Այս տարի ամառային արձակուրդիս մի մասն Իռլանդիայում անցկացնելու մտադրությունը շատ տարօրինակ ստացվեց: Իմ բլոգի հին ընթերցողները կհիշեն տարվածությունս այդ երկրով, կհիշեն նաև
առաջին այցելությանս գրառումներն ու զանազան կիսաֆանտաստիկ պատմությունները: Ոմանց նաև ասել էի, որ անպայման էլի եմ գնալու: Ու այդ էլին եկավ երեք տարի անց շատ տարօրինակ հանգամանքներում:
Հաստատ մի տարով էլ կհետաձգեի, փոխարենը Երևանում մի շաբաթ ավել կմնայի, հաստատ ուրիշ կերպ ամառս կպլանավորեի, հաստատ վիզայի գլխացավանքի մեջ չէի ընկնի, եթե չլիներ մի փոքրիկ հանգամանք. իռլանդացի: Այս իռլանդացու մասին ես դեռ շատ կպատմեմ, որովհետև իմ կյանքում նրա հայտնվելն ահագին բան փոխեց, տակնուվրա արեց թե՛ լավ, թե՛ վատ իմաստով, ու առաջիկա տարիներում հաստատ ստեղծագործականությունս սևեռված է լինելու նրա վրա:
Նախնական ծրագիրն էր միասին Դուբլինում Դամիեն Ռայսի համերգին գնալը (երկուսս էլ այս երգչին շատ ենք սիրում), հետո մի շաբաթ ճամփորդելը: Ընթացքում բաներ փոխվեցին: Ես ասում եմ՝ փոխվեցին, դուք հասկացեք՝ ռադիկալ փոփոխություններ: Բավական է ասելը, որ արդեն տասը շաբաթ է, ինչ սույն իռլանդացուն չեմ տեսել, չնայած երկուսս էլ շարունակում ենք նույն քաղաքում ապրել: Հետևաբար, մնում էր երկու տարբերակ. Իռլանդիա ընդհանրապես չգնալ կամ գնալ մենակ: Ես ընտրեցի երկրորդը ու սկսեցի կամաց-կամաց պլանավորել:
Վիզա ստանալը, ինչպես սովորաբար, իսկական գլխացավանք է: Պիտի դափոնով փաստաթղթեր հավաքես, ներկայացնես, հետո էլ ասեն՝ չէ, աշխատանքային պայմանագիրը բավարար չէ, արձակուրդներիդ օրերը նշող թուղթ բեր, չէ, հաշվիդ մնացորդի մասին տեղեկությունը բավարար չէ, վերջին վեց ամսվա մուտքի ու ելքի թուղթ բեր:
Բայց դեսպանատան դանիացի աշխատակցուհին անսովոր շփվող էր: Երբ տեսավ հասցես, հարցրեց.
- Սա առանձնատուն է, չէ՞: Ես այս տանը մշտական այցելու էի 70-ականներին:
Հետո ընկավ հիշողությունների գիրկը. դեմքից երևաց: Բայց էլ ոչինչ չասաց:
Երեկ, երբ տարա պակասող փաստաթղթերը, ինձ հիշեց: Հարցրի, թե երբ կլինի վիզան: Սկսեց հարմարացնել, որ գնալու օրիս հնարավորինս մոտ լինի, բայց որ համ էլ դեռ Հայաստան գնացած չլինեմ:
- Հասկանու՞մ ես՝ վիզան ուժի մեջ է մտնում տալու օրվանից երեք ամսով: Եթե շուտ տանք, եթե որոշ բաներ պատահեն, չկարողանաս գնալ քո ուզած օրերին, տակը մի ամիս կմնա նորից պլանավորելու համար:
- Ինձ մեկ է,- ասացի,- եթե իմ ուզած օրերին չգնամ, էլ չեմ գնա:
- Հա, տեսնում եմ՝ համերգ ես գնում,- ժպտաց:
Հիմա նստած սպասում եմ վիզայիս: Ամբողջ մի շաբաթն արդեն մանրամասն պլանավորված է, հյուրանոցները՝ վարձված: Այս անգամ Դուբլինում քիչ եմ մնալու, ավելի շատ բնության գրկում եմ լինելու:
Հաճախ են կոլեգաներս ու ընկերներս հարցնում, թե ամառվա համար ինչ պլաններ ունեմ: Անկեղծ ասած, չեմ սիրում այդ թեմայով խոսել: Բայց երբ հարցնում են, կարճ ու կոնկրետ պատասխանում եմ, որ մի մասը Երևանում եմ անցկացնելու, մի մասը՝ Իռլանդիայում: Վերջինիս մասին լսելիս միանգամից հարցնում են, թե արդյոք որևէ մեկի ճանաչում եմ այնտեղ կամ ում հետ եմ գնալու:
- Մենակ,- պատասխանում եմ,- ու ոչ մեկի չեմ ճանաչում:
Զարմացած նայում են ինձ՝ փորձելով հասկանալ այս տարօրինակ ընտրությունս ու հատկապես վիզա ստանալու գլխացավանքը:
Իսկ իմ հիմնավորումը շատ պարզ է. գնում եմ Իռլանդիա ինքս ինձ հետ ժամանակ անցկացնելու: Վերջին ամիսներին կատարվածից հետո էդպես էլ ժամանակ չեմ ունեցել ինքս ինձ հետ մենակ մնալու, ներսս քննելու ու ցավը մինչև վերջ մաքրելու: Այս ճամփորդությունս ինչ-որ իմաստով հիշեցնելու է յոթ տարի առաջվա
Սևիլյան, որն ինձ օգնեց վերջնականապես հաղթահարել իմ կյանքի մեկ այլ դժվարին փուլ, երբ շատ ավելի երիտասարդ ու անփորձ էի:
Իռլանդիա գնում եմ առանց էլեկտրոնային միջոցների, առանց համակարգչի: Գնում եմ թուղթ ու գրիչով, թղթե քարտեզներով: Լիքը թափառելու եմ, կորելու եմ, խոսելու եմ անծանոթների հետ, նստելու եմ անծանոթների մեքենաներ: Մի խոսքով, գնում եմ արկածներ փնտրելու: