2019. էմոցիոնալ վիճակ

Jan 04, 2020 23:49


2019֊ը շատերի համար ահավոր տարի էր։ Ինձ համար էլ։ Ավելի ճիշտ, ձեռքբերումների հետ բազմաթիվ վատ բաներ եղան։

  1. Կարգին գործ - ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել անցնող տարում:
    Հպարտացել եմ տպագրածս գրքով։ Ինչ ասես չեղավ էդ ընթացքում, բայց ամեն դեպքում կարողացա ավարտին հասցնել։ Մեկ էլ հպարտացել եմ տարեվերջին չնայած բավական սթրեսված վիճակիս, շեֆերիս հստակ ու հանգիստ բացատրելով, թե ինձ ինչ ա պետք։
  2. Ներում - ինչի՞ համար կարող եմ ինձ ներել:
    Երբեմն անկողնուց դուրս գալ չկարողանալու համար
  3. Երախտիք - ինչի՞ համար եմ շնորհակալ:
    Նորից ու նորից շնորհակալ եմ Մորթենին, որ ցանկացած դժվար ու հեշտ, ուրախ ու տխուր իրավիճակում կողքիս ա եղել։ Շնորհակալ եմ նաև ընտանիքիս համար․ իրոք որ հազվադեպ բան ա սենց լավ ընտանիք ունենալը։ Ու նաև շնորհակալ եմ բոլոր կանանց, որ տարվա ընթացքում հանդիպել են ինձ․ հեռու-մոտիկ ընկերուհիներիս, կոլեգաներիս, նոր ու հին ծանոթներիս, կարդացածս կին գրողներին ու լսածս երգչուհիներին
  4. Խաղաղություն - ո՞ր պահերին եմ ամենախորը խաղաղությունը զգացել:
    Իսպանիայում Սիլվիայենց տանը, մեկ էլ Ֆրանսիայում Ալիսենց տանը։ Վայրի բնությունն ահագին թերապևտիկ ազդեցություն ուներ։
  5. Աջակցություն - ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք ամենաշատն աջակցեցին:
    Մորթենը։ Ու լիքը տարբեր կանայք։
  6. Իմ մասերը - իմ անձի ո՞ր մասերը նորովի բացահայտվեցին:
    Երևի վախս հաղորդակցությունից։ Ավելի ճիշտ, թե երբեմն ինչ ծավալների կարա հասնի մարդկանց հետ հաղորդակցությունից վախս։ Ասենք թե ոնց էի ամենահասարակ հաղորդագրությունները հազար անգամ գրում֊ջնջում ուղարկելուց առաջ։
  7. Անսպասելին - անցյալ տարում ի՞նչն ամենաշատն ինձ զարմացրեց:
  8. Հումոր - ո՞րն էր ամենածիծաղելի պատմությունը, ինչքա՞ն հաճախ եմ ծիծաղել:
    Քրոջս ծնունդը միաժամանակ թե՛ ամենաուրախ, թե՛ ամենածիծաղելի պատմությունն էր։ Մինչև հիմա էլ հենց ասում եմ քույր, դեմքիս ժպիտ ա հայտնվում։
  9. Ոլորտներ, որոնք ուշադրության կարիք ունեն - ո՞ր ոլորտներն ավելի մեծ ուշադրության կարիք ունեն:
    Իմ շահերը։ Պիտի մի քիչ իմ շահերի վրա կենտրոնանամ, որովհետև ծառայելով լիքը տարբեր մարդկանց շահերին՝ հանկարծ իմ սեփականը վերջին պլան է մղվել։
  10. Սահմաններ - ի՞նչ սահմաններ եմ դրել, որոնց մասին հպարտությամբ կխոսեի:
    Ակումբցիներից շատերից ուղղակի, առանց ձևականությունների հեռու մնալը։
  11. Տխրություն - ի՞նչն է ինձ տխրեցրել։
    Մամայիս առողջությունը։
  12. Սնունդ - ի՞նչ նոր սննդային սովորություններ ունեմ, որոնցով հպարտանում եմ:
    Առանձնապես ոչ մի։
  13. Առատաձեռնություն - որքա՞ն առատաձեռն եմ եղել այս տարի:
    Ահագին։
  14. Ուշադրություն - ինչի՞ն եմ ամենաշատն ուշադրություն դարձրել: Իսկ ամենաքի՞չը:
    Ամենաշատը կենտրոնացել եմ երկու քաղաքներում կյանքս հավասարակշռելու վրա։ Տարվա վերջին կարծես ամեն ինչ շատ ավելի հեշտ էր ստացվում տարվա սկզբի համեմատ։ Բայց դրա արդյունքում Կոպենհագենում լիքը հին ընկերական հարաբերություններ են սառել, որոնք կենդանացնելու ժամանակն ա։
  15. Կորուստ - ի՞նչ ափսոսանքներ կան, որոնք խանգարում են առաջ գնալ:
    Քանի որ 2019֊ի վերջին շատերն ավելի շատ տասնամյակից էին խոսում, ավելի շատ տասնամյակի վրա հետադարձ հայացք գցեցի։ Ու մի հետաքրքիր միտում նկատեցի. տասնամյակի ընթացքում ես երբեք որևէ աշխատանքի առաջարկ չեմ մերժել, ինչի արդյունքում իմ ուզածն անելու փոխարեն գլխիս կուտակել եմ հմտություններ ու գիտելիքներ, որոնցից գուցե լավ եմ, բայց իմ ուզածը չեն։ Թեթևակի ափսոսանք զգացի դրա համար, բայց որոշեցի փորձել 2020֊ին ուղղել դա։
  16. Ընկերություն - ի՞նչ նոր ընկերական հարաբերություններ կան, որոնց համար շնորհակալ եմ: Ի՞նչ հին հարաբերություններ կան, որոնք ինձ ուրախացնում են:
    Ագաթան ու Էնջըլը միանշանակ։ Հներից Մառլենը, Մանուն, Լիլիթը, Սոնան, Աննան, Թերեզան, Անան, Մայան, Սիլվիան, Սիրանուշը։

Նայելով առաջ

  1. Ոգևորություն - ի՞նչն է ամենաշատը ոգևորում 2020-ի մասին:
    Առանձնապես ոգևորված չեմ 2020֊ով։ Բայց երևի ամենամեծ առաջնահերթությունս էս գժական երկու քաղաքում ապրելու կյանքին վերջ տալը ու վերջապես մենակ մի քաղաքով սահմանափակվելն ա՝ լինի դա Կոպենհագեն, Օրհուս, թե ուրիշ տեղ։
  2. Նպատակներ - ի՞նչ ռեալիստական նպատակներ ունեմ:
    Մի տեսակ դժվարանում եմ հստակ նպատակներ դնել իմ առաջ, որովհետև 2020֊ն ահագին մշուշոտ ա։ Երևի հիմնական նպատակս կլինի պարզելը, թե վերջապես ինչով եմ ուզում զբաղվել իմ կյանքում ու էդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը։ Լավ, մեկ էլ մեր սերիալի առաջին սերիան նկարած ունենալը։ Կուզեի նաև ասել՝ վեպիս սևագիրը պատրաստ ունենալ, բայց գիտեմ, որ դա էլ ռեալ չէ։
  3. Աջակցություն - ի՞նչ աջակցություն ունեմ դեպի ապագա շարժվելու համար:
    Մորթենը, ինչպես միշտ։ Անան ու Մայան՝ ուոթսափով մեր մշտական չաթերի տեսքով։ Էնջըլը Կոպենհագենում։
  4. Մտքեր և գործողություններ - ի՞նչ նոր սովորություններ եմ ուզում ձեռք բերել և ամրապնդել մյուս տարի:
    Ուզում եմ ֆեյսբուք ու ակումբ շատ քիչ մտնել։ Ուզում եմ անիմաստ քննարկումների մեջ այլևս չմտնել։ Իսկ էդ ժամանակի հաշվին լիքը կարդալ։ Առայժմ ստացվում է։
  5. Դեպի անիմանալին - բացի սովորական ընտրություններից, կա՞ն այնպիսի բաներ, որ փորձելու եմ մյուս տարի: Դիմելու՞ եմ ռիսկերի, որոնցից վախենում եմ։
    Չգիտեմ։ Իմ կյանքը Դանիայում, էն էլ ակադեմիայում առանց էդ էլ բարձր ռիսկային կյանք է։ Սրանից ավելի ռիսկերի դժվար դիմեմ, եթե հանկարծ չորոշեմ Դանիայից գնալ։
  6. Ամենակարևորի մասին - եթե իմանայի, որ շատ կարճ ժամանակ է մնացել ինձ ապրելու համար, ի՞նչ կանեի:
    Սիրելի մարդկանց հետ կանցկացնեի ժամանակս։
  7. Ամենախորը երազանքները - եթե իմանայի, որ կորցնելու բան չունեմ, ինչո՞վ կուզեի զբաղվել:
    Կուզեի հանգստանալ։ Մի քանի ամիս, ուղղակի ամեն առավոտ վեր կենալ ու էդ օրը որոշել ինչով եմ ուզում զբաղվել։
  8. Ձեռքերը տարածած - ի՞նչ կուզենայի ստանալ հաջորդ տարի:
    Կուզեի հոգեպես ավելի լավ վիճակում լինել 2020֊ին, հատկապես՝ տարվա վերջին։
  9. Մաղթանքներ - ի՞նչ մաղթանքներ ունեմ ինձ և իմ շրջապատին։
    Ավելի լավ տարի, քան 2019֊ն էր։
Previous post Next post
Up