ամբիոնի տանիքի տակ։
Դանիայում թվերն աճում են։ Թվերն է՛լ ավելի արագ աճում են Օրհուսում։ Մարդիկ մեղավորներ են փնտրում. ֆուտբոլ, համալսարանի քաղաքագիտության ամբիոնի քեֆ, սոմալի հայտնի մեկի թաղում։ Իսկ քաղաքում կյանքը շարունակվում է, ասես ոչինչ չի եղել։ Երկաթուղային ընկերությունը որոշում է նստատեղի տոմսի պահանջը հանել, ինչը նշանակում է, որ գնացքում կարող են լինել ավելի մեծ թվով մարդիկ, քան նստատեղ կա։ Մյուս շաբաթվանից ուժի մեջ էր մտնելու նաև վերաբացման չորրորդ փուլը, ինչը նշանակելու էր, որ համալսարանները լիարժեք բացվում են, գիշերային ակումբներն ու բարերը կեսգիշերից հետո աշխատելու են, հարյուրից ավելի մարդկանցով հավաքները թույլատրվելու են։
Ես ամեն օր գնում եմ աշխատանքի ու նկատում, թե ինչպես ենք մենք բոլորով կանոնները խախտում՝ հավաքվելով սենյակներում, որտեղ չպետք է լինենք, նստում աթոռների, որոնց չպետք է նստենք, թույլ տալիս, որ վերելակով մեզ հետ ևս մի հոգի բարձրանա։ Անընդհատ ստուգում եմ լուրերը՝ վախենալով, որ ուր որ է Օրհուսը կփակեն, կմնամ այստեղ։ Ճիշտ այնպես, ինչպես հինգ ամիս առաջ էի վախենում ու աշխատանքի գնում այնպես, որ կարողանայի վերջին հնարավոր գնացքը նստել ու հասնել Կոպենհագեն։
Չորեքշաբթի օրը գնում եմ լողավազան, հետո հանդիպում կին գրողների խմբին. հունիսից էս կողմ չէինք տեսնվել։ Գլուխս անտանելի ցավում է։ Վերագրում եմ շոգին ու ջրազրկմանը։ Հասնում եմ մաթեմատիկայի ամբիոնի իմ սենյակ, պառկում բազմոցին ու մինչև առավոտ քնում՝ընթացքում մտածելով, որ եթե կորոնավիրուսից լինի, ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ Օրհուսում երկու շաբաթ մեկուսանալու, երբ ընդամենը չորս օրվա պատրաստությամբ եմ եկել ու սենյակը միայն չորս օրով վարձել։ Առավոտյան գլխացավս անցած է լինում։
Հինգշաբթի օրը Օրհուսի քաղաքապետը մամլո ասուլիս է տալիս ու հայտնում, որ քաղաքում երեք տարածք, որտեղ մարդիկ սիրում են հավաքվել արևոտ եղանակին, ոստիկանության միջամտությանն են ենթարկվելու։ Թվերը շարունակում են աճել։ Հայտարարվում է, որ սեպտեմբերից համալսարանների կամպուսներում դասեր լինելու են անկախ ամեն ինչից։
![](https://byurakn.files.wordpress.com/2020/08/img_20200805_201828.jpg?w=1024)
Մաթեմատիկայի ամբիոնի տանիքի տակ
Ուրբաթ օրը Դանիայի կառավարությունը հատուկ Օրհուսի համար սահմանափակումների խորհուրդ է տալիս. գիմնազիաների դասերը երկու շաբաթով հետաձգել, հասարակական տրանսպորտում դիմակ գրելը պարտադիր, առաջիկա երկու շաբաթների ընթացքում հնարավորինս տանից աշխատել։ Մեզ նամակ է գալիս, որ սեպտեմբերից լսարաններում երեսունից պակաս ուսանողներից բաղկացած խմբերում սոցիալական հեռավորության կանոնը չի գործելու։
Երեկոյան արդեն Օրհուս֊Կոպենհագեն գնացքում եմ։ Գրեթե բոլորը դիմակով են։ Համալսարանի ղեկավարությունից նամակ է գալիս, որ առաջիկա երկու շաբաթը տնից աշխատենք։ Իսկ ես տան ճամփին եմ, ես էդպես էլ նախատեսել էի։ Ուրեմն երկուշաբթի օրվանից նորից Զումում ենք սուրճ խմելու, եթե, իհարկե, գործընկերներս չորոշեն կանոնը խախտել։
Թվերն աճում ու աճում են։
Տեսնես սեպտեմբերի 3֊ին լսարան կմտնե՞մ։